Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Շամրիկ Խաչատրյան․ «Մայրիկիս պատմած «Կախարդական ծաղիկը» մինչև օրս էլ մնացել է իմ ամենասիրելի հեքիաթը»․ զրույց

 

«Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջնակ է լինում, անունը՝ Անահիտ…»․ այսպես էր սկսում մայրս իմ մանկության ամենասիրելի հեքիաթը՝ «Կախարդական ծաղիկը»: Մայրս շատ հեքիաթներ էր պատմում ու կարդում փոքր եղբորս և ինձ համար։ Երբեք չէի հոգնում դրանք լսել, բայց միշտ քնելուց առաջ մորս խնդրում էի հենց այդ հեքիաթը պատմել: Հեքիաթի փոքրիկ հերոսուհուն մի բարի կախարդուհի ծաղիկ է նվիրում՝ կախարդական ծաղիկ, որը ցանկություններ էր կատարում, բավական էր միայն մի թերթիկ պոկել ու ասել մոգական խոսքերը: Աղջիկը կախարդական ծաղկի վեց թերթիկներն օգտագործում է անկարևոր ցանկությունների համար՝ կպցնում է իր՝ անզգուշաբար կոտրած, մայրիկի սիրելի ծաղկամանը, ձեռք է բերում աշխարհի բոլոր խաղալիքները, հետո՝ դրանք նորից հետ ուղարկում խանութները և այլն: Եվ միայն, երբ մնացել էր ծաղկի վերջին թերթիկը, որոշում է լավ մտածել մինչև այն պոկելը, ու օգնում է հենակներով քայլող մի տղայի՝ ազատվել հենակներից ու առողջանալ: Ամեն անգամ այդ հեքիաթը լսելիս, ես ինձ էի պատկերացնում փոքրիկ աղջկա տեղում ու երազում էի մի այդպիսի կախարդական ծաղիկ ունենալ, որ կարողանայի բարի գործեր անել ու օգնել բոլորին:

Ինչպես վերջերս պարզեցի, սա ռուս խորհրդային գրող Վալենտին Կատաևի գրած «Յոթնագույն ծաղիկը» հեքիաթն էր, ու երկու մուլտիպլիկացիոն ֆիլմեր կան այդ հեքիաթի հիման վրա:

Հետագայում շատ հեքիաթներ կարդացի՝ հայկական ժողովրդական հեքիաթների՝ մեր տանը եղած բոլոր հատորները, Գրիմ եղբայրների, Անդերսենի, Շառլ Պերրոյի, Օսկար Ուայլդի, Թումանյանի, Աղայանի հեքիաթները, բայց «Կախարդական ծաղիկը» մինչև օրս էլ մնացել է իմ ամենասիրելին, գուցե այն պատճառով, որ մորս շատ վաղ հասակում կորցրի, իսկ նրա պատմած այդ հեքիաթը նվիրական ու թանկ հուշեր է արթնացնում իմ մեջ:

Երբ փոքրիկ հյուրեր եմ ունենում, ու ծանոթության սկզբում կաշկանդվում, քաշվում են, նրանց միշտ այդ հեքիաթն եմ պատմում, ու հաջողությունն ապահովված է՝ անմիջապես ընկերանում ենք:

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև