Հարցազրույց Նորություններ

«Նրան, ով նամակներ չի կարդում»․ շուտով լույս կտեսնի երիտասարդ գրող Օֆելի Դալաքյանի նոր գիրքը

Օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» կարճ պատմվածքների գիրքը։

Գրքի ստեղծման պատմության, առանձնահատկությունների, գրադարանավարի աշխատանքի, արդի գրականության մասին զրույցը հեղինակի հետ՝ ստորև։

 

 

 

 

 

 

Գրադարանային աշխատանքը՝ գրականությանը սեր խոստովանելու ևս մեկ միջոց․․․

 

— Սիրած օբյեկտիդ մոտ լինել է նշանակում նաև։ Գրադարանում հնարավորություն ունեմ  «լսել» գրողների լռությունը, զգալ նրանց ներկայությունը։ Մինչ գրադարանում աշխատելը, կարծում էի, որ այնտեղի աշխատողները ողջ օրը կարդում են, բայց իրականությունն այլ էր․ երազում եմ մի քանի րոպե հասցնել կարդալ։ Դրա հետ մեկտեղ գրադարանավարի աշխատանքը հետաքրքիր, առանձնահատուկ ու պատասխանատու է․ դու անընդհատ անցյալի ու ներկայի խաչմերուկում ես, պիտի այդ հավասարակշռությունը կարողանաս պահել և ճիշտ ուղղորդել ընթերցողներին։ Ես դեռ շատ անելիքներ ունեմ այս ոլորտում, հուսով եմ ինձ կհաջողի իրականացնել։

 

Ժամանակակից գրականությունը՝ Խորհրդային մթնոլորտը մինչ օրս որոշակիորեն պահպանող գրադարաններում և այդ մտածողությունը կրող հասարակության հետ համընթաց․․․

 

— Այդ մթնոլորտն ինչ-որ տեղ «օգնում է» նաև արդի գրականությանը, որ ցանկացած ժամանակաշրջանում, անկախ ընթերցողների պահանջներից, չերերա։ Եվ պիտի փաստեմ, որ ժամանակակից գրականությունն այսօր իր տեղն ունի գրադարակներում, իր ընթերցողները, և հենց այդ նույն Խորհրդային մթնոլորտը կրող գրադարաններում գրադարանվարն է ներկայացնում արդի գրողներին, նրանց գործերը։

 

«Նրան, ով նամակներ չի կարդում». կարճ պատմվածքներ՝  երկար ուղեկցվող տպավորություններով․․․    

 

— Երկրորդ գիրքս է, բայց առաջինի սպասումով։ Պատմվածք գրելը միշտ նմանեցրել եմ երեխայի ծնունդի։ Ամեն նոր ծնունդ նոր հույս է՝ հույս, որ աշխարհն ավելի լավն է, քան մենք պատկերացնում ենք, և, որ ճիշտ ժամանակին ենք ծնվել։ Նույնն էլ պատմվածքներս՝ պիտի հասունանա պահը, որ գրվեն։ Եվ, ինչպես ծնողները չեն կարող տարբերություն դնել իրենց զավակների միջև, այդպես էլ ես չեմ կարող շատ ու քիչ սիրել պատմվածքներս։ Եթե կարճ պատասխանելու լինեմ, ապա կասեմ՝ «Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը սերս է առ աշխարհ։

 

 

Մեր ժամանակի հերոսը․․․

 

— Սահմանամերձ գյուղի բնակիչը։ Եվ սա պայմանավորված չէ վերջին իրադարձություններով, միշտ իրենք են եղել իմ հերոսները․․․ Պայթյունների ձայնի տակ քնող ծերունին, որի համար սովորական են դարձել այդ ձայները, վախը սրտում երեխային կերակրող մայրը, դաշտում ՝ մահվան գույժը գլխին կախված աշխատող տան հայրը։ Այ իրենք են, որ ապրելու հույս են տալիս, որ ներշնչվում ես իրենց կյանքով, իրենց տոկունությամբ ու չհանձնվելու անսպառ ուժով։

 

Ժամանակից դուրս մնացող գրականություն. դասականը երաշխի՞ք է, թե՞ ոչ մի գրականություն էլ ապահովագրված չէ ժամանակակից ընթերցողի քմահաճությունից․․․

 

Շատ հարաբերական է երաշխիք ասվածը, ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոփոխվել, հետևաբար գրականությունն էլ չի կարող դրանից խույս տալ։ Առանց արմատների ծառի գեղեցկությունն ու «բովանդակությունը» չի երևա։ Նույնն է նաև գրականության պարագայում։ Ժամանակակից ընթերցողը պիտի ծանոթանա  գրական արմատներին, որպեսզի կարողանա ընկալել գրականությունն առհասարակ։ Պիտի գրական անցումները, ժամանակաշրջանը զգա, ունենա գրական հոտառություն, կարողանա տարբերել հեղինակներին՝ զուգահեռներ տանելով, որից հետո միայն կարող է ընտրել՝ ի՞նչ կարդալ, ո՞ր շրջանի գրականությանը նախապատվություն տալ։

 

Ձեր կարդացած վերջին գիրքը․․․

 

— Նարինե Աբգարյան «Զուլալի»․ սիրուն որակով գործ էր։ Նարինե Աբգարյանի գրականությունը մաքուր ու խաղաղեցնող է։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2021

 

 

 

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

Ընթերցել նաև