Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Պատրիկ Արտեմի. «Թռիչք ժամանակի միջով». պատմվածք

Մի ժամանակ Մարկ Գուվերն ինքն էր պարոն – պարոնորդի, այդ լավ ժամանակներում նա ուներ ընդարձակ աշխատասենյակ, փորագրանախշ բազկաթոռ, աշխատասենյակի խորհրդավոր լռության մեջ նավարկող պատկառելի մեծության գրասեղան, քարտուղարներ և օգնականներ։ Նա մարդկանց միանձնյա ընդունում էր աշխատանքի և միանձնյա տնօրինում նրանց ուրախությունն ու տխրությունը՝ իրեն զգալով իր քաղաքի և իր նահանգի կարևոր այրերից մեկը։ Բայց լավ ժամանակները, ցավոք, հավերժական չեն, և այսօր ինքն է փնտրում աշխատանք։ Թեև Մարկն արդեն ստանում է մի կլորիկ գումարի չափ թոշակ և կարող է ապահով ապրել, բայց ուսանող թոռը, որին ծնվելու օրից շատ է սիրում, կարիքի մեջ է, և ուզում է օգնել նրան։ Մի տեղ բախտը չի ժպտում իրեն, մի տեղ ինքը չի ժպտում բախտին, և թվում էր, թե հաջողությունը երես է թեքել իրենից, բայց իրականությունն այն է, որ չնայած ազնվական տեսքին, արծաթագույն փարթամ մազերին և կարճ կտրած գեղեցիկ բեղ – մորուքին, աչքերում ծվարած տարիները մատնում են տարիքը։ Գաղտնիք չէ, որ գործատուներն էլ էն գլխից անթաքույց հակակրանք ունեն տարեց մարդկանց նկատմամբ։ Արդեն հոգնելով թափառելուց՝ Մարկն ուզում էր դադարեցնել փնտրտուքը, երբ ստացվեց տարօրինակ մի հրավեր․ զանգեցին և ասացին, որ պատրոնն սպասում է իրեն։
-Պատրոնն սպասու՞մ է ինձ,- հազիվ հաղթահարելով զարմանքը՝ հարցրեց նա։
-Այո, պատրոնն սպասում է ձեզ,- նույն անփոփոխ ձայնով պատասխանեց խոսակիցը։
«Այստեղ ինչ — որ թյուրիմացություն կա,- լսափողը դնելով ցած՝ մտածեց Մարկը,- գործարար աշխարհում հայտնի այդ մարդն անշփոթ ստեղծել է ահռելի մի հարստություն՝ բազում գործարաններով, խաղատներով ու երկնաքերերով։ Նույնիսկ անունով մարդիկ երազում են հանդիպել, խոսել իր հետ, բայց քիչ ընտրյալների է դա հաջողվում ։ Դե արի և հասկացիր, թե այդ մարդն ինչու՞ է ցանկություն հայտնել՝ տեսնել իր նման սովորական մեկին, բախտն անգամ չի կարող այդպիսի շռայլ կատակներ թույլ տալ իրեն։ Այդ անշփոթ մարդը հավանաբար ինչ — որ բան շփոթում է »։
-Սըր, դուք չե՞ք գտնում, որ սա տարօրինակ պատմություն է,- հարցրեց Մարկն իրեն դիմավորող ջենտլմենին։
-Գտնում եմ,- անվրդով պատասխանեց պաշտոնյան,- բայց ստուգված է, թյուրիմացություն չկա։ Հիմա ձեզ կտանեն իր մոտ, և վերադառնալով հենց դուք էլ մեզ կպատմեք այդ առեղծվածի մասին։
Այդ ոչ սովորական մտորումների մեջ՝ Մարկ Գուվերը չզգաց էլ , թե ինչպես երիտասարդ աշխատակցի ուղեկցությամբ շուտով հայտնվեց նշանավոր գործարարի բարձրադիր դռան առաջ, որի գլխավերևում ոսկեզօծ խոշոր տառերով գրված էր՝ « ԴԵՎԻԴ ԱՐԱՄԵԱՆ»։ Ծառայողը, որն արդեն սպասում էր դռան մոտ, հյուրին առաջնորդեց ներս։ Պատրոնը՝ բարձրահասակ, խառն սև-սպիտակ մազերով, ճակատը՝ բարձր, արծվային տպավորիչ հայացքով, մոտենալով՝ ձեռքը մեկնեց հյուրին։ Մարկը զարմանքից կորցրել էր ընկալելու ունակությունը՝ « կամ ես եմ ցնդել կամ սրանք, էս ի՞նչ թատրոն է՝ չեմ հասկանում »։
-Սըր, իմ ճաշելու ժամն է, հյուրասենյակում սեղանն արդեն պատրաստ է, եթե խնդրեմ ՝ չեք ընկերակցի՞ ինձ։
-Ո՞վ, ե՞ս․․․
Հազիվ նշմարելի մի ժպիտ անցավ պատրոնի՝ հովհարի պես խիտ թարթիչների վրայով ․
— Այո՝ դուք։
-Ճաշե՞մ ձեզ հետ։
— Խնդրանքս դա է։
— Սըր, այս երկրի բազմաթիվ հարուստ և անվանի մարդիկ միայն մի երեկո ձեզ հետ ճաշելու համար վճարում են 3-5 միլիոն դոլար, և դուք այդ միջոցները հատկացնում եք բարեգործությանը։ Հիմա ես ինչպե՞ս հասկանամ , որ ինձ նման աղքատ մարդուն, որն ընդամենը աշխատանք է փնտրում , խնդրում եք ճաշել ձեզ հետ։ Այս պահին ես ինձ տեսնում եմ Սանչո Պանսայի վիճակում , որին ձևականորեն նշանակել էին մի կղզու նահանգապետ իրենով զվարճանալու համար։
-Լավ օրինակ բերեցիք, ի դեպ, «Դոն Կիխոտն» իմ սիրած գրքերից է, բայց այսօր մոռանանք այդ մասին, դուք հիմա իմ հարգելի հյուրն եք, տեղ զբաղեցրեք սեղանի շուրջ։
Մարկ Գուվերը կյանք տեսած մարդ էր, ոչինչ անծանոթ չէր նրան, բայց այդպիսի սեղան․․․ ոչ միայն սեղանը, ուտեստներն էլ արվեստի ստեղծագործություններ էին, ճաշակի և երևակայության գլուխգործոցներ։
Ահա թե ինչպես են ապրում մեծահարուստները՝ մտքի մեջ քրթմնջաց նա և հազիվ լսելի ասաց․
-Սըր, այստեղ դրված են ուտեստներ, ինչպիսիք մեր երկրում տեսած չկամ․․․
-Ճիշտ եք,- հաստատեց պատրոնը,- երկու ինքնաթիռ աշխարհի տարբեր երկրներից բերում են տեղի ամենաընտիր մթերքները։ Ուշադրություն դարձրեք՝ ափսեների մոտ դրված են ծանոթագրություններ, որոնք տեղեկություն են տալիս տվյալ երկրի և տվյալ մթերքի մասին։ Ամեն անգամ ճաշելիս՝ կարծես թե ոտք եմ դնում այդ երկիր և կարճատև զբոսնում այնտեղ։
-Այդքան մեծ ծախսեր ամենօրյա սննդի համա՞ր,- Գուվերը չզգաց էլ, թե ինչպես այդ անզգույշ արտահայտությունը դուրս թռավ լեզվի տակից, և վախվորած թաքնվեց ինքն իր մեջ։
Տանտերն անհոգ մի թեթևությամբ նայեց Գուվերին․
-Հսկայական հարստություն եմ ստեղծել, հետս հո չեմ տանելու ․ մանր-մունր հաճույքներիս համար ես հաճախ շատ ավելի մեծ ծախսեր եմ կատարում։ Իհարկե, բիզնեսի ոսկի օրենքը խնայողությունն է, բայց այդ նշանաբանը ես արդեն թողել եմ ետևում,- և , երբ արդեն դեմդիմաց նստել էին սեղանի շուրջ, խորհրդավոր ժպիտը դեմքին՝ հարցրեց ․
-Սըր , կպատկերացնեի՞ք, որ մենք հին ծանոթներ ենք։
-Մե՞նք,- Մարկ Գուվերը խեղճությամբ վարատված մի հայացքով նայեց հարստության հանճարին, — մե՞նք,- կարծես զառանցանքի մեջ կրկնեց նա ,- սըր , դուք կամ կատակում եք կամ ինձ շփոթում՝ մեկ ուրիշի հետ։
-Ամենևին, Կիչիկան, Կարմիր Ուռենու փողոց, թիվ 1-ը հիշու՞մ եք․․․
Մարկ Գուվերն, առանց ջանք գործադրելու, նստած տեղից երկու- երեք ոտնաչափ բարձրացավ վեր․
-Աստված իմ , դուք այն հայն ե՞ք․․․ հա էլի, արդեն ճանաչեցի, բայց դուք պետք է, որ մահացած լինեիք․․․ օ՜, ներեցեք, մեծապատիվ տեր, ներեցեք ինձ, ես խելքս թռցրել եմ, էս ինչ հիմարություն եմ դուրս տալիս։
-Սըր, վատ մի զգացեք ձեզ, դուք չեք սխալվում, ճակատագրական յոթերորդ թռիչքը․․․ դուք այլ կերպ չէիք էլ կարող մտածել․․․ դժոխային գործ էր , միայն մահապարտը կարող էր գնալ դրան։ Նոր էի վերադարձել զինվորական ծառայությունից և աշխատանք էի փնտրում, երբ իմ վաղեմի ընկերներից մեկն ասաց, որ շահավետ գործի տեղ գիտի՝ պետք է կործանիչ ինքնաթիռներ տեղափոխել Կանադայից՝ Մեծ Բրիտանիա, որ վարձատրությունն արտասովոր բարձր է, բայց կյանքի ռիսկն էլ՝ շատ մեծ։ «Կյանքի ռիսկն ինչու՞ է մեծ»,- հարցրի նրան։ «Մեծ է այն պատճառով ,- ասաց նա,- որ այդ կործանիչները նախատեսված չեն շատ երկար թռիչքների համար, բայց քանի որ Անգլիան պատերազմի մեջ է, անընդհատ ինքնաթիռներ են ուղարկում այնտեղ, որ այդ երկրի երկինքը չմնա անպաշտպան, էլ չեմ ասում, որ երբեմն էլ մինչև տեղ հասնելը հարկ է լինում մարտի մեջ մտնել գերմանական կործանիչների հետ։ Քիչ չեն դեպքերը, երբ օդաչուներն իրենց գլուխը վայր են դնում Գրենլանդիայի սառույցների կամ Ատլանտյան օվկիանոսի ջրերի վրա»։ Ոչ թե աշխատանք է, այլ՝ խաղ ճակատագրի հետ։ Մի ամբողջ շաբաթ երկու Դևիդ իմ մեջ պայքարում էին միմյանց դեմ․ ինձ շատ փող էր պետք, բայց թեթև ձեռքով ո՞վ կտար այդ շատ փողը, եթե մեջն ինչ -որ մի խախուտ բան չլիներ։ Այդ դիմակայության մեջ զգուշամիտ Դևիդը շուտով պարտվեց։ Սա տիրաձիր գործ է, կորցնել չի կարելի՝ որոշեց խիզախելու պատրաստ Դևիդը։ Բայց ձեզ մոտ գալուց առաջ ես հիմնավորապես ուսումնասիրեցի օդուղին, թռիչքի լավագույն տարբերակները, քամիների տեսակները՝ պասսատներ, մուսոններ, բրիզներ, ֆյոններ․․․ ես հասկացա, որ իմ դաշնակիցը լինելու է պասսատը, որը տարվա ընթացքում միայն երկու անգամ է փոխում իր ուղղությունը՝ ձմռանը փչում է ցամաքից դեպի օվկիանոս, իսկ ամռանը՝ օվկիանոսից դեպի ցամաք։ Իմ աջակիցը ձմեռային պասսատն էր, որի հետ կատարեցի առաջին թռիչքս։
-Աստված իմ, այդպիսի աներևակայելի հնարամտությու՞ն,-Մարկ Գուվերն ակնապիշ նայում էր աղքատությունից առասպելական հարստություն դիզած արտասովոր մարդուն,- ես էլ ոչ մի
կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչի՞ շնորհիվ էիք տեղ հասնում վառելիքի զգալի խնայողությամբ, երբ ուրիշները հազիվ էին վայրեջք կատարում վառելանյութի վերջին կաթիլների հաշվին։
-Այո, իմ հարգելի Գուվեր, օգտվում էի բնության անկասելի ուժից, քամիներն էլ անսանձ նժույգների երամակներ են՝ շատ ավելի ուժգին և սրընթաց։ Ինքնաթիռով հեծնում էի քամիների երամակին և մխրճվում ժամանակի և տարածության մեջ։ Գիտեի, որ թեև Մեծ Բրիտանիան հազարավոր մղոն հեռու է ինձնից, բայց անվրեպ հանդիպելու ենք միմյանց։ Վեցերորդ թռիչքի ժամանակ հորիզոնի վրա նկատեցի ծովափնյա անպաշտպան քաղաքն ռմբահարող գերմանական մի ինքնաթիռ։ Ես կարող էի աննկատ հեռանալ՝ խուսափելով բախումից, բայց մի կարճ ակնթարթ մտածելուց հետո ինքս ինձ ասացի՝ Դևիդ, դու դա չես ների քեզ․․․ Ինքնաթիռն ուղղելով դեպի մահ սփռող կործանիչը՝ սրընթաց մոտեցա նպատակակետին և ուղարկեցի գրողի ծոցը։ Այդ առթիվ վարչապետ Չերչիլն անձամբ շնորհակալություն հայտնեց ինձ։
Դևիդ Արամեանը չինական ճենապակու նրբակերտ պնակն անշտապ մոտեցրեց իրեն, նույնը նշան անելով Գուվերին․
-Ձմեռային պասսատի սեզոնը մոտենում էր ավարտին, մեկ շաբաթ հետո փոխվելու էր քամու ուղղությունը,- շարունակեց նա,- երբ ես վերջին անգամ եկա ձեզ մոտ․․․
-Այսօրվա պես հիշում եմ ,- ընդհատելով զրուցակցին՝ ասաց Մարկ Գուվերը,- ի պաշտոնե ես պարտավոր էի խրախուսել թռիչքները, բայց չգիտեմ ինչու սիրտս առանձնահատուկ ցավում էր ձեզ համար, և, այդ օրը մոտենալով ձեզ, ասացի՝ բարեկամս, գիտե՞ք, որ արյուն է կաթում այդ փողից։ Դուք չե՞ք վախենում, որ ձեր վաստակած պատկառելի գումարն ուրիշն օգտագործի։ «Սա վերջին թռիչքն է»,- ասացիք դուք։ Ես կարգադրեցի փաստաթղթերը ձևակերպել, վճարումը կատարել, և դուք լավ տրամադրությամբ հրաժեշտ տվեցիք մեզ ։ Նույն օրն ուշ երեկոյան Անգլիայից հայտնեցին, որ ինքնաթիռը վերջին անգամ երևացել է Իռլանդիայի մոտակայքում և անհետացել տեսադաշտից։ « Սիրտն իմացել էր, իրոք վերջին թռիչքն էր»,- ասացի ես՝ ձեռքս մեկնելով վիսկիի շշին, և աչքերս լցվեցին արցունքներով։
-Այո, թանկագին Գուվեր, դա թռիչք չէր, դա կյանքի և մահվան արանքում թպրտացող երկուսի գերբնական տառապանք էր․․․
-Երկուսի՞․․․ զարմանքից լայնացան Մարկ Գուվերի ակնաբիբերը ․․․
-Այո, Գուվեր, դուք սխալ չլսեցիք, երկուսի․․․ Ես, օդանավակայանի հսկիչին մի բան վճարելով, ինձ հետ վերցրի նաև սիրածս աղջկան , որովհետև մենք միտք ունեինք հաստատվել Լոնդոնում, անձամբ ինքը՝ Չերչիլը, խոստացել էր ինձ հատկացնել անվճար բնակարան։ Լուսինս՝ լուսներես գեղեցկուհիս, երջանկությունից ճախրում էր, նույնն էլ ՝ ես։ Շտապում էինք ժամ առաջ հասնել Լոնդոն։ Յոթերորդ թռիչքն սկսվեց բարեհաջող, ինքնաթիռը, քամու երամակին հեծած, անկաշկանդ արագությամբ սլանում էր դեպի Անգլիա։ Ես քնքշաբույր և կապտաչյա Լուսինիս համար նկարում էի իդիլիկ պատկերներ՝ հավերժական սիրո գույներով։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, և հանկարծ․․․ուղեկից քամին՝ ցամաքից դեպի օվկիանոս փչող դավաճան պասսատը ժամանակից մեկ շաբաթ շուտ աչքիս առաջ փոխեց ուղղությունը, և այժմ արդեն փչում էր ոչ թե հոսընթաց, այլ դիմահայաց՝ ջարդելով, ճզմելով ինքնաթիռի արագությունը։ Մենք ոչ թե թռչում էինք , այլ՝ ճոճվում ճպուռի պես․․․ Ախար, այդպիսի բացառություն գրած չկար, ոչ մի տեղ, այլապես ես կզգուշանայի․․․ էշի գլուխ՝ անձայն կրծոտում էի ինքս ինձ, գրած չկար, ինքդ մտածեիր այդ մասին, ամեն ինչ փոխվում է, քամին ի՞նչ է , որ մնա անփոփոխ, դե հիմա սիրածդ աղջկան քո ձեռքով տար և իջեցրու մութ ջրերի անդունդը։ Տեր Աստված, էս ի՞նչ ես անում մեզ հետ, փոխում ես ամենազոր քամու ուղղությունը երկու խեղճ սիրահարների վերցնելու համա՞ր։ Օ՜ Տեր, մի՞թե սա պիտի լիներ քո անելիքը, արժե՞ր, արդյոք, կյանք շնորհել մեզ, եթե այսքան շուտ կանչելու էիր քեզ մոտ։ Անմեղ Լուսինս, դավին ու ահին անտեղյակ, աստղային երազների մեջ նիրհում էր՝ փաթաթված ինձ։ Ինքնաթիռն աստիճանաբար կորցնում էր բարձրությունն ու արագությունը, վառելիքի ցուցիչն էլ արդեն շատ հեռու չէր կարմիր գծից։ Ձեռքերս թույլ կախվել էին շտուրվալի վրա։ Օրհասական այդ ծանր պահին, Գուվեր, կհավատա՞ք, հիշեցի մանկությունս, Մեծ Հայաստանի իմ Մշո գավառը, իմ ծննդավայր Հասկ գյուղը, Մշո Սուլթան Կարապետ եկեղեցին, ուր հինգ տարեկան հասակում հայրիկիս և մայրիկիս հետ գնացել էինք ուխտի, և որը հայտնի էր որպես իղձեր կատարող, աղոթքը մեր երկնային հորը հասցնող եկեղեցի, որի վսեմական պատկերն անջնջելի դաջվել էր իմ մանկական վառ երևակայության մեջ։ Մշո Սուլթան Կարապետ՝ շշնջացի ես, Հյուսիսային կիսագնդի երկինքներից չեմ կարողանում խնդրանքս հասցնել Աստծուն։ Ճիշտ է, ես ոչ իմ կամքով հեռացել եմ քեզնից, բայց մենք ընդմիշտ պատկանում ենք միմյանց, Մշո Սուլթան, վիշտս Լուսինս է, փրկության խնդրանքս հասցրու Տիրոջը, թեև չգիտեմ էլ, թե այլևս ինչպես կարող է օգնել մեզ։
-Դև, դու ոնց որ մի քիչ տխուր լինես, ի՞նչ է եղել,- բացելով աչքերը՝ հարցրեց Լուսինը, ընդհատելով իմ ծանր մտորումները։
-Սեր իմ, սա մեր վերջին թռիչքն է,- բառերը մի կերպ կպցնելով միմյանց՝ ասացի ես։
-Դու այդ մասին ասել էիր ինձ դեռևս Կեչիկանում ․․․
-Սա արդեն ուրիշ բան է, մեր ինքնաթիռը դանդաղել է, էսպես մենք տեղ չենք հասնի։
Ինձ թվաց՝ Լուսինը սփրթնեց անսպասելի լուրից, բայց արագ տիրապետեց իրեն․
-Ինչու՞,-հարցրեց նա։
-Քամին, դավաճան քամին, որ օգնում էր մեզ, փոխեց ուղղությունը, այժմ փչում դեմից և կոտրում մեր արագությունը։ Աստված ոնց որ թե շատ համարեց երկու Լուսինը, որովհետև էն որ երկնքում է, նրա գեղեցկությունը խամրում է քոնի դեմ։
Լուսինս մի որոշ ժամանակ լուռ էր․
-Միևնույնն է,- ասաց նա,- առանց քեզ ես մեկ օր անգամ չէի կարող ապրել, շնորհակալություն Տիրոջը, որ կյանքին էլ , մահին էլ միասին ենք։
Տեղ հասնելու ոչ մի շանս չկար․ մի պահ ձեռքս ուժգին մեկնեցի դեպի շտուրվալը, որ ինքնաթիռն ուղղեմ դեպի օվկիանոսի ծանր ջրերը և մխրճվեմ մոռացության սև անդունդների մեջ, բայց հենց այդ պահին հորիզոնի վրա տեսիլքի պես երևաց ցամաքը։ Մենք ցամաքի բողբոջ ենք, ցամաքի ընձյուղ, երբ աչքդ տեսնում է ցամաքը, մարմինդ արդեն սարսռում է օվկիանոսի ջղաձիգ ջրերի անվախճան պտույտներից։ Հենց նույն վայրկյանին օվկիանոսն արդեն թշնամի և օտար էր ինձ, ցամա՜քը, միա՜յն փրկարար ցամաքը։ Դեպի Անգլիա թռիչքը ես դեռ պիտի շարունակեի օվկիանոսի վրայով, բայց, արդեն պարզ էր, որ մնալու եմ ճանապարհին, ուստի, առանց ժամանակ կորցնելու, ինքնաթիռն ուղղեցի դեպի Իռլանդիայի լեռնոտ ափերը։
-Փառք Աստծո, ահա ցամա՜քը,- ուրախությունից ճչաց Լուսինս։
Մի զգալի ժամանակ մենք թռչում էինք լեռների և կիրճերի վրայով, թեև գլուխս կորցրել էի, բայց կամքի ուժով Լուսինիս հարցերին տալիս էի հուսադրիչ պատասխան։ Լեռները չէին վերջանում, առջևում ոչ մի լավ բան չէր երևում, վառելանյութն էլ արդեն մոտ էր սպառվելուն։ «Տեր,- խլված ձայնով շշնջացի ես ,- ավելի լավ չէ՞ր՝ թողնեիր, որ մեր հանգիստը գտնեինք օվկիանոսի խորքում, ինչու՞ ցույց տվեցիր ցամաքը, որ գել ու գազանի բաժին դառնա՞նք էս չոլերում»։ Ես դեռ չգիտեի, որ Մշո Սուլթան Կարապետը, որը չընդհատվող կապի մեջ է Տիեզերքի և կյանքի Տիրոջ հետ, արդեն իմ խնդրանքը հասցրել էր նրան․ «Օ՜, ամենակարող Տեր, Դու գիտես, որ Նեռի ձեռքով իմ հոտը ցրվել է բոլոր չորս ծագերն աշխարհի։ Հենց այս պահին Հասկեցի Դավիթ որդիս Հյուսիսային կիսագնդի երկինքներում աղետի մեջ է, ժամանակ չունի սպասելու, թող բոլոր գործերդ և օգնության հասիր նրան»։ Այն պահին, երբ արդեն հուսահատությունն ու անխուսափելին տիրել էին ինձ, Աստված նույն վայրկյանին ուղարկեց Հրաշքը ․ լեռները քաշվեցին ետ, և մեր դեմ բացվեց տեսիլքի պես գեղեցիկ, կանաչ մի դաշտ՝ շատ նման թռիչքուղու։
-Լուսին, նայիր ցած,- հուզմունքից խեղդվող ձայնով ասացի ես,- տեսնու՞մ ես այնտեղ կանաչ դաշտ, թե՞ աչքիս է երևում։
-Կա, տեսնում եմ, կա, կարո՞ղ ես իջնել այնտեղ։
-Լուսինս, մենք ընտրություն չունենք, եթե տեսապատրանք էլ լինի, պիտի իջնեմ՝ վրան, կամ կապրենք, կամ կմիանանք այդ ցնորքին։
Աստծո կարեկցանքը մեզ հետ էր․ ծանր հոգնություն և մշուշ կար քունքերիս և աչքերիս մեջ, չհասկացա՝ մահվան տապանն ի՞նքը, ե՞ս, թե՞ մեկ ուրիշն իջեցրեց կանաչ դաշտում։ Արդեն մոտենում էր երեկոն, և մենք անշարժ գիշերեցինք ինքնաթիռի մեջ։ Առավոտյան , երբ արթնացանք, զարմանքից չէինք կարողանում ուշքի գալ՝ կանաչ, գեղեցիկ դաշտը չկար, եղած-չեղածը երեք-չորս մետր լայնությամբ կարկատանի պես մի բան էր՝ կպած անդունդի բերանին։ Ապշած նայում