Հարցազրույց

«Չիպոլինո»․ բալետ՝ 2 գործողությամբ․ զրույց գլխավոր դերակատար Կարինա Շիկանյանի հետ

 

Երկար դադարից հետո Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ։ Համավարակից հետո առաջին անգամ ներկայացվել է «Չիպոլինո» բալետը՝ 2 գործողությամբ։ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակը զրուցել է գլխավոր դերակատարներից մեկի՝  բալետի պարուհի Կարինա Շիկանյանի հետ։

 

Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ. գործիչ/
Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վալերի Լևենտալ /ԽՍՀՄ ժող. նկարիչ/
Բալետմայստերի օգնական՝ Աննա Մայորովա
Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ

 

ՉԻՊՈԼԻՆՈ՝ Գարեգին Բաբելյան
ԲՈՂԿ՝ Կարինա Շիկանյան
ՄԱԳՆՈԼԻԱ՝ Սոնա Վարդանյան
ԱՐՔԱՅԱԶՆ ԿԻՏՐՈՆ՝ Հայկ Քյուրջյան
ՍԵՆՅՈՐ ՊՈՄԻԴՈՐ՝ Միլիտոն Կիրակոսյան
ԿԱՅՍՐ ԲԱԼ՝ Րաֆֆի Գալստյան

 

 

 

 

Երկար դադարից հետո՝ դարձ ի շրջանս յուր․ «Չիպոլինո» բալետը․․․

 

— Մինչ վիրուսային սահմանափակումները կատարածս վերջին բալետը Կ.Խաչատրյանի «Չիպոլինոն» էր: Մեկ տարի առաջ պրեմիերան էր, ես՝ Բողկի գլխավոր դերում: Եվ հիմա՝ մեկ տարի անց, այսքան մեծ դադարից հետո, ասես նորից առաջին անգամ հանդես գայի այդ դերակատարմամբ: 

«Չիպոլինո» բալետը Երևանում բեմադրվեց 2018 թվականին: Ժամանեց հենց ինքը՝ բալետմայստեր Հենրիխ Մայորովը: Ինձ բախտ վիճակվեց մի քանի ամիս աշխատել նրա հետ: Աննկարագրելի հաճելի բեմադրական ընթացք էր, ես տղա երեխա Բողկիկի կերպարն էի մարմնավորում: Իմ առաջին պերսոնաժային դերն էր թատրոնում: Մինչ օրս էլ հիշում եմ Պարոն Մայորովի նկատողություններն ու խորհուրդները:

 

 

Ներկայացման փորձերը դիմակներով․ համավարակային դժվարություններ․․․

 

— Հոգեպես նախապատրաստվելը բարդ էր: Դիմակով, իհարկե, մեզ համար անհնարին էր պարելը։ Մի կողմից՝ վարակվելու անընդհատ հետապնդող մտքերը, մյուս կողմից՝ հասարակության ճնշվածությունն էր․ լարված իրավիճակ էր, բայց ի զարմանս ինձ, հանդիսասրահը բազմամարդ էր, ազատ տեղ գրեթե չկար, ջերմացնող ծափողջույնները լսվում էին ամեն անկյունից: Երբևէ չէի ունեցել անհանգստության զգացողություն բեմ դուրս գալուց առաջ․ երբ հաճախ ես ելույթ ունենում, սովորության պես է դառնում, բայց այս անգամ ծայրահեղ մեծ պատասխանատվություն էի զգում, առավել ևս, երբ հանդիսասրահում ամենակարևոր հանդիսատեսն էր՝ մանուկը: Երեխաներն ամենախիստ քննադատներն են, եթե չեն ուրախանում, չեն ծիծաղում, ապա անիմաստ ենք բեմ դուրս եկել: Վարագույրը բացվելուն պես՝ զվարթ ձայներն ենք լսում, դա շատ է ոգեշնչում: Վնասվածքների մասին չեմ խոսում, անբաժան ընկերներս են, և ոչ միայն իմ: Միշտ կատակում ենք այդ թեմայով, երբ կոստյումներն ու գլխարկներն են բաժանում, խնդրում ենք մի զույգ ծնկներ էլ բերեն, որ փոխարինենք (ժպտում է):

 

 

Բեմական հագուստը՝ կերպարի լիարժեքություն․․․

 

