Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Պավանա Րեդի․ «Ես սովորել եմ, որ մարդիկ գրքեր չեն»․ պոեզիա

 

 

Մեր հանդիպումն այլ բան չէր,

քան լույս։

 

Ժպտացի։

 

Ես մի անգամ արևին

պատմեցի քո մասին,

ինձ թվաց՝ նա լցվեց իմ մեջ,

որ քեզ զգա․․․

 

 

*

 

 

Ես բառ եմ փնտրում

նկարագրելու այն ծարավի ճնշող զգացումը,

որ ունենում է ծավալվող օվկիանոսը,

բայց ամենը, ինչի մասին կարող եմ մտածել,

դու ես…

 

Ես ջրային տարբեր մարմիններ եմ անվանել քո անունով,

ու բոլորն ինձ նույն կերպ խեղդել են…

 

 

*

 

Պատկերացրու բոլոր կյանքերը,

որոնց դիպչել ես։

Հիմա մտածիր բոլոր անծանոթների մասին,

որոնք քո կյանքին են դիպչել.

Ասա՛, մի՞թե ամբողջ աշխարհը մեր ուրվականներինը չէ։

 

 

*

 

Ես սովորել եմ, որ մարդիկ գրքեր չեն․

չես կարող էջանիշը թողնել սիրելի էջերում 

և վերադառնալ, երբ միայնակ ես։

 

Երբ գիշերները ցրտում են, և կարիք կա ծանոթ ջերմության,

դու չես կարող վերաբացել ողնաշարը, 

հագնել նրանց էջերն 

և այդ մոլուցքը կոչել սեր։

 

 

*

 

 

Այսօր ես արթնացնում եմ բոլոր կանանց,

որ երբևէ եղել եմ,

լվանում եմ փոշին մազերից, 

համբուրում աչքերի ծաղիկները։

 

Այսօր ես ողջունում եմ «ես»-երիս՝ ներումով,

ու միևնույն ժամանակ թողնում նրանց հեռանալ։

 

 

*

 

 

Դու առեղծված ես ինձ համար,

բայց այնքան ծանոթ, 

Ինչպես երգը որ երբևէ չեմ լսել, 

և մեղեդին, որ իմացել եմ իմ ողջ կյանքում․․․

 

 

*

 

 

Հայրս փոթորիկ էր, 

Մայրս՝ անձրև։

 

Ծնվեցի կրակից ու ժառանգեցի ծովը։

 

 

 

Թարգմանությունը՝  Ամալիկ Բաղդասարյանի

 

 

 

Ընթերցել նաև