Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վեպ

Պատրիկ Արտեմի․ «Մեզոզոյան խենթեր»․ վեպ, մաս 1-5

 

Եղիշեի պատանության ընկերուհին, Ֆրանսիայում ուսումը շարունակելիս, կատարելով հաջող ընտրություն, հայտնվել է մշակութային մեծ երկրի բոմոնդում։ Գործարար աշխարհին հայտնի ամուսինը, խրախուսելով հայազգի կնոջ հովանավորչական հակումները, շռայլ միջոցներ է տրամադրում՝ իր դղյակը դարձնելով արվեստի և գրականության երևելիների հավաքատեղի։ Պատանության ընկերուհին որպես էկզոտիկա երբեմն գրում է Եղիշեին․ «Բարեկամս, տարիներն անցնում են, բայց դու շարունակում ես դոփել տեղում։ Ես քաջատեղյակ եմ քո տաղանդին, որը հեռվից էլ խարույկի պես մատնում է իր տեղը։ Աստված չի խնայել, լի ձեռքով տվել է քեզ, բայց մնալով Որոգայթներում, դու դարձել ես քարափների պահակ։ Կյանքիդ մայրամուտին ի՞նչ պատասխան ես տալու Բարձրյալին իր մեծ պարգևը հետդ տանելու համար։ Մի վախեցիր, անունս տալով՝ վեր կաց արի։ Փա՜ռք Աստծո, ձեռքս չոր քարի տակ չէ, մինչև ոտքի կանգնելդ կօգնեմ»։

Հիշողությունը թարմացնելու համար Եղիշեն, նորից կարդալով նամակը, մոտեցավ համակարգիչին․ «Իմ ոսկե հուշերի կապույտ աղջիկ, Արինա, տարածությունն ու ժամանակը խմբագրել են քեզ , դու հիմա դարձել ես ուրի՜շ և անճանաչելի, դու դարձել ես քո բոմոնդի ստրուկն ու տիրուհին, և ես չեմ զարմանում, որ Որոգայթի լեռներն անվանում ես քարափներ, և Որոգայթ անունն էլ առաջվա պես սարսափեցնում է քեզ։ Երկրային այդ տիտանն էլ եղել և մնում է որպես առեղծված։ Հնում մի հայտնի ճանապարհորդ , մոլորվելով բարձր ու խորունկ այդ աշխարհում և մոտ մեկ ամիս պահմտոցի խաղալով լեռների ու ձորերի հետ, հրաշքով դուրս էր պրծել կախարդական գերությունից։ Սրանք երկնքը պահող սյուներն են՝ ասել է նա և կոչել Որոգայթի լեռներ։
Ես, որ երկրպագուն եմ այդ կախարդական աշխարհի , ինքս էլ եմ մի անգամ մոլորվել այնտեղ։ Թվում է, թե քո ծանոթ ճամփաներն են, բայց գնա, անվերջ գնա, փնտրիր ինչքան ուզում ես՝ ոչ մուտք ունի, ոչ՝ ելք։ Մեկշաբաթյա շնչակտուր վազվզոցից հետո սարսափում ես տեսնելով , որ ճիշտ այնտեղ ես, որտեղից սկսել ես քո ճամփան։ Եվ մի պահ սոսկում ես այն մտքից, թե լեռներն էլ շունչ ու ոգի ունեն և չարախնդում են քո խեղճության վրա։ Մարդը դեռ հասկանալի է, անձրևներն են մոլորվում այնտեղ, անձրևներն էլ հասկանալի են, բայց նույնիսկ ժամանակն է մոլորվում Որոգայթի անծայր լաբիրինթներում։ Ահասարսուռ Որոգայթը, մոլորյալ ժամանակը սեղմելով իր անդունդների քարեղեն կողերին, փոխակերպում է ադամանդի և կերտում ադամանդե դղյակներ՝ որտեղ կողք-կողքի ապրում են մահն ու հավերժությունը։
Իմ ոսկե հուշերի կապուտ աղջիկ, Արինա, ինձ շատ սիրելի է քո ֆրանսիական բոմոնդը, ուր կուզեի մի բաժակ սուրճով մի ամբողջ երեկո՝ մինչև կեսգիշեր ու լուսաբաց, նստել քո բաձրաշխարհիկ սալոնի համեստ մի անկյունում և լսել, թե յամբի ու քորեյի, նեյտրինի ու բոզոնի մասին ուրիշ էլ ինչ են ասում արվեստի և գիտության ֆանատները։
Արինա, պիտի խոստովանեմ, որ նույնիսկ լսելով ես սիրեցի քո բոմոնդը։ Բայց ի՞նչ կարող եմ անել, եթե ես պատկանում եմ դժվարահաճ Որոգայթին, եթե ես նրա անտրոհելի մասն եմ և նրա մեծ ոգու համեստ մի արտածումը։
Պատանության ընկերուհի, երևի դեռ հիշում ես, որ խիզախության պակաս ունցող մարդիկ երկյուղով էին ոտք դնում Որոգայթի աշխարհը, ուր կարծես ոչինչ չի կարող լինել ունայնությունից զատ, բայց այնտեղ քարափների քիվերից կախ և ձորալանջին ծաղկի պես բացված շեներ կան, որ կարծես խարիսխ են նետել հավերժությանը։ Կեսարի թվարկությունից առաջ, Քրիստոսի թվարկությունից հետո աշխարհն անվերջ փոխվել է, բայց Թագը, Ծամերը, Ունջը, Շամն ու Սաթն անփոփոխ կան և ճամփորդում են ժամանակի անափ և անծայր գետերի միջով։ Սակայն չկա այդ շեներից մեկը Դարքի հարուստ Տունը, որն անցնելով տիեզերական ցերեկների ու գիշերների իջով , ինչ-որ մի տեղ կորցրել է է իր ուղեծիրը։ Հնեաբաններն ու պատմաբաններն անխոնջ գլուխ են ջարդում, բայց չեն կարողանում բացահայտել պղնձաշեկ լեռան կանաչ ոսկու շողը վրան Դարքի Տան առեղծվածը, Տուն, որի գեղուշ դուստրերի ձեռքը միայն երևելի տղամարդիկ են իրավունք ունեցել խնդրելու։ Իսկ երբ բարձրատոհմիկ այդ կանայք կնքել են իրենց մահկանացուն, նրանց տապանաքարի վրա գրել են նախ ծննդյան, ապա՝ ամուսնության վայրի անունը։ Զոր օրինակ․ «Լուսինե Ավետի Արամյան, Դարքի Տան աղջիկ, Թագի հարս, 301-391թ»։
Որոգայթի ձորերով մի ձոր լիքը կյանք է անցել, ինչպես ընդունված է՝ ուրախությունը պահել են հիշողության մեջ , իսկ տխրությունը սեպել քարին։ Մայրաքաղաքում ապրող հնաբան ընկերոջս հետ վերջերս եղանք Որոգայթի խորքերի հին մի գերեզմանոցում։ Հիշողությանս մեջ մեխվեց էպիտաֆիաներից մեկը․ «1113թ․ նորապսակների մեջ ծաղիկ բռնկվեց․ աշուն էր, առաջը՝ ձմեռ․ գարնանը կոտորվեցին․ մի մայր առանց լացի չմնաց․ մի տուն առանց կորստի չեղավ․ ես էլ իմ հոր մինուճարը՝ հանգցրի օջախը․ Զենոն որդի Հայկյան»։ Գրել , տվել է հորը, որ տարաբախտ հայրը փորագրի որդու շիրմաքարին։
-Դոն Եղիշե,-հարցրեց հնեաբան ընկերս,-կարա՞ս էսպես գրես։ Հե՜յ․․․Հե՜յ․․․ Զենոն որդի Հայկյան, Շեքսպիր ես եղել Շեքսպիրից կես հազարամյակ առաջ։ Չասացի՞ր է, Դոն Եղիշե, կարա՞ս էսպես գրես․․․ Ի՜նչ գիր է եղել մեջը, բայց գրել է ընդամենը մի էպիտաֆիա։ Գիրն էլ , ընտանիքն էլ տարել է հողի տակ։
Պատանության հուշերի կապույտ աղջիկ, Արինա, ընկա հուշերի գիրկը, և պատմությունս երկարեց, բայց դու արդեն հասկացար, որ ես գալու տարբերակ չունեմ։ Ես և իմ ընկերներն ուզում ենք մեր սերն ու հավատարմություն տալ Որոգայթին՝ պահպանելով այն սերունդների համար։ Իսկ հիմա շտապում եմ ավարտել նամակս, քանի որ շուտով գալու են տղաները, և մեկնելու ենք Որոգայթի լեռներ, ուր մենք էլ ակամայից փոխակերպվում ենք լեռների և առասպելի։ Մի քիչ վերամբարձ է հնչում, բայց մեր տարիքը հանդուրժում է այդպիսի բաներ։ Իսկ Դա՞րքը․․․ Դավաճան ուղեծիրը Դարքը դեռևս տանում է դեպի անհայտություն։ Բայց մենք մեր սրտերի ուժով պիտի փոխենք նրա շարժման կորը /կա՞, չէ, ձգողության օրենքը/։ Դարքը հառնելու է Փյունիկի պես։ Այդ մասին ես խոստանում եմ անպայման գրել քեզ»։
Պատասխանելով Արինայի նամակին՝ գոհության գողտրիկ մի ժպիտ տարածվեց Եղիշեի երկարուկ դեմքին և լապտերիկներ հիշեցնող աչքերի մեջ։ Նայեց ժամացույցին՝ արդեն ուշանում էր, սուրճը դրեց գազօջախին և սկսեց արագ հագնվել։ Նոր էր ըմպել մի կում տաք և դառը սուրճ, երբ շենքի բակից երրորդ հարկում լսեց Առաքելի խրոխտ ձայնը․
-Եղիշե, իջիր, տղաներն սպասում են։
*

 

Աֆղանական պատերազմ․․․ Անմիտ հերոսության ժամանակներ․․․ Որոգայթի լեռներից զորակոչված տղաներն, անցնելով աֆղանական կիզիչ անապատների միջով և անցնելով շիկացած կապարի անձրևների միջով, համակերպվել էին կյանքն անապատում ավարտելու մտքին, որը կարող էր լինել ցանկացած պահի։ Բայց․․․ապրեցին, որի համար ինչքան քիչ էին պարտական իրենց և որքան շատ իրենց ավագին՝ առինքնող բաց դեմքով, խիտ մազերով , կարճ կտրած բեղ -մորուքով և ատլետիկ կազմվածքով Զորայր Աճեմյանին, որին բոլորը կոչում էին աֆղանակաՆ առյուծ, էն էլ ոչ սովորական, որին գնդակը խուսափում էր հանդիպելուց։ Տղաները, երբ էլ հայտնվեին մոջահեդների ծուղակում, Զորայրը շտապ օգնության պես գնդացիրը ձեռքին հայտնվում էր կրակի բերանում։ Իսկ ի՞նքը․․․ Իսկ ինքը անհույս վիճակների մեջ անգամ, թե ինչպես էր անհայտանում տեսադաշտից՝ առեղծված էր և՛ յուրայինների, և՛ մոջահեդների համար։

Տղաները և տունդարձի ճամփան չկորցրին միմյանց։ Բայց վերադառնալուց հետո էլ չէին կարողանում բաժանվել իրարից։
-Մենք որոգայթի տղաներ ենք,-մի օր կես՝ կատակ, կես՝ լուրջ ասաց Զորայրը,- եկեք էլի ընտրենք Որոգայթը, բայց մեր հարազատ Որոգայթը , որն օրորել է մեր ծնունդն ու մեր մանկությունը․․․
Երբ Եղիշեն իջավ ցած, Զորայրն իր հին «Մոսկվիչի» հետ արդեն կանգնած էր բակում․
-Խցկվեք ներս, գնում ենք Նովեր։
Ընթերցող, «Նովերը» որևէ բառարանում գտնելու անօգուտ ճիգեր չանես։ Նովերը հայտնի են միայն տեղաբնակներին․ դրանք կիսաբաց խնոցու կամ կիսաբաց լայնոտ խողովակի տեսքով սարերում սարքած ջրային պահեստարաններ են, ուր ջրտուքի են տանում անասուններին։ Երևի՝ սկզբում կոչվել են նավեր, բայց ժամանակի ընթացքում բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ՝ դարձել են Նովեր։ Զորայրի ընտրած տեղն էլ՝ բոլորեքյան անտառապատ, նման էր ջրածածկ հսկայական նավի։
Հին «Մոսկվիչ»-ը, հատելով բազմաթիվ ձորահովիտներ ու լանջուտներ, հոգնած կանգ առավ մի հին ցանկապատի մոտ։ Տղաները, որ խեղդվում էին նեղվածությունից, վայրկենապես դուրս թռան մեքենայից և միանգամից նրանց դեմ բացվեց Նովերի հրաշագեղ աշխարհը․ հին ցանկապատից այն կողմ ամեն ինչ նոր էր, շողշողուն ու կատարյալ՝ սկսած լորենիների խելահեղորեն գեղեցիկ և բուրավետ անտառից, սկսած ոսկեջուր գետերից, որոնք թեև երեքն էին, բայց իջնում էին այնպիսի ոլորապտույտներով ու կեռմաններով , որ կարծես մեկ տասնյակից ավելի լինեին։
-Սա ի՞նչ տուն է, որ գնել ես,-հարցրեց հայի դասական դիմագծերով, նոճենու պես սլացիկ Բագրատը , որի ցորեն հասկի գույնի կարճաոլորք գանգուրներն այնպես էին բազմացել, որ կարծես ծաղկած վրանի տակից լիներ նայելիս։
-Տուն չէ, տնատեղ է, տունը դրա տեղում պիտի կառուցվի՝ հինգ ննջասենյակով, հյուրասենյակով, պատշգամբներով,-ասաց Զորայրը,- այս տնատեղը, լինելով սեփականություն, իր չորս կողմը ընդարձակ հողատարածքներ է պահում, որ ոչ ոք չի կարող սեփականաշնորհել։ Մենք հնարավորություն ունենք ստեղծելու ֆերմերային հարուստ տնտեսություն, եթե միայն այդպիսի ջիղ ունենանք։
-Տունը․․․ Շտապ տունը պիտի կառուցենք ,- ականջ լցնող իր թունդ բաղաձայնով ասաց բարձրահասակ և թիկնավետ Առաքելը,- ամեն օր հարյուր կիլոմետր գնալ-գալ չի լինի։ Ես վաղն ևեթ պատրաստ եմ սկսելու ։
Առաքելի պատրաստակամությունը գոտեպնդեց Զորայրին․
-Շինանյութն արդեն պատվիրել եմ, մինչև շաբաթվա վերջը կբերեն։
-Եղիշեն էլ թող պատրաստի նախագիծը, դա հենց իր փեշակն է,- ասաց ակնամոմի գույնի խիտ մազերով, բարձր ճակատով և սևակապույտ գույնի մի քիչ թախծոտ աչքերով Անդրեասը։
Եղիշեն կարծես թե հենց դրան էր սպասում․
-Վաղը պատրաստ կլինի Նովերի գեղեցկուհին։
Զորայրն այդչափ չէր սպասում, Զորայրը ողողվեց տաք զգացումներով։
Հեթանոս Նովերի հազարանյա անդորրը լցվել էր ջահելությամբ ու կյանքի ձայներով։ Զմրուխտաչյա լճակից ոչ հեռու, բարձրագահ լեռների աղբյուրոտ ջրերի քչքչոցի հարևանությամբ բարձրանում էր սուրբ ուխտի և նպատակի տունը։ Շաբաթվա վերջում՝ կեօրից հետո Ունջի գյուղապետ, բաղաձայնախոս Անդրանիկ Ասրյանը, գալով այցելության և հացի բոխչեն ու օղիի շիշը դնելով սեղանատիպ բազալտե քարին․ մոտեցավ Նովերի անծանոթ տղաներին․
-Ձեր ցավը տանեմ,-ասաց նա,- գործը գայլ չէ, որ փախնի անտառ, մի պուճուր դադար տվեք, մի բաժակ բան խմենք, մոտիկից ծանոթանանք։
Տղաները լվացվեցին և մոտեցան քարե սեղանին։Անդրանիկն արդեն հացը շարել էր և լցրել բաժակները․
-Ես ձեր ցավը տանեմ, բարո՜վ եք եկել Որոգայթի մեր աշխարհը, ձեզ նման ազիզ տղաներ Նովերում տեսած չկայի, մի կտոր հաց միասին անուշ անենք, որ հացի արդարությունն ու հացի սրբությունը թագավորեն մեր վարք ու բարքի մեջ։
-էդ նպատակով էլ եկել ենք, Որոգայթի ամենաթույլ տեղը՝ ճամփաներն են։ Չենք ուզում, որ գյուղերը, մնալով անճամփա, մարեն հանգած փեթակի պես։ Քաղաքակրթությունը ձգում, տանում է։ Չենք ուզում, որ Որոգայթը դառնա անմարդաբնակ։
-Ձեր ցավը տանեմ, լավ բան եք ասում։ Մի կողմնակի աղբյուրից ես էլ եմ իմացել , որ եկել եք արթուն և անքուն պահելու մեր ճամփաները։ Բայց չիմացա, թե վճարումն ո՞վ է կատարելու․․․
-Ոչ-ոք, աշխատելու ենք անվճար,-ասաց Զորայրը։
-Անվճա՞ր․․․Անդրանիկը, գլուխը քորելով , երկար նայեց տղաներին,- ներեցեք, լավ չլսեցի, ասացիք անվճա՞ր։
-Այո, անվճար,-կրկնեց Զորայրը։
Անդրանիկը մտորումների մեջ էր․
-Անփող սարքելու եք, հա՞։
-Այո,-գլխի շարժումով հաստատեց Զորայրը։
-Դա լինելու բան չի։ Տղերք, կարո՞ղ է՝ միամիտ գյուղացի եք գտել, ծաղր եք անում։
-Չեղա, չեղավ,-ասաց Զորայրը,-նոր ենք իրար հետ աղ ու հաց կիսել, խոսել ազնիվ ու շիտակ բաներից, հապա լավ նայիր՝ մենք նմա՞ն ենք հացկատակների։
Անդրանիկն էլի մի զգալի ժամանակ լուռ էր․
-Լսած չկամ էդ տեսակ բան, բայց երևի կարելի է։ Դե, մեր համայնքներն ինչ-որ չափով կօգնեն ձեզ , շատ չէ, բայց մի քիչ կարելի է։ Ես ինքս կկազմակերպեմ, հետո գուցե մի բան ստացվի։ Հա, գալուս բուն նպատակն էդ է, որ ճամփեքը ողբալի վիճակում են, գյուղից դուրս գալ չի լինում։
-Հասկացա,-ասաց Զորայրը,- վաղվանից մեզնից երկուսը կաշխատեն ճամփեքի վրա, տունը կառուցելուց հետո կմիանանք նաև մենք։
Բաժանվելուց առաջ Ունջի գյուղապետը ոտքը մի պահ կախ գցեց․
-ներեցեք, գուցե լավ չլսեցի, ճանապարհները նորոգելու՞ եք․․․
-Անվճար,-հազիվ զսպելով ծիծաղը՝ ասաց Զորայրը։
Գյուղապետը կրկին երկար քորեց գլուխը․
-Ում էլ ասեմ՝ չի հավատա․․․ Կարևորը՝ գեղեցիկ գաղափար է․․․Հա, քիչ էր մնում՝ մոռանայի, ես լավ ուռկաններ ունեմ, Թիֆլիսից եմ բերել։ Մի ժամանակ հրապուրվել էի ձկնորսությամբ, բայց շատ շուտ անցավ։ Վարորդիս կասեմ, որ այդ ուռկանները բերի, տա ձեզ և սովորեցնի, թե ինչպես տեղադրել գետաբերանին։ Դուք ամեն օր կարող եք ձուկ խորովել և ուխա եփել։
-Ահա, տեսնու՞մ եք, ասում ենք՝ անվճար, բայց իրականում այդքան էլ անվճար չէ,- Զորայրն իր պինդ աջը մեկնեց Անդրանիկին, և նրանք հին բարեկամների պես հրաժեշտ տվեցին միմյանց։
*

 

Եղիշեն ու Բակոն, որոնց տրանսպորտը սայլն էր, խորդուբորդ ճամփաների մասնակի բարվոքումն սկսեցին ծայրամասային Սաթ գյուղից։ Բարձրոտ լեռնաշխարհում , ուր փոթորիկները, հեղեղներն ու հորդ անձրևները հաջորդում էին միմյանց, իսկ երբեմն նաև խոշորահատիկ կարկուտն այնպես էր քանդում այսօրվա սարքած-կարգած ճանապարհը, որ երբեմն հարկ էր լինում հաջորդ օրը նույնն սկսել նորից։ Ավելի վատթարն էլ կար, երբ ճամփան կորչում էր սելավների տիղմի տակ։ Նման դեպքերում Զորայրն սփոփում էր տղաներին, ասելով՝ դիմացեք, ձեզ համար տրակտոր եմ բերելու։ Եվ իրոք մի անգամ քարշակը դղրդոցով հասավ Նովեր՝ բոլորովին նոր տրակտորը վրան։ Բակոն, հերթով նայելով բոլորին, հերոսի պես բարձրացավ հարթակին և տրակտորն անշփոթ իջեցրեց ցած։

-Բակոո՜․․․,-իր զարմանքն արտահայտեց Եղիշեն,- թաքնված տաղանդ ես դու, էս ի՞նչ հրաշք բան արեցիր։
-Հրաշքը դու ես անում, որ գիրք ես գրում, թե չէ տրակտոր վարելը հասարակ բան է։
-Դե լավ , հա, գիրք գրելն այդքան չկա, մի չափազանցրու, Բակո։
-Համեստություն մի խաղա, ու՞ր է այդտեղ չափազանցությունը։
Նովերի գեղեցկուհին բարձրանում էր վեր։ Առաքելը, ցուցադրելով իր վայրենի ուժը , հերթով տեղադրում և ամրացնում էր պատշգամբների բարձակները, կտրում էր քիվերի ու ցվիքների դուրս պրծած ծայրերը։ Իսկ երբ Զորայրը և Անդրեասն սկսեցին կապել տանիքը, Առաքելն անցավ անձրևաջրերի հոսքուղիները կպրելուն և խայծղանելուն։
-Կարևորը տանիքն է, ծածկեցիր, փակեցիր անձրևաջրերի մուտքը, արդեն կարելի է և չշտապել,-Զորայրը մենախոսության ժանրով կիսվում էր Անդրեասի հետ,- ներքին հարդարման աշխատանքները պիտի կատարել հանգիստ, ճաշակով և մտածված․․․
-Տղերքն եկան,-ասաց Անդրեասը։
-Հըը, ի՞նչ արեցիք,-շրջվելով դեպի բակը՝ ուր կանգած էին Եղիշեն ու Բակոն, հարցրեց Զորայրը։
-Սաթի ճամփեն դզմզեցինք,-ասաց Բակոն,- երթևեկությունը վերականգնված է։
-Ապրի արևդ, էդ ուռկանները երկու օր է դրված են, մոռացել ենք, տես մի բան կա՞, թե դատարկ են։
Քիչ անց, Բակոն վազելով եկավ․
-Իջեք, իջեք, էս գետերը լիքը ձուկ է, ուռկանները պայթում էին, զոռով դատարկեցինք։
-Խորոված, ձկան խորոված արեք,- երկրորդ հարկի պատշգամբից ասաց Առաքելը, և Նովերը լցվեցին նրա հզոր բաղաձայնով։
Եղիշեն ու Բակոն ձկան փորը մաքրեցին, շարեցին ուռենու մատղաշ ճյուղերին և դրեցին կրակի վրա։ Նոր էին փռել հացի սուփրան, խորովածն արդեն պատրաստ էր ։
Նովերյան քնքշաթևիկ երեկո էր ոսկե կրակի մոտ։ Որոգայթը հրճվում էր երկրից մինչև երկինք՝ իր գրկում ունենալով Զորայր, Առաքել, Անդրեաս, Եղիշե ու Բագրատ․․․ Յուրաքանչյուրը զրնգուն մի աշխարհ։
-Ինչը գալիս է նաև գնում է,-լցնելով օղռւ բաժակները՝ ասաց Զորայրը,- մենք էլ մի օր չենք լինի, բայց մեր ոգին երբեք չի լքի Որոգայթը, մենք մեզնից հետո էլ կլինենք այստեղ և կլինենք միասին։
Վազքի մեջ կախարդված Որոգայթի ծուռումուռ ճամփաները վերստին շնչում էին։
Երեկոյան կողմ դուռը թակեցին Սաթի և Ծամերի գյուղապետերը՝ Վրթանեսն ու Ասողիկը։ Զորայրը դիմավորեց նրանց։
-էդ ճի՞շտ է, որ ճանապարհները սարքում եք անփող ,-դեռ մի կարգին չբարևած հարցրին անհամբեր գյուղապետերը։
-Այո, անփող ,- ասաց Զորայրը։
-Դա աշխարհով մեկ տարածված նորությու՞ն է, թե միայն դուք եք ինքնուրույն ձեր խելքով մտածել։
Զորայրն զգաց, որ հյուրերը նուրբ հումորի ժանրով ձեռքի հետ մասխարա են անում իրեն։
-Առայժմ մենք ենք մեր խելքով մտածել , բայց հույս ունենք, որ վաղ , թե ուշ լայն տարածում կգտնի։ Բայց եթե դուք գտնում եք, որ շտապել ենք՝ կարող եք ձեր փայաբաժինը վճարել։
-Ի՞նչ եք ասում, Աստծո սիրուն,-սարսափահար եղան նրանք,- էս փակ ճամփեքի պայմաններում ե՞րբ ենք ապրանք տանում, ծախում, որ փող ունենանք, բայց մենք դատարկ ձեռքով չենք եկել ․․․ Արդար մեղր, յուղ , պանիր, ձու, ղավուրմա ու փռի հաց ենք բերել մեզ հետ։
Ասողիկը ապսպրեց վարորդին, որ մթերքներն իջեցնի մեքենայից և բերի տուն։
․․․Գարնանային հորդ անձրևներից հետո տղաները՝ խրված ցեխի մեջ, մաքրում էին Թագի՝ ձորաբերանին կպած ճանապարհի փլքերը, երբ պատերազմի լուրը հասավ Որոգայթի լեռներ։ Լինելով աֆղանական պատերազմի բովով անցած տղաներ՝ նրանք լավ գիտեին, որ իրենց տեղն առաջին գիծն է։
-վաղը կհանդիպենք զինվորական կոմիսարիատում,- ասաց Զորայրը,- իսկ Թագի ճանապարհը կսպասի մինչև պատերազմը վերջանա։
Առավոտյան գնդապետի ուսադիրներով և ճերմակ մազերով զինկոմը, որ հինգին էլ ճանաչում էր մոտիկից, ժպիտը դմքին՝ հրավիրեց իր մոտ։
-Ես սպասում էի ձեզ, դուք երկիր պահող տղաներ եք, և գիտեի որ կներկայանաք առանց կանչելու,- զինկոմն ասելիքը մոռացած մարդու պես լռեց մի պահ,-պարզ է, որ դուք կուզեիք լինել միասին, բայց ձեզ բոլորիդ մի զորամաս ուղարկելը ավելորդ շռայլություն կլիներ և նաև՝ սխալ, դուք նշանակում կստանաք տարբեր զորամասերում, որ ձեզնից յուրաքանչյուրն իր փորձով ու խիզախությամբ օրինակ ծառայի ջահելներին։ Մյուս կողմից էլ այդպես բոլորիդ կենդանի մնալու հավանականությունն ավելի մեծ է։ Իսկ քեզ՝ Զորայր,- զինկոմը նորից մտազբաղ կանգ առավ,- ներիր, չեմ կարող զորակոչել․․․
-Ի՞նչ է նշանակում՝ չես կարող,-զայրույթից սևակնեց Զորայրը,- ես եղել եմ նրանց հրամանատարը, ասացեք, խնդրեմ, որքանո՞վ է հարմար, որ հիմա լքեմ իմ մարտական ընկերներին և գնամ, նստեմ տանը․․․
-Իզուր ես էդպես ամպոտում, դու չորս երեխայի հայր ես, մենք ի՞նչ իրավունք ունենք խաղալու նրանց բախտի հետ, մնա և տիրություն արա երեխաներիդ։ Երկրի համար դա էլ պակաս կարևոր չէ։ Գիտենք, որ խիզախ տղա ես, բայց էն էլ գիտենք, որ մոլորված գնդակները փնտրում են խիզախներին։ Ինչու՞ չես մտածում նաև այն մասին, որ եթե մի բան պատահի քեզ հետ, անտեր մնացած երեխաներդ լավ չեն մտածելու քո մասին։
Զորայրը խeղճացած նայեց տղաներին․
-Լավ չստացվեց,- ասաց նա։
-Ընդհակառակ, շատ լավ ստացվեց, էդ էրեխեքին մենք էլ ենք սիրում, եթե գայիր, հանուն քո անվտանգության՝ քեզնից թաքուն պիտի պտտվեինք քո շուրջը, իսկ հիմա լիովին կզբաղվենք մեր գործով։
-Ինչ արած, թող այդպես լինի,- ասաղ Զորայրը,- բայց եթե թշնամին զոռի, ես նույն վայրկյանին ձեր կողքին եմ,- ձեզնից միայն մի խնդրանք ունեմ․ խոստացեք ինձ, որ բոլորդ կենդանի կվերադառնաք։ Ես ձեզ սպասելու եմ Նովերում․․․
*

 

