Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Պետերսիս Դրագունս. «Թույն» գրքից․ բանաստեղծություններ

Անտանելի իրականությամբ լի աշխարհում
այլևս չեն ապրում ջրահարսներ,
ու տխուր կանայք
ցած են նետվում կամուրջներից,
ու դատարկվում են քաղաքները
ոտնաձայներից չվերադարձող,
ու աստղաթափվում է սգացող երկինքը:
Ահեթեթ վճռկանությամբ
տղամարդիկ հագնում են
ձանձրալիորեն իրար հաջորդող օրերը,
որ անկողին են,
կորսված վստահությամբ
գիշերը պտտեցնում են բանալին
տան կողպեքում՝
ձևացնելով հոգնածությունը
վատնած ժամերի.
բոլորը ստում են իրար,
բոլորը վախենում են
մենակությունից մեծ քաղաքների:

*

Ես համբուրում եմ ափերիդ ցորենը:
Մարմինդ դաշտ է՝ հուլիսյան տապին:
Դու պատմում ես ինձ անհետացած հսկաների լեգենդը,
ես սիրահարվում եմ երկինք հասնող հավատիդ:
Մի ավարտվիր, աղջի՛կ,
մատներս ճանաչում են օրորվող քամիներդ,
շուրթերս հպվում են ոտքերիդ կաթին,
արի վերանանք, աղջի՛կ.
ես անբացատրելի հոգնել եմ չունենալ լուսաբացդ:

*

Քեզ ուզում եմ դանդաղ սպանել կեսգիշերին
ու տեղավորել մարմինդ իմ մեջ:
Այնտեղ՝ դատարկված դարակներում հոգու,
մենության ցեցեր կան:
Երկուսս հրեշավոր սխալվեցինք,
երկուսս վրիպեցինք աններելի:
Դու չհաշտվեցիր
բոլորի առաջ անփութորեն բաց դռներիս,
ես չկարողացա չլինել, ինչ կամ:
Աշխարհում շարունակվեց ամեն բան առանց մեզ:
Ես հիմա ամեն օր դուրս եմ գալիս տարբեր դռներից,
պատահում է՝ խնամքով փակում եմ՝
ենթադրելով վերադարձ,
պատահում է՝ շրխկացնում եմ
ու ներսում տնքացող կինը
դադարում է նայել իր աչքերին հայելում
ինձանից հետո:
Դու ինձ սպանել ես, Մատիլդա,
դու, որ հիմա անսպասելի երջանիկ ես
ու… Մայր:

*

Ինձ ոչ ոք չի սպասում տանը քեզանից հետո:
Ես վերադառնում եմ կեսգիշերին
ու սենյակների մթության մեջ
խմում դատարկության թույնը,
պառկում պաղշունչ անկողնում
ու խաբում ժամացույցի ավազը:
Շների հաչոցից կուչ են գալիս պատերն իմ տան,
բարձիս հիշողությունն է տաք մատներիդ.
դու հիմա արդեն ամենասովորական կինն ես ուրիշի,
ով մի օր եղել է ինչ-որ մեկի
ամենաերկար գիշերը,
ես հիմա արդեն ամենաթունավոր ամայությունն եմ,
ում համար ամեն լուսաբացը գթությունն է
կամ արջի ծառայությունը Աստծո:

 

 

Թարգմանությունը՝   Մարգարետ Ասլանյանի

Օգրե/Լատվիա

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև