Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։
2020 թվականի հոկտեմբերի 30-ին #Նվիրիր_հեքիաթ նախագիծն իրականացրեց իր հերթական այցը՝ այս անգամ Գյումրու «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից արցախցի ընտանիքներին տրամադրված կացարան։ Ներկայացված մշակութային ծրագրից զատ՝ գրող, թարգմանիչ,#Նվիրիր_հեքիաթ նախագծի հեղինակ Մարգարետ Ասլանյանը, թարգմանիչ, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրանուշ Փարսադանյանը, դերասանուհի Նունե Հակոբյանը, գրող, մանկավարժ Նաիրա Աբրահամյանը, Kids studio Gasparyans-ի ներկայացուցիչ Զաբելա Մուրադյանը, արձակագիր, Գյումրու Գրողների Միության անդամ Լուսինե Աղաջանյանը երեխաներին փոխանցեցին նախապես հավաքագրված, ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները։
Հանդիպման աջակիցներ՝ «Երևանյան Էսքիզ» հրատարակչություն, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, մի խումբ մտավորականներ, ընթերցողներ, կամավորներ, Սփյուռքի հայրենակիցներ, ծանոթ-անծանոթ բարեկամներ։
Գրող, թարգմանիչ Մարգարետ Ասլանյանը կիսվում է տպավորություններով (աղբյուրը՝ ֆբ էջ).
«2020 թվականի հոկտեմբերի 30-ին #Նվիրիր_հեքիաթ նախագծի շրջանակներում այցելեցինք Գյումրու «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից արցախցի ընտանիքներին տրամադրված կացարան, որտեղ էլ այս պահին բնակվում են վերջիններս՝ իրենց հրաշք բալիկների հետ։
— Որտեղի՞ց եք,- հարցնում է ընկեր Նաիրա Աբրահամյանը՝ մի լուսե, մեկուկես տարեկան բալիկի գրկած մայրիկի, որի կողքը տեղավորված են նաև իր մյուս երկու ձագուկները, որոնց լույս աշխարհ գալուն կինը 17 տարի է սպասել։
— Հադրութից․․․
Նայում եմ Նաիրային, կես հայացքից հասկանում ենք իրար, գոտեպնդվում ու զսպելով ներքին հուզմունքը՝ շարունակում ծանոթանալ մյուսների հետ։
Քառասուն օրականից մինչև 11 տարեկան սքանչելի, խելացի, անհուն աչքերով բալիկներ՝ Քարվաճառից, Ստեփանակերտից․․․ Բոլորիս ներսում զգացմունքների փոթորիկ է․ ծանր, չափազանց ծանր բան է ծաղիկը պոկել հայրենի հողից, տնկել մեկ այլ հողում՝ սիտ-արմատը թողնելով ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ։
Մանուկներն այնքա՜ն են ուրախացել նվերների կախարդական փաթեթներով, որ ոչ մի քայլափոխի չեն կարողանում բաժանվել իրենց տոպրակներից՝ փայփայելով գունագեղ գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները։
Հանելուկների մրցույթ ենք ազդարարում։ Մրցանակը՝ մեր սիրելի հրատարակիչ ընկեր Շավարշ Կարապետյանի,
Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House-ի կողմից է՝ տարատեսակ զարգացնող, ինտելեկտուալ հրաշալի խաղեր, որոնց գույնզգույն տուփերից ոգևորության նոր ալիք է բարձրանում։
— Այ տղա Սամվե՛լ, արի գրկեմ։
— Վիրու ա (վիրուս):
© Երևանյան Էսքիզ 2020
Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի