Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Պետրոս Հոկտանյան․ «Գրելուց առաջ»․ պոեզիա

 

Ժամանակների միջև

 

Այնքան համբերեցի, որ մոռացա ընդմիշտ,
Դարձա նորից ճանապարհորդն այն նախկին,
Երկնքում թողեցի թե՛ ցավ և թե՛ վիշտ,
Որ կրկին ժպտա իմ որբ կիրակին:
Այնքան ծարավեցի, ստիպված աշուն եկավ,
Մոլախոտ ծաղկեց ննջասենյակում,
Իսկ հետո մի երգ վերից ցած ընկավ,
Որ ապրի դարձյալ կրծքավանդակում:
Այնքան տարբերվեցի, որ նմանվեցի քեզ,
Ճիշտ քեզ նման երգեցի կարոտ,
Եվ մի պահ թվաց, թե գժվում եմ ես,
Որ չի բացվելու հույսի առավոտ…

 

 

*

 

Ասք կրկնվող

 

 

Երբ քաղաքների աղմուկը մարեց
Ու դադարեցին ոտնաձայները՝
Ինչ-որ մեկն էլի գիշեր նկարեց
ու դեռ չաղտոտված քո կիսաստվերը:
Շունչս շանթահար ուրուրի նման,
Վերից իջնելով` բախվեց ծնկներիս.
Ցանկացա մեռնել քո դեմ հանդիման,
Ինչպես Ռոմեոն` Ջուլիետ տեսնելիս:
Բայց մինչ մեռնելը ցանկացա պատմել,
Թե ոնց եմ ճամփան հատել առանց քեզ,
Ի՜նչ գարուններ եմ անխնա ատել
և որքա՜ն կարոտ սպանել հենց այնպես:
Կամ ոնց եմ հասել հոգուս ափերին,
Անտիկ որսորդի դեմքով հիրավի
Ու ինչ տողեր են նամշել անտեղի`
Մինչ քո թռչունը ետ գար հարավից:

 

 

*

 

Գրելուց առաջ

 

 

Ինձ թվաց ամեն բան ավարտվեց,
Երբ հույսն իմ վերջին առան ու տարան,
Չասացին անգամ, որ ծով այն թափվեց,
Եվ ինչ ալիքներ խեղդեցին նրան:
Դարձյալ լսեցի օվկիանի հևքը,
Շառաչը անգութ ժամանակների,
Հեռվում կաղկանձող շան թաղծոտ երգը,
Ծիծաղն անտառի պահապանների:
Տեսա ինչպես է մեռնում կյանքը,
Սերը վաճառվում անգամ ապառիկ
Ու ոնց են քանդում հավատի վանքը,
Երբ չունեն արդեն փրկության կարիք:

 

 

*

 

Կարոտի երաշտ

 

Սերդ դեռ բողբոջ,
Բայց հսկա մի ծառ իմ հողում բերրի,
Քայլերդ դողդոջ,
Աչքերդ լուսե, բարևդ` բարի:
Անձրևդ կաթ-կաթ,
Գետերդ՝ վարար, համբույրներիդ պես,
Գիշերդ` արծաթ,
Որտեղ քո հյուրն եմ լինում հաճախ ես:
Աղբյուրդ՝ բուժիչ,
Ամեն կաթիլը` մի Նարեկացի
Ծովացած հուշից .
Կուզեմ ափ հանել խաղդ կանացի:
Երկնքից լազուր
Ցած նետել դարձյալ ամպի մի ծվեն,
Որ դու էլ իզուր
Տեղի-անտեղի հյուսիս չչվես:

 

 

*

 

ՀՈՐՍ

 

Քո երկնքի վրա արդեն տուն եմ շինել,
Խոնարհ հասկեր փռել քո երկնքի վրա։
Թույլ տուր գոնե այսօր մի քիչ հինը լինել,
Կռվել հետդ մի քիչ, առանց զենք ու զրահ:
Զուր մի ստիպիր անցյալն իմ մոռացմամբ զինել
Կամ մտքիցս հանել քո մատները ճրագ.
Քո երկնքի վրա արդեն տուն եմ շինել,
Խոնարհ հասկեր փռել քո երկնքի վրա:

 

 

*

 

Հայտնություն

 

 

Մի օր հասկերը նորից վեր կբարձրանան
և մարդիկ կխմբվեն արտերի ճամփին,
Ծովում խեղդվողը- ցամա՜ք է կգոռա
Թիապարտն էլ՝ ազատությու՜ն։
Պոռնիկը կդառնա հասարակ կույս գրքային՝
վանելով իրենից հիստերիաները բոլոր։
Լքված հողերին կծաղկեն վարդի թփեր,
Իսկ երկինքն շա՜տ ավելի գեղեցիկ կլինի,
քան կնոջ իրանը:
Չբեր կանայք կատակով կհղիանան
և աստղեր կխոնարհեցնեն նոր գնված մանկան օրօրոցին:
Անզուսպ քամիներից քշված անգղը,
չի թառի լեշի վրա,
փոխարենը՝ նեկտար կքամի ծաղկից։
Մի օր մեկն էլի կհրամայի ջրերին կանգնել
ու կքայլի նրանց վրայով…
Կույրերը կրկին կտեսնեն,
Կաղերը՝ կքայլեն,
Մեռելները հարություն կառնեն
ու կյանքն էլի կշարունակվի…

 

 

Ընթերցել նաև