էինք՝ ու՞ր անհետացավ դաշտը․ Աստված է՞ր ժամանակավոր բացել մեր վայրէջքի համար, թե՞ մենք էինք հուսահատության մեջ ներշնչել մեզ՝ այդպես էլ չհասկացանք։ Նայեցի քարտեզը՝ մոտակա բնակավայրը գտնվում էր 150 մղոն հեռավորության վրա։ Մենք երկար ճանապարհ ունեինք անցնելու։ Ինչ կարող էինք՝ վերցրինք մեզ հետ և ճանապարհ ընկանք։ Տեղանքը շատ խրթին էր և դժվարանցանելի՝ միմյանց հաջորդող լեռներ ու խոր կիրճեր, քարամրրիկներ ու վիժանուտներ, խճապատ զառիվայրեր ու սորաններ ․ օրական հազիվ էինք հաղթահարում տասից — տասնհինգ մղոն ճանապարհ։ Մեր, կարծես թե, վերջ չունեցող ճանապարհին, խոր կիրճերից մեկում մեր դեմ հայտնվեց հսկա մի արջ՝ քոթոթների հետ։ Մի այլ դեպքում կարող էր հեռու մնալ մեզնից, բայց ձագերին պաշտպանելու բնազդը արջին մղեց առաջ։ Ատրճանակի երկու կրակոցը , որ հազիվ հասցրի կատարել, արջին չտապալեց գետին։ Ամեհի գազանը նետվեց առաջ, մինչ դաշույնը կխրեի կոկորդը, հասցրեց ծվատել թիկունքս։ Բժշկուհի Լուսինս կտրեց արյունահոսությունը, վիրակապ դրեց, ես իրեն հենվելով շարունակեցինք ճանապարհը։ Միայն երկու շաբաթ անց հասանք ամենամոտիկ բնակավայրը, որտեղից էլ վերադարձանք տուն։
Հարգելի Գուվեր, այսօր ո՞վ կհաատա, որ Դևիդ Արամեանն անցել է այսպիսի տառապանքների միջով, երբ շատերին թվում է, թե բախտի երեսառածներից մեկն եմ ես։
-Սըր, բայց հնարավո՞ր է հավատալ, որ ձեր ահռելի հարստությունն ստեղծել եք ինքնաթիռների տեղափոխման համեստ գումարով, — հարցրեց Մարկ Գուվերը։
-Բարեկամս, ստիպված պիտի լինեք հավատալ,- վերստին անհոգ մի ժպիտ քսվելով անցավ միլիարդատիրոջ հովհարի պես խիտ թարթիչների վրայով,- այդ նախնական գումարով վեց հաջողված բիզնես եմ դրել և վեցն էլ վաճառել բարձր գներով։ Իսկ յոթերորդը,- նորից յոթ՝ քթի տակ քմծիծաղեց Դևիդ Արամեանը,- պահել եմ ինձ, որն, ինչպես տեսնում եք, ամենահաջողվածն է։

***
-Այօր երջանիկ օր է ինձ համար,- ճաշավարտին ոտքի կանգնելով՝ ասաց Մարկ Գուվերը,- ես իմացա, որ իմ սիրելի հայ օդաչուն, որի համար սիրտս մխում էր մինչև հիմա, կենդանի է, և իր հազվագյուտ հանճարով ստեղծել է այնպիսի կայսրություն, որը մեկ ուրիշը հազիվ թե երբևիցե ի վիճակի լինի կրկնելու։ Սըր, ես կարո՞ղ եմ հրաժեշտ տալ Ձեզ և ուրախ սրտով վերադառնալ տուն։
-Ոչ,- ձեռքը բարեկամաբար մեկնելով Մարկ Գուվերին՝ ասաց Դևիդ Արամեանը,- դուք կարող եք ասել՝ ցտեսություն և գնալ աշխատանքի։ Դուք նշանակված եք պատշաճ պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, և ձեզնից բացի ոչ ոք չի կարող ձեզ ազատել աշխատանքից։ Մարկ Գուվեր, այնպես չտարվեք աշխատանքով, ռր մոռանաք այցելել ձեր հին բարեկամին, որը սիրով սպասելու է ձեզ․․․

 

Սան Ֆրանցիսկո – Օկլենդ, հունիս, 2018

 

 

 

Ընթերցել նաև