#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի այցը արցախցի փոքրիկներին՝ Երևանի Friend’s House anticafe-ի «Մի բուռ ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակում

 

 

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։

 

 

2020 թվականի Նոյեմբերի 6-ին Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի #Նվիրիր_հեքիաթ նախագիծն իրականացրեց իր հերթական այցը Երևանի Friend’s House anticafe-ում հյուրընկալած արցախցի երեխաներին։

Հանդիպումը կազմակերպել էին ժամանակակից գրող Արմեն Նիազյանն ու իր հրաշալի թիմը։

Երեխաները վաղ առավոտյան այցելել էին Էրեբունի թանգարան, ծանոթացել պատմամշակութային արժեքներին, հատուկ պեղումներ իրականացրել ինքնուրույն, ապա  Friend’s House anticafe-ում մասնակցել ժամանցային ծրագրերի, ինտերակտիվ խաղերի, վայելել աճպարարական ներկայացում։

Գունեղ օրը եզրափակեց #Նվիրիր_հեքիաթ նախագիծը․ ավանդույթ դարձած ուրախ-զվարթ մեթոդով ծանոթացանք երեխաների հետ՝ զրուցելով յուրաքանչյուրի երազանքների, ապագա մասնագիտության, թաքուն ծույլիկության, ակներև գերազանցիկության, կռվարարության, բոլոր-բոլորի նախասիրությունների մասին՝ հերթական անգամ հիանալով երեխաների բացառիկությամբ, ջերմանալով նրանց՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրով, անկոտրում հավատով։

1․5 ամսականից մինչև 17 տարեկան արցախցիներ մի հարկի ներքո․ մի մասը զինվոր է ուզում դառնալ, մյուսը՝ ճապոնական մարտարվեստների սիրահար է, աղջիկներից շատերը անգլերենի և ռուսերենի մասնագետներ են երազում դառնալ, ոմանք՝ բժիշկ, մի փամփլիկ տղա՝ մարզիչ, մյուս լուրջ ու ինքնամփոփ երիտասարդը՝ բռնցքամարտիկ։ Երկու անասելի չարաճճի, պայծառ ընկերներ որոշել են հետախույզներ դառնալ, նրանցից մեկը սրտակերի ժպիտով ասում է՝  «Կգնամ, հետախույզ կդառնամ, եթե ողջ մնամ, կվերադառնամ, Արցախի նախագահ կլինեմ․ ես կուզեմ աղքատ նախագահ լինեմ, միայն թե իմ ժողովուրդը լավ լինի, լավ ապրի․․․»․ ոչ մի այլ բառ հայոց լեզվում ավելի ճիշտ չի բնութագրի այս վառվռուն տղային՝ ջիգյարով, շա՜տ ջիգյարով, աննկարագրելի ջիգյարով երեխա։

Բաժանվում ենք երկու խմբի․13-17 տարեկան աղջիկներն ու տղաները հետևում են «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի հեղինակ, երիտասարդ գրող Արփինե Արփ Գալստյանին․ զրույցի առանցքում Հայրենիքն է, պատերազմից տուժած Արցախի քաղաքաշինության նոր նախագիծը, սերը՝ որպես շարժիչ ուժ, և, իհարկե, դեռահասներին այդքան հետաքրքրող՝ սոցիալական կայքերը և 21-րդ դարի սերնդի թեմաները։ 

Թե ինչ աշխուժություն է տիրում կողքի սրահում՝ անպատմելի է․ խաղավար Աննա Շահնազարյանը, դերասանուհի Նունե Հակոբյանը բեմադրել են Թումանյանի հեքիաթները, երեխաներն աշխարհով մեկ են եղել։ Ինչպես միշտ, խնդրում եմ ծնողներին՝ այսուհետ ավելի հաճախ, ավելի շատ հեքիաթներ կարդալ իրենց զավակներին, խոստանում են՝ անպայման կարդալ։

Իրավաբան Մերի Պողոսյանի հետ հանելուկների մրցույթ ենք անցկացնում․ աղջիկները ջախջախում են տղաներին։ Այնուամենայնիվ, հաղթում է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ։ Մրցանակը՝ այցելություն Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House, որտեղ երեխաներին սպասվում է հատուկ ծրագիր։

Քանի դեռ աշխարհում ապրում է ՀԵՔԻԱԹԸ, երկնքից անպայման երեք խնձոր է ընկնում․․․

Հանդիպման աջակիցներ՝ Friend’s House anticafe, մեր հավատարիմ ընկեր Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House, Սփյուռքի հայրենակիցներ, մտավորական ընկերներ, ընթերցողներ, կամավորներ, ծանոթ-անծանոթ մարդիկ, որոնք իրենց մեծ ու փոքր ներդրումներով նվիրեցին այս հեքիաթը։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

 

Ընթերցել նաև