Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Նիկոս Կազանձակիս․«Հույն Զոռբան»․ թարգմանչի դիտանկյուն

Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»

«Անտարես» հրատարակչություն

 

 

Թարգմանիչն արտոնյալ գրող է, ում խնդիրն է վերաշարադրել գլուխգործոցներն իր լեզվով՝ պահպանելով ստեղծագործության միտքն ու հոգին: Այդ առումով հատկապես կարևոր եմ համարում բնագրային թարգմանությունը, քանի որ ոչ բնագրային թարգմանության մեջ, հնարավոր է, լինեն իմաստային սխալներ, բացթողումներ, որից թարգմանության որակը կարող է տուժել: Թարգմանիչը նախ ինքը պիտի որսա բնագրի ոգին, իր միջով անցկացնի այն, հետո գտնի իր սեփականը դարձած մտքերի ու հույզերի` բնագրի լեզվին և ոճին հարազատ լեզվական միջոցները: Իմ թարգմանություններում միշտ աշխատում եմ փոխանցել ստեղծագործության կոլորիտը, համուհոտը, և Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբայի» պարագայում էլ, դա է եղել իմ առաջնային խնդիրը:

Իտալացի արձակագիր Իտալո Կալվինոյի բնորոշումով դասական գրքերը նրանք են, որոնց մասին մարդիկ սովորաբար ասում են՝ «Ես այն վերընթերցում եմ»: Կազանձակիսի «Հույն Զոռբան», անկասկած, այդպիսի գրքերի թվին է պատկանում: Մի շնչով կարդալուց հետո ընթերցողը դեռ շատ անգամներ է վերընթերցելու այն, ամեն անգամ բացահայտելով նոր որակներ ու իմաստներ:  

Կազանձակիսի վեպի գլխավոր հերոսները երկուսն են. մի երիտասարդ մտավորական՝ մոլի գրքասեր, որի անունից պատմվում են իրադարձությունները, և Ալեքսիս Զոռբան՝ անգրագետ, բայց կյանքի բովով ու շատ փորձություններով անցած մի տարեց բանվոր, ում պատմողն անվանում է «Շատ ճամփորդած ու շատ կյանք տեսած Սինդբադ Ծովագնաց»: Զոռբան անխոհեմ արկածախնդիր է, նա ճանապարհորդում է այնտեղ, որտեղ սիրտն ուզում է, ի հակադրություն նրա՝  երիտասարդը զգայուն մտածող է, իր գրքերի անվտանգության հետևում թաքնվում է աշխարհից և փորձում է կյանքը զգալ ուրիշների ուսմունքների միջոցով, վախենում է իրական կյանքով ապրել. «…այն աստիճանի էի իջել, որ եթե ընտրելու լինեի՝ սիրահարվել մի կնոջ, թե սիրո մասին մի լավ գիրք կարդալ, կընտրեի գիրքը»: Զոռբան օգնում է երիտասարդին հասկանալ մարդկային գոյության իսկական իմաստը, հետաքրքիր ու անգնահատելի դասեր տալիս նրան կանանց, գաղափարախոսությունների, կրոնի, պատերազմների և այլ հարցերի մասին: Զոռբայի կարծիքով կյանքն ապրել է պետք, ոչ թե հասկանալ: Երկու հերոսները մի քանի ամիս ապրում են Կրետե կղզու ծովափնյա մի խրճիթում, բայց այդ կարճ ժամանակահատվածը անջնջելի հետք է թողնում երիտասարդ մտավորականի հոգում:  

 Վեպը և՛ տխուր է, և՛ ուրախ, դրանում ամեն ինչ կա՝ սեր, ատելություն, կիրք, կին, տղամարդ, աստված, պատերազմ, հայրենիք, մարդկային թուլություններ, մի խոսքով՝ կյանք… Սա կյանքը հաստատող մեծագույն վեպերից մեկն է, հիմն՝ ազատության ու ընկերության:

 Կազանձակիսի ստեղծած հույն մարդու՝ Զոռբայի կերպարի համեմատությամբ, գեղարվեստական գրականության շատ հերոսներ անգույն ու խամրած են թվում: Զոռբան ճանաչվել է գրականության մեջ ստեղծված մի անմոռանալի կերպար՝ շեքսպիրյան Ֆալստաֆի ու Սանչո Պանսայի կարգի: Զոռբայի կյանքը հարուստ է մարդկային կյանքի բոլոր ուրախություններով ու վշտերով, և նրա օրինակով հեղինակը ցույց է տալիս կյանքի ճշմարիտ իմաստի իր պատկերացումը:

 Զոռբան օժտված է մանուկներին հատուկ մի շնորհով՝ նա ամեն ինչին նայում է այնպես, ասես առաջին անգամ է տեսնում , նա կյանքի կրքոտ սիրահար է, գնահատում ու վայելում է կյանքի մեծ ու փոքր ուրախությունները` լավ ուտող է, լավ խմող,  հուսալի ընկեր, կրքոտ սիրահար, հետաքրքիր զրուցակից,  որը նույնիսկ պարելով է բացատրվում, երբ արդեն անկարող է բառերով արտահայտել զգացածը: Զոռբան լի է խենթ գաղափարներով ու անսպառ եռանդով՝ իրագործել դրանք: 

Զոռբան սովորեցնում է երախտագետ լինել ու գնահատել կյանքը, վայելել նրա գեղեցկությունը: Դժվարություններն ու փորձությունները հաղթահարելով, մենք մեզ ավելի շատ ենք գնահատում.«Երբ ամեն ինչ թարս է գնում, ինչպիսի՜հաճույք է փորձարկել մեր հոգու տոկունությունն ու արժանիքները։ Կարծես անտեսանելի, ամենազոր մի թշնամի, ոմանք Աստված են անվանում նրան, մյուսները՝ սատանա, վրա է տալիս, որ մեզ գետին գլորի, սակայն մենք կանգուն ենք մնում։ Եվ ամեն անգամ, երբ ներքուստ մենք մեզ հաղթողներ ենք զգում, թեև արտաքուստ գլխովին ջախջախված պարտվածներ ենք թվում, աննկարագրելի հպարտություն ու ուրախություն ենք ապրում. արտաքին աղետը վերափոխվում է գերագույն, անբացատրելի երանության»։

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

Շամրիկ Խաչատրյան

թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև