Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Պատրիկ Արտեմի․ «Գոյարարի հարսնացուն»․ պատմվածք

 

Երբևիցե ապրած կա՞ք փոքրիկ գյուղում, շա՜տ փոքրիկ ․․․ Հազիվ թե․․․ ո՛չ գյուղապետ, ո՛չ բժիշկ, ո՛չ ուսուցիչ, նույնիսկ վարսահարդարն էլ շռայլություն էր։ Փոստատարն էլ մոտակա գյուղաքաղաքից ժամանում էր շաբաթը մեկ՝ մի քանի րոպեով։ Գյուղը, որին վերաբերում է այս պատմությունը, կոչվում է Հոլիկ՝ դաշտի, գետի, լեռան և անտառի հրաշալի բնապատկերով։ Հոլիկի բնակիչներն իրենց համեստ օրապահիկը պոկում էին հենց այդ բնությունից։ Ռուբենի ապրուստի աղբյուրը Հոլիկից ոչ հեռու, գիշեր-ցերեկ հոսող Արդա գետն է։ Առավոտ շուտ վերցնում է կնոջը՝ Լուսիկին, դստերը՝ Բերենիկեին․․․ Դստեր դժվար հիշվող ու արտասանվող և հետն էլ ոչ հայկական անունն իր պատմությունն ունի։ Երբ Սանդ կոչվող մոտակա գյուղաքաղաքից լուր ստացվեց որ Լուսիկը ծննդաբերել է։ Քարափի կտորի պես պինդ և երկաթե բազուկներով Ռուբենը վերցրեց հարևանի մոտոցիկլը և սլացավ Սանդ։ Կարմիր տասնանոցը խցկելով հերթապահ բուժքրոջ բուռը , մտավ դեղձան գույնի խուճուճ ճալվերով գեղեցկուհի կնոջ սենյակը։ Լուսիկը կուրծք էր տալիս երեխային․
— Արդեն հայրիկ ես,- տեսնելով ամուսնուն՝ ժպտալով ասաց նա։
-Ի՞նչ ենք դնելու անունը,- համբուրելով կնոջը՝ հարցրեց Ռուբենը։
-Բերենիկե՜․․․
-Բերենիկե՞․․․ այդպիսի անուն լսած չկամ։
-Ես էլ․․․Ես էլ լսած չկամ,-ասաց կինը,-ծնվելուց անմիջապես հետո եկավ, Աստված ուղարկեց, հո չենք կարող մերժել Տիրոջը․․․
Դառնանք պատմությանը․ ամեն օր, առավոտ շուտ, ընտանիքն առած, Ռուբենն իր սեփական մակույկով անցնում էր Արդա գետը, գետաբազուկի ջրախոր ափին ինքն զբաղվում էր անտառափայտի լողարկումով, իսկ կինն ու դուստրը արևկող լանջերից հավաքում էին ծնեբեկ, շուշան, քարաբոխ ու իշխանաբոխ, մանդակ, սիբեխ, ծառասունկ և երեկոյան լիքը կողովներով ու ճամպրուկներով վերադառնում տուն։ Ռուբենի կողովն էլ դատարկ չէր լինում, բերում էր գետասազան, կողակ, երբեմն նույնիսկ․․․չուքա։
Լուսիկը ծնեբեկ, մանդակ ու սիբեխ էր տապակում, շուշանի, քարաբոխի ու իշխանաբոխի թթուներ դնում, իսկ Ռուբենը դրսում գետածածան էր խորովում։
Կիրակի օրերին Ռուբենը վերցնում էր պարսակողովը և մտնում խոլ անտառ՝ վայրի մեղվապարսեր գտնելու համար։ Երբեմն ծառափչակի առաջ, ուր բնավորվում էին անտառի մեղուները, Ռուբենն ու վայրի մեղրի սիրահար արջը հայտնվում էին միաժամանակ։ Արջը կոպիտ կենդանի է, բայց նուրբ աչքաչափ ունի, զգալով, որ կռփամարտում զիջելու է երկաթե բազուկներով տղամարդուն, մրթմրթալեն հեռանում էր։
Տարիներն աննկատ գալիս էին ու գնում, և կյանքը հավերժական առօրյայի պես հոսում էր աշխարհից ու աչքից հեռու գողտրիկ Հոլիկում։
Մի անգամ մի հանդուգն միտք այցելեց Ռուբենին․ նա կնոջն առաջարկեց բնակություն հաստատել գետի մյուս ափին։
-Նստիր քո տեղում,- ասաց Լուսիկը,- անհարևան մարդն ու՞մ է պետք։ Էլ չեմ ասում Բերենիկեն էլ լցվում է օր-օրի, էդ ո՞վ է գետն անցնելու, որ խնդրի ձեռքը․․․

 

*

Ամեն ժամանակ իր գեղեցկությունն ունի, և ամեն գեղեցկություն՝ իր ժամանակը։ Հոլիկի ժամանակը անտառափայտի լուղորդի աղջկան տվել էր ինչքան կարող էր։ Բերենիկե՜ն․․․ առո՜ղջ, ոտքերն ուղի՜ղ և երկա՜ր, կուրծքը հեշտանքով լի, շուրթերը՝ մեղրաբույր, աչքերն՝ առեղծվածի պես խոր, բայց բիբերը՝ չգիտես ինչու դեռահաս ձիթապտղի պես փայլատ, դեմքը՝ փոքր-ինչ չեչոտ, մազերը՝ խիտ, բայց թաղիքի պես կոշտ։ Լուսիկը երբեմն անկողմնակալ հայացքով թաքուն նայում էր դստերը․․․ գեղեցի՞կ է, թե՞ գեղեցիկ չէ։ Գուցե հենց դրա համար է, որ․․․
Տարիները․․․ գարուն սիրող տարիները գարնան հետ գալիս, գարնան հետ գնում գնում էին։ Ինչ-որ բան դառնում էր ուշ, ինչ-որ բան դառնում էր հուշ։ Հոլիկի ժամանակն էլ ժլատ պարտապանի պես քիչ -քիչ հավաքում էր իր շնորհները։
«Անտառափայտի լուղարկման գործը միշտ եղել է մեր ընտանիքի ձեռքին,- վերջին շրջանում հաճախ էր խորհում Ռուբենը,- բախտն ինձ արու զավակ չտվեց, հույսս տղա թոռս է, բայց ուշանում է՜․․․ Հատնում է բազուկներիս երկաթը։ Ես դեռ կհամբերեմ, բայց ․․․ երկաթը չի համբերում»։
Մի կիրակի առավոտ դուռը թակեցին․ փեսացու էր՝ հարևան Ծղնոտ՝ էլի Հոլիկի պես փոքրիկ գյուղից, եկել էր իր ծեր մոր հետ։ Ռուբենը ճանաչեց նրան․ արդեն քառասունն անց վատշվեր մարդ էր, կնամոլ, մասնագիտացել էր շուտ-շուտ ամուսնանալու և արագ բաժանվելու մեջ։
-Ես քեզ աղջիկ չունեմ տալու,- ասաց Ռուբենը և զուսպ քաղաքավարությամբ դուրս հրավիրեց տնից։
Ծղնոտեցին փնթփնթալեն հեռացավ։ Ասում էին, որ նա կապված է սապատավոր լեռան վհուկների հետ և նույնիսկ մասնակցում է նրանց գիշերաժողովներին։
-Նայի՛ր Ռուբեն, որ վհուկներին չասի՝ անիծեն և փակեն աղջկադ բախտի դուռը,- զգուշացրին հարևանները։
Ավա՜ղ, ոնց որ թե հարևանները ճիշտ էին ․ տարիներն աննկատ գլորվում էին, բայց դուռը թակող չկար։
-Սև խու՛նկ ծխացրու, և իղձդ կկատարվի,- խորհուրդ տվեցին Հոլիկի ծեր կանայք։
Բերենիկեն հագավ եզրերը թակալած ամենագեղեցիկ շրջազգեստը և մայրիկի հետ գնաց մոտակա գյուղաքաղաքի եկեղեցին, ծխացրեց ստաշխ և հուսավառ վերադարձավ տուն։ Բայց լավ ժամանակները գնալով դառնում էին քաղցր հուշ։ Գետաբազուկի հորդ ջրերում Ռուբենի փոխարեն անտառափայտ էր լուղարկում անծանոթ և էլի ուժեղ մի մարդ։
Բերք ու բարիքով հարուստ գետափնյա հանդերը դարձել էին հատնող, հանգչող անցյալ։ Տունը պահելու համար Բերենիկեն գունզգույն թելերով զառ-վառ մույկեր էր հյուսում և վաճառում։

 

*

Թախծագորով աշուն էր․․․ Բերենիկեն, նստած հին օթոցին, պատուհանից նայում էր Հոլիկ եկող և Հոլիկից հեռացող ճամփաներին, որոնք այնպես տխուր էին ու դատարկ, որ կարծես կյանքը հազար տարի չէր եղել էդ կողմերում։
«Տե՛ր Աստված,- երկար տխուր-տրտում նայելուց հետո վշտահար մի օր շշնջաց Բերենիկեն,- ես ապրեցի քո խոսքով և ծնողներիս խոսքով, ես ապրեցի շիտակ ու մաքուր, բայց ո՞վ գնահատեց ինձ։ Մի՞թե ես անճետ պիտի հեռանամ էս աշխարհից՝ անտեր թողնելով հայրական տունս։ Ինչու՞, ինչու՞ ինձ կյանք պարգևեցիր, եթե ոչ ոք չի վերցնում կնության »
Օ՜, հրաշք, բացվեց ինքը՝ Լռությունը, և Լռության մեջ խոսեց Տիեզերքը, և Տիեզերքի խորքից հնչեց Տիրոջ ձայնը․
«Բերենիկե՛, արդար է քո խոսքը, և ես, որ տերն եմ ամենայն արդարության, քեզ վերցնում եմ ինձ հարսնացու․․․»
Աղջիկը ցնցվեց նստած տեղում․
« Օ՜, Տեր, չեմ հավատում լսածիս, եթե այդ դու՞ ես, նորից ասա՝ խնդրում եմ․․․»։
«Ես քեզ վերցնում եմ ինձ հարսնացու,- աղջիկն իրավ լսեց Տիրոջ ձայնը։
Պահը վերջ չուներ, պահը լցվել էր երկնքից հորդող ուրախությամբ, այդ ուրախության ծովի մեջ
ծովի պես ծփում էր երջանիկ Բերենիկեն , հուզմունքի բռնկումները հասնում էին աստղերին։
«Օ՜, Տեր, ես հասարակ մի աղջիկ․․․ գուցե վերջինը կանանցից, Ես․․․ ինչպես կարող եմ համարձակվել․․․»։
«․․․Քո Տերը չի սիրում սակարկել,- ասաց Կատարյալը,- վաղն առավոտյան, երբ քնից արթնանաս, պատուհանի գոգին դրված կլինի քո նշանի մատանին․․․»։
Ցնծում էր Բերենիկեի սիրտը, հույզերը ժայթքում էին դուրս , և նա քամու պես սուրաց այգու խորքում արևկող անող ծնողների մոտ․
-Ուրախացե՛ք մայրի՛կ, հայրի՛կ, ձեր դուստրն ամուսնանում է, Տերն ինձ ընտրել է իրեն հարսնացու․․․
Ծեր ծնողներն այլայլված նայեցին միմյանց։
-Ո՞վ է քեզ ընտրել,- խղճահար ձայնով հարցրեց հայրը։
-Տերը․․․ մեր Տերը, որ երկնքում է․․․
Հայրն ու մայրը կարեկցանքով մերթ նայում էին միմյանց, մերթ իրենց դստերը։ Նրանց թվում էր, թե Բերենիկեն վշտից զառանցում է։
-Չեք հավատում, հա՞, համբերե՛ք մի քիչ , իմ նշանի մատանին առավոտյան դրված է լինելու պատուհանի գոգին ։
Անքուն գիշեր էր, կարեկցանքով ու անհուսությամբ հոսող գիշեր։ Հայրն էլ, մայրն էլ, Բերենիկեն էլ փուստիկ նիրհի միջից կիսախուփ աչքերով հսկում էին պատուհանը։ Լույսի շողը երևալուն պես երեքն էլ միաժամանակ մոտեցան պատուհանին, որի գոգին դրված էր մատանին և պատկառուկի փոքրիկ մի ծաղկեփունջ։
-Տեսա՞ք․․․ տեսա՞ք, որ ես ճիշտ էի,- ինքնամոռաց ճչում էր Բերենիկեն։
Ծեր ծնողները զարմանքից համրացել էին։ Աղջիկը, վերցնելով մատանին և ծաղկեփունջը, վազեց իր սենյակը։ Մատանին ճշգրիտ իր մատով էր, բայց․․․ բայց այն ոչ ոսկի էր, ոչ արծաթ. գույն չուներ և կարծես թե նման էր երկաթի։ Երկաթե՞ մատանի, աչքերը լցվեցին տաք արցունքներով․ ինչու՞․․․ինչու՞․․․ ախար ո՞վ է եղել իրենից պարկեշտ, մաքուր ու հեզաբարո։
-Տե՛ր, մի՞թե ես դրան էի արժանի․․․արցունքների միջից շշնջաց Բերենիկեն։
— Չէ՞ որ դու էլ գեղեցկուհի չես, բայց ես ընտրեցի քեզ ․․․
Գոյարարի ձայնը սթափեցրեց Բերենիկեին․
-Օ՜, Տեր, ների՛ր նվաստիս,- փայտագործի աղջիկը ներաշխարհից ելնող իր հայացքն ուղղեց այնտեղ, ուր պետք է լիներ Գոյարարը,- ների՛ր, վերստին խնդրում եմ՝ ների՛ր, նվաստիս, ես հենց վաղն ևեթ քեզ համար կպատվիրեմ ոսկի մատանի․․․
-Ո՛չ,- երկինքը բերեց Գոյարարի ձայնը,- միայն նույն մետաղից․․․
-Բայց ինչպե՞ս, Տե՛ր իմ։
-Վա՛ղը մեկնիր Սանդ, Ուռենու փողոցո՛վ գնա մինչև լճակին հասնելը։ Փողոցի ամենավերջին խրճիթի մոտ քեզ կդիմավորի զարդագործը․․․
Առավոտյան շուտ նշված տեղում Բերենիկեին դիմավորեց սրբապատկերի տեսքով զարգարը և հրավիրեց ներս։
-Ես մատանի եմ պատվիրելու,- ասաց աղջիկը, բայց մատի չափսը չգիտեմ, չգիտեմ նաև խնայողությու՞նս կհերիքի, թե՞ ոչ։
-Մի՛ անհանգստացիր,- շատ սիրալիր ասաց զարգարը,- ես աշխատում եմ անվճար, քանի որ իմ հացը հոգում է Տերը, իսկ իմ պատրաստած մատանին անմիջապես ընդունում է կրողի մատի չափը։Քո մատանին էլ ես եմ պատրաստել, տես, թե ի՛նչ գեղեցիկ է նստել քո միջնամատին, նաև նույնքան գեղեցիկ է նստելու, եթե փոխադրես մատնեմատի վրա։
-Ինչպե՞ս ես կարողանում անել դա,- անթաքույց զարմանքով հարցրեց աղջիկը։
-Ինչպե՞ս ես կարողանում դու հյուսել այդքան գեղեցիկ մույկեր, որոնցից մի զույգ վերջերս ձեռք բերեցի ես։
-Օ՜, քիչ էր մնում մոռանայի, ես մի զույգ մույկ եմ բերել քեզ համար։
-Օ՜, ինչ բարի ես, որտեղի՞ց գիտեիս, որ ինձ պետք է ևս մեկ զույգ,-ասաց զարգարը՝ վերցնելով նվերը,- իսկ հիմա դու ինձ սպասես մի քիչ, և ես շուտով կբերեմ քո պատվիրած մատանին։
Զարգարը բավականաչափ արագ վերադարձավ՝ մատանին ձեռքին․
-Կարծես թե երկաթե լինի, այնպե՞ս, չէ,-ասաց զարգարը,- բայց թվում է միայն, այսպիսի մետաղ երկրի վրա չկա․․․
Նույն օրը՝ երեկոյան, քնելուց առաջ Բերենիկեն մատանին անմեռուկների փոքրիկ փնջի հետ դրեց պատուհանի գոգին։ Առավոտյան լույսի փշուրների երևալուն պես երեքն էլ վազեցին պատուհանի մոտ, որի գոգն արդեն դատարկ էր։

 

*

Արևոտ կեսօր էր։ Ծեր մայրիկն ու հայրիկն արևկող էին անում այգում, իսկ Բերենիկեն հյուրասրահում իր գույնզգույն մույկերն էր հյուսում և խորհում, թե ինչ է սպասում իրեն վաղվա օրը, երբ հանկարծ շատ հեռվից, կարծես ուրիշ մի աշխարհից լսվեց՝ « Տա՜ն – դո՜, տա՜ն – դո՜ » արծաթ զանգերի վճիտ ղողանջը․․․
«Ինձ համար է,- շշնջաց Բերենիկեն, և այդ ղողանջը կարծես թե թակում է դուռս,- կգա, անպայման կգա մի օր, մի օր երազս կբերի նրան։ Ղողանջն արդեն թակում է դուռս․․․ Վահ՛, սա երազ չէ, իրոք, ինչ-որ մեկը թակում է դուռս․․․»։
Բերենիկեի սիրտը ծառս եղավ կրծքի տակ։ Հայրիկն ու մայրիկը ներս մտնելիս դուռը չեն ծեծում։ Այնտեղ՝ դռան ետևում կանգնած է անծանոթ մեկը։ Աղջիկը վախից, թե հուզմունքից անէացել, չէր կարողանում պոկվել բազկաթոռից։ Վերջապես գունատ ու երկչոտ մոտեցավ դռանը․․․ Օ՜, հրաշք, իր դեմ կանգնած է իր երազների տղամարդը, գեղեցկությամբ անթերի, հմայիչ ու առինքնող․․․ Տղամարդը, գլխի բարեկիրթ շարժումով ողջունելով աղջկան, մտավ հյուրասենյակ։ Բերենիկեն անմիջապես տեսավ իր մատանին նրա ձախ ձեռքի մատնեմատին։
-Դու՞ ես,- համարյա թե շշուկով հարցրեց նա։
-Այո՛,- հազար տարվա մտերիմի պես ժպտաց տղամարդը,- գնա հրաժեշտ տուր հայրիկիդ ու մայրիկիդ։
Բերենիկեի ծեր ծնողները ցանկապատի դռան մոտից հազիվ հասցրին տեսնել, թե ինչպես է բարձրահասակ, գեղեցիկ տղամարդն իրենց աղջկա թևից բռնած հեռանում Հոլիկի հին ճանապարհով։

 

 

 

 

Ընթերցել նաև