— Ունենք հիասքանչ բալետներ, խաչատրյանական բոլոր բալետները, դասական նմուշները: Բայց դա չի բավարարում այսօրվա չափանիշներին, անհրաժեշտ են ժամանակակից ներկայացումներ, նոր շունչ: Բալետի խմբի խնդիրը չէ սա, այլ պետության համատարած խնդիր է, որը վերաբերում է բոլոր թատրոններին: Անգամ կոստյումների խնդիր ունենք: Ահռելի գումարներ են հարկավոր մեծ ու շքեղ ներկայացումներ բեմադրելու համար, ամեն կոստյումի ամեն փայլփյուն քարը գումար արժե, դա շատերը չեն գիտակցում: Հարկավոր են հատուկ մասնագետներ, որոնք կարող են մեր դերձակներին սովորեցնել «թութու» կարելու արվեստը: Հատուկ գրագիտություն է պետք բալետային կոստյում կարելու համար․ չէ՞ որ գեղեցիկ լինելուց բացի այն պետք է նաև հարմար և թեթև լինի: Մանրուքներ են, բայց ծայրաստիճան կարևոր մանրուքներ են, չի կարելի դա աչքաթող անել: Հույս ունեմ՝ շուտով նպաստել այդ զարգացմանը, իսկապես երազանք է:  Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև յուրաքանչյուր արտիստի դերի լիարժեքությունը նաև ճիշտ, համապատասխան, տպավորիչ հանդերձանքով է պայմանավորված։ Այս առումով փորձում ենք հարմարվել եղածին՝ ավելի ու ավելի կենտրոնանալով հենց բալետի վրա։ Մեծ երազանք ունեմ տեսնել արվեստի այս բացառիկ, ինչ-որ առումով վերացող տեսակի արժանի ծաղկունքը։

 

 

Արվեստագետն ու արտագաղթը․․․

 

— Երևի իմ երազանքներից է, որ Երևանյան թատրոնը աշխարհի մշակութային մեծ կենտրոններից մեկը լինի: Հպարտանալու և տխրելու մի առիթ ունենք՝ բալետի ամբողջ խմբում միայն հայեր են: Նման երևույթ հազվադեպ է հանդիպում արտերկրյա բալետային թատրոններում: Մեր թատրոնը չի դիտարկվում արտերկրյա դպրոցների կողմից, որ Եվրոպայից, Ռուսաստանից կամ Չինաստանից արտիստներ գային և աշխատեին այստեղ: Այդուամենայնիվ, հայերն արտագաղթում են․ ունենք հիասքանչ հայ արտիստներ Գերմանիայում, Շվեցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ամեն տեղ: Ամեն անգամ որևէ երկրի սահմանը հատելիս, ես էլ եմ մտածում Հայաստանը լքելու մասին, դա այքան էլ բարդ չէ, բայց միևնույն է՝ վերադառնում եմ: Երևանի օպերան տան պես հարազատ եմ համարում, փորձում եմ իսկապես լավ արտիստ լինել իմ հայրենիքի համար: Պակասում են հյուրախաղերը, անկախ կորոնավիրուսի սահմանափակումներից: Մեզ օդի և ջրի պես հարկավոր է աշխարհով մեկ պտտվել, ծանոթանալ ու շփվել այլ արտիստների հետ, ճանաչել իրենց մշակույթը, սովորել և սովորեցնել: Արտիստները արտագաղթում են, որովհետև ծարավ են, որովհետև մեր խաղացանկը չի բավարարում․․․

 

 

 

Ծանոթագրություն 

/Աղբյուրը՝ opera.am /

ԲԱԼԵՏ 2 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հեքիաթ քաղաքի հրապարակ: Միայն կարող է թվալ, թե այդտեղ սոսկ բանջարեղենի զամբյուղներ և մրգեղենի արկղներ են: Իրականում դրանք մեծ ու փոքր տնակներ են, ուր «բնակվող» մրգերն և բանջարեղենը, այնքա՜ն նման են մարդկանց…