Մի զգալի ժամանակ Զորայրը ոչ մի տեղեկություն չուներ

տղաների մասին։ Զորախմբերի արագ տեղաշարժերի և փոստային առաքումների հաճախակի ընդհատման պատճառով ռազմաճակատից կցկտուր լուրեր էին ստացվում, սոսկ թնդանոթների որոտներն էին երբեմն լսվում ռազմաճակատից ոչ հեռու քաղաքների արվարձաններում։ Կապարի գույնի այդ օրերի մեջ Զորայրն իր կարոտն ու տխրությոնը մաշում էր Որոգայթի լեռների մշտական հեղեղների հետքերը վերացնելով։
Պատերազմը կարծես թե դուրս էր մնացել ժամանակի հսկողությունից և անվերջ երկարելով՝ դառնում էր գլխացավանք բոլորի համար։ Կողմերից մեկի զորքը գնում էր առաջ, դիրքավորվում և մի շաաթ անց վերադառնում իր ելման կետը, որից հետո մյուս կողմն էր առաջխաղացման հաջողություններ գրանցում։ Ամեն ինչ վերջանում էր նրանով, որ կողմերը վերստին զբաղեցնում էին նախնական դիրքերը։ Ամեն մի զոհի դեպքում երկուստեք արտահայտում էին իրենց խոր վշտակցությունը և ծաղկեպսակներ ուղարկում միմյանց։
Առհասարակ փոքր երկրների կյանքում զավեշտը շատ է՝ նույնը և աքլորակռիվ հիշեցնող այդ պատերազմը։ երկու կողմն էլ ստիպված էին խոստովանել, որ կռվելն իրենց խելքի բանը չէ, որ իրենք դարձել են մեծ տերությունների խարդավանքի զոհը։ Այդ մեծ տերությունները, որոնց ժամանցի սիրած ձևերից մեկն էլ փոքր ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելն ու զվարճանալն է, ամեն մեկին առանձին — առանձին կանչելով իրենց մոտ և հայտնելով իրենց աջակցությունը, առաջարկել էին նախահարձակ լինել և պարտության մատնել հարևանին՝ խոստանալով հաղթողին նվիրել չեզոք գոտու ցամաք մի ձոր և անդունդի վրա կախված երկսապատավոր ուղտի նման մի լեռ։ Ավելի ուշ, պարզվեց, որ ոչ-ոք չի ցանկանում վերցնել այդ ցամաք ձորը, որը հայտնի օձանոց էր և հետո կարիք պիտի լիներ ստեղծել օձերի դեմ պայքարի նախարարություն և ոչ էլ ուղտանման լեռը, որից ամեն օր քոշաքարեր էին դղրդոցով գլորվում անդունդ, և նույնպես հարկ պիտի լիներ մեծ ծախսերով բոլոր կողմերից ամրակապել լեռան խախուտ երակները։
«Կարող եք և չվերցնել, քեֆը ձերն է»,- ասել էին մեծ տերությունների ղեկավարները և դեմքը շրջելով մի կողմ, լիաթոք քրքջացել։
Իսկ պատերազմը մեխանիկորեն շարունակվում էր, և ռազմաճակատի ամբողջ երկարությամբ առավոտից-երեկո կրակում էին, բայց․․․ խնայողաբար․ պատկերացնու՞մ եք, հրանոթներից կրակելիս՝ երկուստեք ճշտում էին զորքերի տեղակայությունը, որ անիմաստ զոհեր չտան։ Քանի դեռ երկու կողմն էլ առանձին-առանձին գլուխ էին ցավացնում, թե ինչպես դուրս գան այդ անհեթեթ վիճակից, որ չհամարվեն պարտված կողմ, հոլանդացի մի զբոսաշրջիկ խորհուրդ տվեց ստորագրել զինադադար՝ առանց նախապայմանների։ Դա հոյակապ լուծում էր, որի համար հոլանդացուն հռչակեցին իրենց երկրի մեծ բարեկամ և հանձնեցին օտարերկրացիների համար սահմանված Պատվո մեծ շքանշան։
Մի խոսքով, հնարամիտ հոլանդացու շնորհիվ լռեցին հրանոթները, և բաղձալի խաղաղություն իջավ հանդերին ու դաշտերին։ Հաշտության լուրն առնելուն պես Անդրեասը՝ ակնամոմի գույնի խիտ մազերով, ճակատը բարձր ու հպարտ, աչքերը՝ սևակապույտ և մի քիչ թախծոտ, թռավ ռազմավար նժույգի վրա և ոտքով թեթևակի խտուտ տվեց․
-Դե, Մանուչար, թռիր քամու պես ուժգին, տղերքն սպասում են․․․
Տունդարձին լեռների մի ամբողջ երամ շրջանցելու դեպքում ճանապարհը կարող էր երեք անգամ երկարել։ Անդրեասն ընտրեց ռազմաճակատի գծի հատումներով կարճ անցումները և դրանցից մեկի ժամանակ հայտնվեց թշնամու զինված խմբի դիմաց։
-է՜յ, լսեք ինձ,-Անդրեասի խիտ բարիտոնից ցնցվեց ռազմաճակատի գիծը,- պատերազմը վերջացել է, հեռու քաշվեք իմ ճանապարհից,- նա գլխից վեր թափահարեց զույգ ատրճանակները,- իմ ամեն մի կրակոցը մի կյանք է, հետ քաշվեք, եթե չեք ուզում, որ ձեր փոխարեն ձեր դիակները տանեն տուն։
Նույն վայրկյանին բոլորն այնպես անհայտացան, որ կարծես չէին էլ եղել։ «Կարո՞ղ է՝ ոչ ոք չկար, աչքիս թվաց»,- քթի տակ փնթփնթաց Անդրեասը։
Իրիկնաշեմին, արևը դեռ հորիզոնի վրա Անդրեասը Վահագնի սյուների մոտ հանդիպեց տղաներին։ Բարձրահասակ և թիկնավետ Առաքելի այտոսկրներն ավելի էին ընդգծվել, թեթևակի ուռուցիկ ճակատից ցած, թավ հոնքերի տակ աչքերն այնպես էին կոշտացել, որ կարծես շինած լինեին ոչ թե կենդանի նյութից, այլ՝ գորշամոխրագույն ողորկ քարերից։ Հոգնած, փոշոտված և մի տեսակ ճմրթված Բակոն կարծես մի քանի տարով մեծացած լիներ։ Դոն Եղիշեի երկարուկ դեմքն ավելի էր երկարել, լապտերիկներ հիշեցնող աչքերն ավելի էին նմանվել լապտերների։ Եղիշեն «Դոն»- ը որպես պարգև ստացել էր իսպաներեն սովորելու և իսպաներենից թարգմանություններ կատարելու համար։ Նա Երազում էր գրել մեր ժամանակների «Դոն Կիխոտը»։
-Նմանակելը վատ է, իսկ գրականության մեջ՝ մահ , նկատի ունեցիր,-չնեղացնելու համար արևածաղիկ չրթելու պես մի թեթև թռցրել էր Բակոն։
— Խի՞, ժամանակները նման են, որ գրքերը նման լինեն,- կարճ պատասխանել էր Դոնը։
Հանդիպման ուրախությունից տղաները կարծես գինովցած լինեին։
-Էս ի՞նչ ֆուրգոն է, Էշն էլ հետը,- հարցրեց Անդրեասը։
-Ռազմավար է,- ժպտաց Առաքելը,- մեկը սխալմամբ հայտնվեց մեր կողմում, ասացի՝ ֆուրգոնն ու էշը թող և ծլկիր այստեղից,- քարամրրիկների միջով շունչը բկին կպած վազելիս՝ ձայն տվեցի,- այ, տղա, ի՞նչ է իշիդ անունը, ասաց՝ Իսո, որից ավանակի ականջները թրթռացին։ Ասացի՝ այ տղա, բա չես ուզում ավանակիդ հրաժեշտ տալ։ Խելացի էշ է, վիճակս կհասկանա՝ ասաց նա և անհայտացավ ձորում։
-Լավ ավար է,- ասաց Անդրեասը,- մեր սայլն ավելի շատ ճռռում է, քան թե գնում։ Ֆուրգոնը սայլի համեմատությամբ ինքնաթիռի պես մի բան է։ Մանուչարին էլ իշի հետ կապեք ֆուրգոնին, մի կտոր հաց ուտենք և ճամփա ընկնենք։ Իմ հաշվարկով առավոտյան կհասնենք Նովեր։
Միմյանց շատ մոտ և միմյանց զուգահեռ խամուտների միջից Մանուչարն ու Իսոն անբարյացակամ նայում էին միմյանց և տխուր խորհրդածում։ «Բախտի տերը մեռնի,-դառը տխրություն էր ծորում Մանուչարի աչքերից,- հազիվ փրկեցի գլուխս էդ կրակների միջից, հիմա էլ բերին իշին թայ արեցին, ինչպիսի՜ անարգանք, մնացած կյանքս՝ իշի կողքին, գոնե որձ չլիներ, էլի սփոփանք էր․․․ «Էս հայվանին որտեղի՞ց գտան բերին,- համարյա թե բարձրաձայն արտահայտվեց Իսոն,- վատ կլինե՞ր, եթե սրա փոխարեն մի գեղեցկուհի ավանակ լիներ և զարդարեր կյանքիս օրերը կամ գոնե ձին էգ լիներ, որ մի քանի ջորի պարգևեի աշխարհին»։
-Չհասկացա, ինչու՞ ես ձիերին կոչում հայվան,-հարցրեց Մանուչարը։
-Բա ինչպե՞ս կոչեմ,-ասաց Իսոն,- երբ գիշեր-ցերեկ անվերջ վրնջում ու խրխնջում եք և անմիտ ձևով վազում դեսուդեն։
*
Մինչ պատմողս ընթերցողին ներկայացնում էր իր հերոսներին, մեզ ծանոթ ֆուրգոնը լուսաբացի կաթնագույն մշուշների միջով արդեն մոտեցել էր Նովերին և կանգ առել վճիտ աղբյուրներից ու պաղ ձյունաջրերից հյուսած երեք քույր գետերի հովտում, անտառամերձ միայնակ տան դիմաց։ Քույր գետերն այդ, միմյանց սեր ու կարոտ շշնջալով, իջննում են ավելի խոր ձոր և վշշալով նետվում իրենց մեծ քույրիկի գիրկը, որն անսխալ գիտի կախարդական ծովերի ճամփան։
Տղաներին հիմա ծով պետք չէ, նրանք հրմշտելով միմյանց, դուրս էին թռչում ֆուրգոնից, որ առաջինը ողջագուրվեն Զորոյի հետ։ Բայց, օ,՜ զարմանք, երկաթյա ճշտապահությամբ հայտնի Զորայրը տեղում չէր։ Անդրեասն, իր մշտական թախծագորով հայացքով քննախույզ նայելով տանը, հասկացավ, որ ներսում երկար ժամանակ ոչ- ոք չի եղել և առաջին անգամ զգաց, որ լքված տունն էլ է ծերանում մարդու պես և լցվում անասելի թախիծով։
-Զորոն վաղուց չի եղել այստեղ ,- շատ կամաց, համարյա թե շշուկով ասաց նա։
— Եթե էդքան հասկացող ես, կարա՞ս իմանաս, թե ինչու՞ չի եկել, կարո՞ղ է՝ հրաժարվել է մեզնից, որի խաթեր մեր կյանքը կապել ենք էս լեռներին ու ձորերին։
-Եղբայր,- սրտնեղեց Անդրեասը,- ես ընդամենն ասացի այն, ինչ-որ աչքս տեսավ , հո չասացի, որ գուշակ եմ կամ ամենագետ։ Լցվեք ֆուրգոնը, գնում ենք Արգ, շուտով ամեն ինչ կիմանանք։
Մեծ կիրճի ոլորապտույտ ճանապարհով իջնելիս, միջնադարի քարե կամարակապ կամրջի մոտ հանդիպեցին Ունջի գյուղապետին՝ առաջվա պես բարձրահասակ, գորիլայի երկար ձեռքերով, կոշտ ձայնով Անդրանիկ Ասրյանին․
-Վաա՜հ, տղերք ջան, բարի վերադարձ,- կիրճը լցնելով որձ ավանակի զըռ բաղաձայնով՝ Անդրանիկը մեկ-մեկ գրկեց նրանց,- էս ի՜նչ ուրախ օր է այսօր, հազար ափսոս, Զորայրը․․․ գյուղապետի աչքերը թրջվեցին։
-Այ, Անդրանիկ, վախտ ես գտե՞լ լռելու, ի՞նչ է եղել, ասա իմանանք,- նույնպես իր կոշտ ձայնով ձորը զնգացրեց Առաքելը։
-Ասեմ, բայց ո՞նց ասեմ, հե՞շտ է ասելը,- Անդրանիկը թևքի ծայրով սրբեց աչքերը,- երկու ամիս առաջ Թագի Փլքերի մոտ ճանապարհը փախել էր սայլի տակից և Զորայրին կնոջ հետ տարել անդունդ։ Հինգ գյուղապետերով հազիվ գտանք դիակները, հուղարկավորեցինք Արգի քաղաքային գերեզմանոցում։
Տղաները մի վայրկյանում այնպես սմքեցին, վհատվեցին ու կորացան , որ կարծես պատերազմը տանուլ տված դասալիքներ լինեին։ Կապարի պես այնպիսի ծանր ցավ էր ահագնացել նրանց աչքերի մեջ, որով կարելի էր երեսապատել երկինքը։
-Ո՞ր մասում փնտրենք գերեզմանը,-հարցրեց Անդրեասը։
-Չեք գտնի, գնանք միասին․․․
Արգի գերեզմանոցի հեռավոր մի անկյունում, հողի տակ նիրհում էր Զորայրն իր կնոջ հետ։ Տղաները ծունկի իջան, համբուրեցին հողաթումբը․․․
-Ինչպիսի գեղեցկություն, ինչ երազանքներ ու իդեալներ են իջել մութ հողի տակ,- սրբելով արցունքները՝ կերկերուն ձայնով ասաց Դոն Եղիշեն,- աֆղանական առյուծը․․․մոջահեդները ջանք չէին խնայում, որ բռնեն նրան և աշխարհով մեկ հայտարարեն, որ խորհրդային աֆղանական առյուծը վանդակի մեջ է, բայց չկարողացան, իսկ կույր դիպվածը վերցրել է առյուծի կյանքը․․․ Առաջ գուցե ինչ -որ պատճառով մտածեինք հրաժարվելու մասին, բայց ետդարձի կամուրջներն այրված են։ Մեր ընկերոջ երազանքը դարձավ մեր կյանքի միակ նպատակը։
-Տապանաքարի առթիվ դուք նեղություն չկրեք, մենք՝ գյուղապետերով մինչև աշուն կտեղադրենք,- ասաց Անդրանիկը՝ օղիով լի բաժակները մեկնելով տղաներին։
-Պետք չէ,-ասաց Դոն Եղիշեն,- դրա փոխարեն խնդրում եմ ձեր մոտի բազալտի հանքից մեծակտոր մի քոշաքար տեղափոխեք այստեղ , մնացածն ինքս կանեմ;
-Լինող բան է,- ասաց Անդրանիկը,- միայն թե ինքդ պիտի գաս և ընտրես քարը։
Տղաները, Դոն Եղիշեին իջեցնելով Թագում, վսեմ նպատակին միտված հուսահատությամբ վերադարձան Նովեր։
Բակոն Մանուչարին և Իսոյին, ազատելով խամուտից, տարավ գետափնյա արոտավայր, իսկ Անդրեասն ու Առաքելը գլխիկոր մոտեցան անտառափեշի միայնակ տանը։ Առաքելը, թաքստոցից հանելով բանալին, բացեց դուռը և, մտնելով ներս, քարացած կանգ առավ․ Զորայրը՝ իրենց սիրելի Զորիկը , հղկած տախտակով ամբողջովին թավանել էր առաջին հարկը, տեղադրել գեղեցիկ ճաշասեղան և անմշակ փայտե աթոռներ։ Ձեղնահարկը բաժանել էր ննջասենյակների, նույնպես թավանել հղկած, մշակված տախտակով, տեղադրել հարմարավետ թախտեր, յուրաքանչյուրի մոտ լուսամփոփը վրան՝ փոքրիկ պահարան։ Տղաները նոր միայն հասկացան, թե ինչու՞ էր Զորայրը, երեխաներին թողնելով հարևանների հույսին, կնոջը վերցրել իր հետ։ Սերինեն պետք է կահավորեր և սպասքավորեր տունը։
Բակոյի գնալուց հետո արդեն քաղցած Իսոն ու Մանուչարն անցան գետափնյա դաշտը հյութառատ կանաչից դատարկելուն։
Բակոն, դուռը շրխկացնելով, իրեն գցեց ներս․
-Չեք լսու՞մ, չոբանի ձայնը։
-Ի՞նչ է պատահել,-հարցրեց Առաքելը։
-Դոնը վտանգի մեջ է, ասում է՝ օգնության հասեք։ Հաց բերողն է հայտնել չոբանին։
Անդրեասը տեղից վեր թռավ և վազեց դեպի դուրս։
-Սպասիր, ես էլ եմ գալիս,-ետևից ձայն տվեց Առաքելը։
-Կարիք չկա, եղածը մի գյուղ չի՞։
Անդրեասը՝ սանձափոկը ձեռքին, վազքով մոտեցավ ձիուն․
-Մանուչար, Դոնը վտանգի մեջ է, քամին ուշ կլինի, թռիր քամուց էլ արագ։
Անդրեասը չգիտեր, որ Մանուչարը հասկանում է մարդու լեզուն և ամենից շատ սիրում է Եղիշեին։ Անդրեասի ճանաչած սովորական ձին, հրաժարվելով նեղ դռնակով դուրս գալու և ժամանակ կորցնելու մտքից, թեթև ու սլացիկ թռնելով ցանկապատի վրայով , զարգացրեց այնպիսի վայրենի արագություն, որ Անդրեասը, երկու ձեռքով կպած բաշին, զոռով էր պահում հավասարակշռությունը, որ չգլորվի ցած։ Հասնելով ճանապարհի ճյուղավորմանը, ձին խելահեղ արագությամբ ընտրեց Թագի ուղղությունը։ Իաա, էս Մանուչարը կախարդական ձի է, ճանապարհին պարբերաբար կրկնում էր Անդրեասը։

 

շարունակելի․․․

Ընթերցել նաև