#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ը՝ Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

2020 թվականի հոկտեմբերի 24-ին «Երևանյան Էսքիզ»-ի և Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ «Նվիրիր հեքիաթ» նախագծի շրջանակներում սիրելի թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց արցախցի այն փոքրիկների համար, որոնք ժամանակավորապես գտնվում են Աշտարակի կացարանում։ 
Թատրոնի դերասանները՝ Արա Սարգսյանը, Սամվել Թոփալյանը, Լևոն Ղազարյանը, Վարդուհի Ռուշանյանը, Աննա Զաքարյանը, Քրիստինա Հովակիմյանը, Լևոն Մելոյանը անսահման սիրով և խանդավառությամբ տոնի վերածեցին երեխաների օրը՝ անմոռանալի, հիացնող վարպետությամբ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմականացումը։ Բալիկների հայացքներում երջանկություն էր, կապույտ-կապո՜ւյտ երազանքներ ու անուշ մոռացում․թատրոնը, դերասանները մանկություն էին բերել, մանկություն էին նվիրում։ Դահլիճն այնքան էր պայծառացած երեխաների լուսավոր ապրումներով, արծաթ ծիծաղով զրնգուն, անմեղությամբ, դերասանների շռայլ սիրով ու նվիրումով, որ թվում էր՝ անգամ Ժամանակն է կանգ առել՝ ինչ-որ տեղից, ինչ-որ մի անկյունից թաքուն ծիկրակելով ու իր բաժին հեքիաթը կորզելու փորձեր անելով․․․
Պատերազմը, որը միշտ դարանակալած սպասում է հերթական հեքիաթի մահին՝ պարտվում է, երբ շարունակում ենք ԼԻՆԵԼ, երբ շարունակում է ապրել ՀԵՔԻԱԹԸ․․․

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

Ընթերցել նաև