#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Սևանի կացարանում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 10․10․2020/խումբ 1

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ

 

2020 թվականի Հոկտեմբերի 10-ին կայացավ «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի առաջին հանդիպումը՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կացարանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մանուկների հետ։ 

120 երեխաները և նրանց հետ հանդիպման եկած մտավորականները բաշխվեցին 4 խմբի՝ ընթերցումներն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ստորև՝ առաջին խումբն է։ Գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը, դերասանուհի Նունե Հակոբյանը, գրող, թարգմանիչ, հեղինակ-կատարող, Հանրային ռադիոյի լրագրող Էլիզա Մխիթարյանը երեխաների համար ընթերցեցին Հովհաննես Թումանյանի, Ռուբեն Հովսեփյանի հեքիաթները, հանելուկներ։ Անցկացվեցին խաղեր, թեմատիկ քննարկումներ։ Մանուկներին փոխանցվեցին նախապես հավաքագրված, ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները։

— Մեր մանուկները միշտ ժամանակից շուտ են մեծանում, միշտ ԿԱՐՄԻՐ ՁԵՌՔԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ: Հիմա, ավելի քան երբևէ, մանուկներին կապույտ հեքիաթ է պետք․․․ Նախագծի շրջանակներում այցելելու ենք այժմ ՀՀ տարբեր մարզերի կացարաններում ապաստանած արցախցի մանուկներին՝ հեքիաթների ընթերցումներով, նվիրելու ենք գրքեր, գրենական պիտույքներ, կրթական պարագաներ, որոնք հավաքագրվում են նախապես հայտարարված գրքահավաքի ընթացքում և ձեռք բերվում ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձանց, կազմակերպությունների շնորհիվ։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ խաղեր, մշակութային, զարգացնող քննարկումներ, թեմատիկ և ոչ թեմատիկ ուսուցում, — ահա այս նախաբանով մեկնարկեց  #Նվիրիր_հեքիաթ նախագիծը՝ նախաձեռնության հեղինակ՝ գրող, թարգմանիչ, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար Մարգարետ Ասլանյանը՝ համախմբելով նախագծի շուրջ հրատարակիչ ընկերներին («Էդիթ Պրինտ» հրատարակչություն, «Անտարես» հրատարակչություն, «Արևիկ» հրատարակչություն, «Նորք» ամսագիր, «Գրքամոլ» հրատարակչություն, «Գրանիշ» գրական համայնք), մտավորականներին, ընթերցողներին, կամավորներին, Սփյուռքի հայրենակիցներին, ծանոթ-անծանոթ այն բոլոր մարդկանց, որոնք իրենց ներդրումներով, աջակցությամբ նույնպես միացան նվիրական գործին։ 

 

Գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը կիսվում է տպավորություններով․

«Զգացմունքների տեղատարափ է բոլորիս մոտ, անպատմելի ապրումների փոթորիկ։ #Նվիրիր_հեքիաթ նախաձեռնության մեկնարկը պատմել չի ստացվի, դա ԲԱՑԱՌԱՊԵՍ ԶԳԱԼ ԷՐ ՊԵՏՔ։ Լուսանկարները կասեն ավելին, քան այս մի քանի դրվագները, որոնցով կամփոփեմ Սևանի կացարան այցելության մեր առաջին օրը, և, քանի որ բալիկները շատ էին, մտավորականների խումբը բաժանվեց 4 թևի՝ ընթերցումներն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ինչպես պիտի պարզվեր տունդարձի ճանապարհին, մեզ՝ ինձ, Nune Hakobyanին, Էլիզա Մխիթարյանին բաժին էր ընկել ամենաչարաճճիների, ծույլիկների, բայց ամենաաաաաուրախների խումբը, որոնց ընտրեցի սրտով😂։

😀«Դուք հիմա ամեն օր պիտի գաք դասավանդե՞ք, — հարցնում է ճարպիկ Ֆլորան, որը, ինչպես հետո պարզվում է, դասերի հետ աչքով աչք չունի, «հեռվից գալով» փորձում է վերահսկել «իրավիճակը», գլխի գալիքը գուշակել😂։

☺️«Հիմա բոլորդ ժպտացեք, կախարդական հեքիաթներ ենք կարդալու ձեզ համար», -ասում եմ ես։ «Կասկեն դրել ենք, պա վո՞ւնց ա էրևալու որ ժպտում ենք», — ամենայն լրջությամբ դիմակի արանքից պատասխանում է քաղցր կարկանդակ հիշեցնող կլոր թուշիկներով Արկադին, ու բոլորս զվարթ ծիծաղում ենք☺️։

🙃😂«Ես հեքիաթ չեմ կարդացել։ Ես կարդալ չեմ սիրում, -ասում է Անետը, ապա հայացք գցելով մեր կողմից բերված՝ Թումանյանի հեքիաթների նկարազարդ գրքին, աչքերը կայծկլտում են,- «Էս գիրքը վերջում կտա՞ք ինձ, կլինի՞ ես վերցնեմ էս գիրքը, էս գիրքը ՊԻՏԻ ԻՄԸ ԼԻՆԻ», — ժպտում ենք ու ասում, որ բոլոր գրքերն էլ իրենց համար ենք բերել։ Զարմանում են՝ մանկանը հատուկ անկեղծ զարմանքով․ այսքա՜ն գիրք, բոլո՜ր գրքերը․․․

«Ես… մի քանի հեքիաթ կարդացել եմ… Մեկ էլ Մուրացան,- ասում է` տասը տարեկանը հազիվ թե բոլորած, խելացի աչքերով Ալլան` ծույլիկ- չարաճճի ընկերներին փրկելով»😊:

☺️Պատմական պահ է՝ շատ մանուկներ առաջին անգամ են հեքիաթ լսելու, ոչ ոք չի կարդացել իրենց համար հեքիաթ, իրենք էլ չեն կարդացել․ թաքուն հուզվում եմ։ Կարդում եմ ներկա երեխաներից շատերի կյանքի ԱՌԱՋԻՆ ՀԵՔԻԱԹԸ՝ պատահականության սկզբունքով ընտրելով Ռուբեն Հովսեփյանի «Կակաչները»։ Ով ծանոթ է այս հեքիաթին՝ կհասկանա, թե ինչպես է մի քանի րոպեների ընթացքում հուզմունքս բազմապատկվում, և վերջին տողերը ձևափոխելով եմ ընթերցում։ Ջերմագին ծափահարում են, մի աղջնակ գիրքը վերցնում, ամուր սեղմում է կրծքին, իսկ ես շարունակում եմ մտածել, թե ինչո՞ւ ՀԵՆՑ ԱՅԴ ՀԵՔԻԱԹԸ ու ՀԵՆՑ ԱՅԴ ՊԱՀԻՆ․․․

☺️Nune Hakobyanը մի այնպիսի տոն է ստեղծում վայրկյանների ընթացքում՝ դերասանական վարպետությամբ մատուցելով Թումանյանի «Ծիտը», որ խինդն ու ծիծաղը կացարանով մեկ թևածում են՝ երջանկացնելով թե՛ ծնողներին, թե՛ տատիկներին ու պապիկներին․ վերջապես, վերջապե՛ս այս կեղեքող օրերի ընթացքում երեխաները ժպտում են, ավելին՝ «Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ» երգում😂։

Էլիզա Մխիթարյանը հանելուկներ է կարդում․ այլևս վե՛րջ, մինչև երկինք աղմուկ-աղաղակ է, կչկչոց, զրնգուն ծիծաղ։ Գուշակողն ընտրում է իր գիրքը, ոգևորությունն ու հաղթելու ձգտումը գագաթնակետին են։ Հա՛, ու Անետն ի վերջո «իրենով է անում» Թումանյանի նկարազարդ գիրքը՝ հաղթական ու վստահ ժպիտով․ դե, ասում էր չէէէ՝ «էս գիրքը ՊԻՏԻ ԻՄԸ ԼԻՆԻ»😂։

☺️Դուրս ենք գալիս բակ։ Տատիկները, մայրերը շնորհակալություն են հայտնում, երախտիքով պատմում, թե որքան լավ են իրենց մասին հոգ տանում կացարանում, հուզվում ու հուզվում են։ «Հուզվել չկա, մենք էլ գալու ենք ձեզ մոտ՝ Արցախ, ապա տեսնենք ի՜նչ ժնգյալով հաց եք մեզ հյուրասիրելու, ա՛յ մարդ, վերջը էդպես էլ չփորձեցի, չիմացա էդ ինչ բան է, համե՞ղ է», — անմիջական հարցնում եմ ես, ու ուրախանում են, շատ են ուրախանում, ասես հարազատ մի բանից եմ խոսում, շաաա՜տ հարազատ բանից։ Խոստանում են՝ կթխեն, ու պիտի գնանք Արցախ։

Հետո նստում ենք բակի նստարանին, մեծ տատը շշուկով ասում է ինձ՝ «այ բալա, վախենում եմ, շատ եմ վախենում, բա որ էն անտերը բերեն քցեն մեր զինվորների մեջ, էն վիրուսը, անընդհատ, անընդհա՛տ էդ եմ մտածում այ բալա ջան»։ Գրկում եմ, համբուրում, հավատացնում, որ ամեն բան լավ է լինելու․․․

☺️Երեխաները մեզ գրկելով, ճզմելով, համբուրելով, վզներիցս կախվելով տանում են կացարանի հետնամաս, ծանոթացնում արծվի, շան, ճագարների հետ, ապա հարայ-հրոցով հրում` ցամաքին շարված մոտորանավերի վրա, ու սկսում գժություններ անել, այնպիսի թափով օրորել, որ բոլորս իրար վրա ենք ընկնում՝ մեծից-փոքր, իսկ այս չարաճճիները սուլում են հրճվանքից, բարձր ծիծաղում😂։

📷Հետո մեկ էլ տեսնում ենք՝ լուսանկարչական ապարատով «չխկացնելու» հերթ է գոյացել․ բոլորը միահամուռ ուժերով որոշել են լուսանկարիչներ դառնալ, մեկը մյուսին չի զիջում, նկարում են բոլոր գժությունների խայտառակ կադրերը😂։

☺️«Ի՜նչ լավն եք դուք․․․ Ի՜նչ սիրուն մազեր ունեք, վա՜խ ես էլ եմ սենց մանիկյուր ուզում, սենց թարթիչներ, վաաաա՜խ, սենց մազերի գույն․․․ Մի գնացեք, խնդրում ենք, չգնաք էլի, շատ ենք խնդրում․․․»,- տպավորված արտահայտվում են թիթիզ, մեկը մյուսից սիրուն աղջնակները՝ անընդհատ գրկախառնվելով, պոկ չգալով մեզնից։

«Պիտի գնանք, հետո էլի կգանք, պիտի ուրիշ մանուկների մոտ էլ գնանք, իրենց էլ նվիրենք հեքիաթ։ Ահա, կանչում են արդեն, մեքենան մեզ է սպասում, դե, այս ուրախ նոտայով՝ եկեք մեզ ճանապարհեք», -ասում եմ ես, ու Համբարձումը բոլորից առաջ ընկնելով` վազում է «պոստերը ստուգելու», հայտնաբերում է, որ մեքենան դեռ չի մոտեցել, բացականչում է՝ «էս մեզ ցրում էիք, խաբում էիք, որ ծլկեք, չի՛ ստացվի, մնա՜լու եք»😂😂😂։

Մի քանի րոպեից մեքենան մոտենում է։ Բոլորին պինդ-պինդ գրկում ենք, բոլորը մեզ պինդ-պինդ գրկում են։ Ծանր բաժանում է։ Խոստանում ենք՝ էլի կգանք, բայց ԱՐՑԱԽ☺️։

❤️«Բա ձեր տունը որտե՞ղ է»,- հարցնում է ութամյա Լենան։ Նայում եմ աչքերին՝ զգում, որ կարոտել է սեփական տունը, հողը՝ Արցախը, որ ուզում է խոսել սեփական տան, հողի՝ Արցախի մասին, բայց զգուշորեն ու խնամքով լռում է սեփական տունը, հողը՝ Արցախը․․․

❤️Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ…»։

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

 

Ընթերցել նաև