Հրապարակում հանդիպում են Բողկերի ու Սոխերի ընտանիքները: Մայր Չիպոլան և հայր Չիպոլոնեն զսպում են չարաճճի Չիպոլինոյին, որին արդեն հոգնեցրել է քույր Չիպոլետտային խնամելը: Հենց այդտեղ էլ վարպետ Խաղողահատիկն զբաղված է կոշիկ վերանորոգելով: Քավոր Դդումն աղյուս է փնտրում, որ իր համար  տնակ կառուցի: Պրոֆեսոր Տանձը ջութակ է նվագում, և հեքիաթային քաղաքի բոլոր բնակիչները պարում են: Անսպասելիորեն հրապարակ է ներխուժում սենյոր Պոմիդորը և հայտարարում, որ ուր որ է ժամանելու է արքայազն Կիտրոնը, որն ուզում է խոսել իր ժողովրդի հետ: Արքայազնը նոր օրենք է ընդունել. ամեն ոք, ում համար փայլում է արևը, անձրև է գալիս ու փչում քամի, պետք է հարկ վճարի,:

Ժողովուրդը վրդովված է: Ծայր առած հրմշտոցի ժամանակ Չիպոլինոն տրորում է Կիտրոնի ոտքը: Թիկնապահները զայրացած են՝ ախր վիրավորել են թագաժառանգին: «Խռովարարին» հարկ է պատժել: Սակայն նա անհետանում է, և պահակախումբը ձերբակալում է ծեր Չիպոլոնեին: Վիշտը միայն Սոխերի ընտանիքինը չէ: Դդումի բանն էլ հեշտ չէ. ինքը միայնակ չի կարող իր համար տնակ կառուցել: Եվ քաղաքի բնակիչները՝ Չիպոլինոյի գլխավորությամբ, օգնում են նրան: Շինարարությունն ավարտվելուն պես կրկին հայտնվում է սենյոր Պոմիդորը: Քիչ է մնում զայրույթից պայթի, երբ տեսնում է տնակը. չէ՞ որ կառուցել է Բալ-կոմսուհիների հողում: Նրանցից բացի, ոչ ոք իրավունք չունի դրանից օգտվելու:

Արքայազն Կիտրոնի պահակախումբը քանդում է Դդումի տնակը: Հուսահատ է խեղճ ծերուկը: Չիպոլինոն որոշում է վրեժ լուծել նրան վիրավորողներից:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Չիպոլինոն ընկերուհու՝ Բողկիկի հետ գնում են պալատ գտնելու զնդանի տեղը, ուր Կիտրոնը բանտարկել է ծեր Չիպոլոնեին: Ճանապարհին նրանք հանդիպում են փոքրիկ Բալին, որին ձանձրացրել է  արքունիքը, որտեղ իրեն միայնակ է զգում: Նրանց միջև ընկերություն է ծագում: Բանտարկյալին փնտրելիս ընկերները քիչ է մնում ընկնեն սենյոր Պոմիդորի ձեռքը, սակայն նրանց հաջողվում է փրկվել: Մինչ ընթանում է պարահանդեսը, որը Բալ-կոմսուհիները կազմակերպել են ի պատիվ արքայազն Կիտրոնի, ընկերներն ազատում են ծերուկ Չիպոլոնեին:

Կիտրոնիկների պահակախումբը և ոստիկաններն ամենուրեք փնտրում են փախստականներին: Չիպոլինոն թաքցնում է հորը, ապա նաև Բողկիկին, սակայն իրեն՝ Չիպոլինոյին, կալանում է պահակախումբը և նետում բանտ: Ամրոցում լռություն է, Բալը և գեղեցկուհի Մագնոլիան փնտրում են Չիպոլինոյին: Մագնոլիան իր արբեցնող բույրով քնեցնում է բանտապահներին, և Բալը, կապկպելով նրանց՝ ազատում է Չիպոլինոյին:

Արքայազն Կիտրոնն իջնում է ստորգետնյա բանտը, պատժելու համար հանդուգն խռովարարին, բայց տեսնում է զնդանը դատարկ: Կատաղած արքայազնը հրամայում է հրետակոծել քաղաքը: Սակայն Չիպոլինոն և ընկերները հենց իրեն՝ Կիտրոնին են խցկում հրանոթի մեջ:

Ցրվում է պայթյունի ծուխը: Չկան ո՛չ Կիտրոնը, ո՛չ հրանոթը, ո՛չ պահակախումբը: Այսուհետ հեքիաթ քաղաքում բոլորն ապրելու են խաղաղ ու ապահով: Բարեհամբյուր արևի ու կապույտ երկնքի ներքո ծնվելու է մի նոր քաղաք: Բարեկամության քաղաքը…

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի և opera.am-ի արխիվից։

© Երևանյան Էսքիզ 2021

 

 

 

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև