#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Սևանի կացարանում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 10․10․2020/խումբ 3

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։

 

2020 թվականի Հոկտեմբերի 10-ին կայացավ «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի առաջին հանդիպումը՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կացարանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մանուկների հետ։ 

120 երեխաները և նրանց հետ հանդիպման եկած մտավորականները բաշխվեցին 4 խմբի՝ ընթերցումներն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ստորև՝ երրորդ խումբն է։ Գրող, մանկավարժ Նաիրա Աբրահամյան կիսվում է իր տպավորություններով․ 

«Պատերազմի մասին մի ազդու ու ծանր հոդված էի կարդում։
Տղաս փոքր էր, խաղալիքները շուրջբոլորը լցրած՝ անհոգ խաղում ու քթի տակ անտառ ու բառ մի երգ էր երգում։ Գլուխս բարձրացրի, խաղաղ էր պատկերը, ժպտացի․
-Դա՛վ, պատերազմներն ինչու՞ են լինում,- հարցրի։
-Որ մենք խաղալիքներ էլ չունենանք։
․․․Մեքենան սլանում էր Երևան-Սևան մայրուղիով, սլանում էր արդեն աշուն հագած ճանապարհի երկայնքով։ Գնում էինք։ Ընկերներս լուռ էին, գուցե և անէացած՝ ապրած մորմոքի սպեղանին փնտրելով։ Սիրտս մրմռում էր կամ էլ թե՝ նռռում։ Երկնքին նայեցի, ինքն էլ էր պապանձվել, կախեցի գլուխս։
Մեքենան շարունակում էր ընթացքը՝ աշնան գունազադ նկարը ճեղքելով․ աշունը վառոդի հոտ էր բուրում։
#Նվիրիր_հեքիաթ նախաձեռնության շրջանակներում Սևանի կացարաններ հասանք։ Այստեղ ապաստանած երեխաները շատ էին՝ հարյուր քսան հոգի, գուցե և ավել։ Երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշում կայացվեց բաժանվել չորս թևի։
Իմ երեխաների մեծ մասը Շուշիից էին, կային նաև Մարտունուց ու Մարտակերտից։ Թևիս տակ գրքերի տրցակը տեսնելով՝ քաշվեցին, չարաճճի երկու- երեք տղա փորձեցին հանգիստ ծլկել, մեկն էլ թե՝ հազիվ մեր դասերից պրծել էինք, դուք էլ եկաք․․․ Բայց դե իմ ձեռքից ծլկե՞լ, հա՞։
Մեկեն շուրջս խմբվեցին, դատարկ աթոռ էլ չմնաց, ուրախացա։ Կարդում էի՝ աչքի տակից զննելով նրանց անմեղ աչուկների խորքում թաքնված ու դեռևս չանհետացած ախ ու վախի դրոշմը։
Ստեղծագործությունների քննարկումը ստացվածից էլ բուռն ընթացավ։ Խելացի երեխաներ շատ կային, խոնարհումս իրենց ուսուցիչներին։ Դե իսկ չարաճճի տղուկները՝ մոռանալով իրենց խմբի աղջիկներին խոսելու հնարավորություն տալու մասին՝ փորձում էին ամբողջն ու ամենն իրենք վերլուծեն, պատմեն՝ համեմատություններ ու զուգորդումներ անցկացնելով ճանաչված այլ հերոսների ու դեպքերի հետ։
Բոլորի հետ մեկիկ-մեկիկ զրուցեցի, խոսեցինք դաս ու դպրոցից, հերթով հարցրի բոլորի այն դասերը, որոնք ուսուցիչը հանձնարարել էր, իսկ աշխատանքային երկուշաբթին մնացել ու կախվել էր օրացույցի շրջանակից։
Խոհուն ու նրբիկ Մարիամն ափսոսեց, որ օրագիրը մոտը չէ, այլապես 26-ի գիշերը սովորած ու այդպես էլ ուսուցչին չներկայացրած «Էլի գարուն կգա» բանաստեղծության համար մի կլորիկ ու թմբլիկ ինը կստանար։
-Մարիա՛մ ջան, չմտածես, աղջի՛կս, ուսուցչիդ կփոխանցեմ գերազանց պատասխանդ։
-Բա որ չգտնե՞ք իրեն։
-Կգտնեմ, Մարիա՛մ, կտեսնես, ինքն էլ մեզ կգտնի ու կհարցնի Հայաստանից տարած ու ամբարած քո ու ձեր նոր դասերը։ Դեռ ինչքան նոր թեմաներ եք անցնելու ու ինչքան են նոր գարունները գալու․․․»։

 

Հանդիպման աջակիցներ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, «Անտարես» հրատարակչություն, «Արևիկ» հրատարակչություն, «Նորք» ամսագիր, «Գրքամոլ» հրատարակչություն, «Գրանիշ» գրական համայնք, մի խումբ մտավորականներ, ընթերցողներ, կամավորներ Սփյուռքի հայրենակիցներ, ծանոթ-անծանոթ բարեկամներ։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

 

Ընթերցել նաև