Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Շարմաղ Հարությունյան․ «Ցուրտ լռություն»․ բանաստեղծական շարք

 

 

Ցուրտ լռություն է

շուրթերիդ կարմիր ձյուների վրա,

ու մրսում են մերկ

բառերն անշապիկ…

Հեգ լռությունդ խաչաձևվվում է

անտարբերության

սնամեջ բնին,

ու ցավախեժը ծորում է խորքից

անկեղև սրտի…

 

Եվ արևելյան մի թախծոտ

քամի

մատներն է քսում

քո սրտից կախված

լարերին վինի.

դու արտասվում ես`

զմրուխտ աչքերիդ

ցոլքերը դեղին

փռելով ցավի

շեկ հորիզոնին…

 

Ինչու՞ ես սիրտդ

դու վարագուրել

բեկված լույսերի

ստվերներով մութ.

այդ ներփախուստը

նահա՞նջ է արդյոք

զվարթուն ու ջինջ

լույսերի առաջ,

որ էլ քոնը չեն…

Ասա’, դու ինչու՞

սիրտդ փակեցիր

ու թույլ տվեցիր,

որ հողում թաղեն

լույսդ խնկարկման

ու ավետիսի…

 

Եվ ու՞ր ես գնում`

մույկերդ թողած

կյանքի հորդահոս

ջրերի ափին…

դու ոտաբոբիկ

կարո՞ղ ես անցնել

խարկված ավազի

ողորկ մարմնով…

Հիշի՛ր․ դարձ չունեն

քայլերը տանջված,

քայլերը` մոլոր.

ջուրը կտանի

մույկերդ լքված…

 

 

*

 

         

Հարատև

այս

մենությունը

ճյուղավորվում է

անվերջ

երակներում

վերջին հույսի,

արյունը դառնում է

կապույտ,

արյունը դառնում է

ցամաքող գետ…

Հարատև

այս

մենությունը

չընդհատվող

աղոթք է`

կյանքի ու մահվան

եզրագծերին…

 

 

*

 

 

Ինչու՞ չեն ժպտում

առավոտները.

ո՞վ է հասկանում

ցավը

գիշերվա…

Իմ տխրությունը

բուերից հարցրու,

նրանք լա’վ գիտեն

գինը

մթության…

 

 

 *

 

 

Ինչ թափանցիկ է

ձայնը լռության,

սի’րտ,

մի’ շշնջա

և

ոչ մի

հնչյուն…

Թու’յլ տուր

լուռ հեղեմ

արցունքս կապույտ,

անբառ օրորվեմ`

հանց դաշտի

առվույտ…

Թու’յլ տուր

լուռ գրկեմ

ուսերը բառի,

որ գեթ մի հնչյուն

ցավից չմեռնի…

Սի’րտ իմ,

դու լռիր

ու մի’ հարցրու`

ինչու՞ եմ տխուր,

ինչու՞ են ներսիս

ձյուները

կարմիր…

 

 

 *

 

 

Ես չեմ կարողանում որսալ

Պահը թափանցիկ

Եվ ձայները, որոնց արձագանքը

Քարանում է հիշողության

Մամռապատ պատին,

Սկիզբն ու վերջն օրվա

Եվ արթնանում եմ

Վաղուց փոշիացած

Անանուն մի պահի մեջ…

Անժամանակ,

Անսկիզբ

Ու անվերջ օրերի

Մի ծերացած օրացույց է ննջում

Կյանքիս գետնահայաց

Պատին…

 

 

*

 

 

Հեռվից մոտեցող ոտնաձայները

մեռան դռան մոտ…

Սպասումից ժանգոտած դուռը

արձակեց իր վերջին թառանչը.

մենակությունը դողաց կարոտից

և մերկ ուսերին գցեց

մոռացության

շալը մշուշե…

 

 

 

Ընթերցել նաև