#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Մուղնիի կացարանում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 13․10․2020

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։

 

2020 թվականի Հոկտեմբերի 13-ին «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի շրջանակներում մի խումբ մտավորականներ այցելեցին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հյուրընկալ տանիքի ներքո ապաստանած արցախցի երեխաներին։ Հանդիպումը հագեցած էր և բովանդակալից․ սկիզբն ազդարարվեց ավանդույթ դարձած ծանոթանալով, երեխաների  «սրտի բանալին» կատակ-հումորներով գտնելով, հեքիաթների, պատմվածքների ընթերցմամբ։ Գրող, թարգմանիչ Մարինա Գևորգյանն ընթերցեց բալիկների համար ժամանակակից մանկագիր Երազիկ Գրիգորյանի գործերից։ Արձակագիր Լևոն Նեսը կարդաց երեխաների համար մի հատված իր՝ «Բալզակ․ մի շան պատմություն» գրքից, ապա հանդիպումը շարունակվեց ֆլեյտայի, կիթառի կատարումներով, ավելին՝ երաժիշտներ Լիլիթ Բլեյանն ու Նունե Հակոբյանը երեխաներին ամենայն սիրով սկսեցին սովորեցնել երաժշտական գործիքների լեզուն, հետևել նրանց առաջին փորձերին, արձանագրել հաջողությունները։ Մասիս քաղաքի շախմատի դպրոցի սաներից մեկը՝ իննամյա Ալեն Ավագյանը, հայտարարեց շախմատի մրցաշար․ հաղթողն արժանացավ Ալենի կողմից մակագրված շախմատին։ Երեխաներին փոխանցվեցին նախապես հավաքագրված, ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները։

 

Գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը կիսվում է տպավորություններով (աղբյուրը՝ ֆբ էջ).

« #Նվիրիր_հեքիաթ նախագծի շրջանակներում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հյուրընկալ տանիքի ներքո հանդիպեցինք այնտեղ ապաստանած արցախցի բալիկներին: 13-րդ դարի այս հոյակերտ կառույցը, որտեղ պահվում են Սուրբ Գևորգի, Թադեոս առաքյալի և Մատթեոսի (ավետարանչի) մասունքները, իր շենշող հարկի տակ էր առել այս փոքրիկներին՝ տիեզերային խաղաղությամբ պարուրելով ոչ միայն բոլորիս, տեղանքը, այլև ողջ Մուղնին:

 Մանուկների ուրախությունն անսահման էր, ծնողների երախտագիտությունը՝ տասնապատիկ: Փորձը ցույց է տալիս, որ հեքիաթաթերապիան ամենաուղիղ կերպով անդրադառնում է ոչ միայն փոքրերին, այլև մեծերին, որովհետև մեծերը հաճախ ավելի շատ են զգում հեքիաթի կարիք, քան փոքրերը, որովհետև մեծերին էլ միշտ պետք է մեկը, որը ժամանակ առ ժամանակ կպատմի իրենց մի կապույտ հեքիաթ…

😊 Ծանոթանում ենք. Երեխաները՝ մեծից փոքր, անգիր գիտեն իրենց ծննդավայրը, հասցեն: Նրանցից շատերը նույն գյուղից են, նույն բակից, կյանքի բերումով՝ այստեղ էլ են հիմա անբաժան ընկերներ:
Ծովաչ Մանեն վեց տարեկան է, բայց արդեն 2-րդ դասարանում է սովորում․ աչքերը փաստում են ուշիմությունը։ Բա՜ Էվելինան․ աղջիկ մի՛ ասա, կրա՛կ ասա։

Գրքեր, գրենական պիտույքներ ենք բերել բոլորին. եռուզեռ է, խինդ, ուսումնասիրում են նվերները, հրճվում:
Անհամբերների խումբ է այս անգամ, բոլորն ուզում են հնարավորինս շատ գրքեր, պիտույքներ ստանալ, չեն զիջում իրար:
— Սիրասուն փոքրիկնե՛րս, ապա ասեք մեզ՝ մեծիկները ձեզ համար հեքիաթներ ընթերցո՞ւմ են: Չե՞ն ընթերցում: Պատժե՞նք մեծիկներին, — հետաքննություն անցկացնողի ձայնով հարցնում եմ ես` ժպտալով:
Ծնողները մեղավոր լռում են, չարաճճիները պատժի գաղափարից ոգևորված՝ զվարթ գոչում.
— Այո՜, այո՜:
Մարինա Գևորգյանը նրբանկատորեն խոսքն ուղղում է ծնողներին, խնդրում է՝ անկախ ամենից շատ ընթերցել երեխաների համար, ապա բալիկների համար ընթերցում մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Կամակորիկ աքլորիկը» հեքիաթը: Թե՛ ծնողները, թե՛ բալիկները հաճույքով լսում են: Խոստանում են՝ շատ կընթերցեն այսուհետ:

 Levon Hovhannisyan Լևոն Նեսը շարունակում է ընթերցումը. «Բալզակ. մի շան պատմություն»: Լսում են կլանված: Ավարտելով ընթերցումը՝ հարցնում է.
-Կենդանիներ սիրո՞ւմ եք, ունե՞ք կենդանիներ: Ի՞նչ կենդանի կուզեիք պահել:
Դասական «շուն, կատու, թութակ, արջամուկ» պատասխանների ֆոնին՝ չարաճճի Ալեքսի՝ «տառական» պատասխանը բոլորիս «փռում է գետնին», մի քանի րոպե ինքնամոռաց ծիծաղում ենք:

 Խանդավառությունը շարունակվում է. հեղինակ-կատարող Lilit Bleyanը կախարդում է ֆլեյտայի չքնաղ մեղեդիով: Մանուկները հիացած են, խմբվել են շուրջը, հարցերի տեղատարափ է: Եկեղեցին ֆլեյտայի հնչյունների ներքո փառավորվել է… Աչք կտրել չի լինում: Լիլիթի աչքերում զսպված թախիծ կա, նաև՝ հույս…

 Մասիսի շախմատի դպրոցի սան Ալեն Ավագյանը հատուկ մրցաշար է կազմակերպել՝ մրցանակ սահմանելով հաղթողին՝ մակագրված շախմատը: Լարված պայքար է, չորս տղա և մի աղջիկ. հիանալի խաղ է: Խելացի աչքերով Տիգրանն է հաղթում, խաղընկերները շնորհավորում են միմյանց, Ալենը հպարտորեն նվիրում է շախմատը, հավերժացնում եմ պահը՝ լուսանկարելով. հրաշք բան է ընկերությունը…

 Եկեղեցու չքնաղ այգու առատ բերքից կռացած ծառերի արանքից լսում եմ մի այլ մեղեդի. Nune Hakobyanը՝«ընկեր» Նունեն, աղջիկներին կիթառ նվագել է սովորեցնում, հոկտեմբերյան արևի շողերի ներքո փայլփլում են կանաչ-կարմիր խնձորները. շշմելու տեսարան է: Ամենաընդունակ աշակերտը Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գիրքն է նվեր ստանալու: Թեժ պայքար է երկու քույրերի միջև, ընկեր Նունեն խիստ, բայց դիտորդի աչքին, ականջին ծիծաղելի ձայնով ասում է՝
— Ռուզաննա աղջի՛կ, գլուխ ես պահում, ծույլի՛կ աղջիկ:
Թաքուն ծիծաղում եմ։ Ու ավելի է թեժանում պայքարը:
Ես, Լևոնը, Նունեն մակագրում ենք գիրքը հաղթող Աննայի համար` ամենատարբեր մաղթանքներով, Նունեն՝ հետգրությամբ. «Ռուզաննա՛, կկարդաս գոնե» 😂😂😂😂:

Արդեն իրիկնամուտ է…
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին թանաքագույն մթնշաղի մեջ է ընկղմված: Մտովի աղոթում եմ՝ խաղաղություն պարգևիր, Տե՛ր…
Բալիկներն ու ծնողները գոհ ու շնորհակալ վերադարձել են կացարան:
Եվս մի հեքիաթ նվիրեցինք: Երջանիկ ենք:

 

Հանդիպման աջակիցներ՝ «Երևանյան Էսքիզ» հրատարակչություն, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, մի խումբ մտավորականներ, ընթերցողներ, կամավորներ, Սփյուռքի հայրենակիցներ, ծանոթ-անծանոթ բարեկամներ։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

 

 

Ընթերցել նաև