Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ»․ բանաստեղծություն

Ես լռություն եմ, որ լսում է, թե ինչպես են ոռնում շիրմաթմբերը`
Ուրվականների կարոտագին և թախծոտ երգի ներքո:
Նավամատույցում լքված իմ ներսի մակույկը,
Որի մասին մոռացել են բոլորը`
Զարկվում է ափին:
Կարապները խոնարհում են իրենց պարանոցներն իմ մեջ,
Դարերով քողարկված հայացքները` ննջում:
Տարեդարձեր, վախճանի ամսաթվեր, փառքի ակնթարթներ
և խայտառակության տարիներ —
Ինչ-որ ժամանակ աղմկող ամեն բան
շքախումբ կդառնա ինձ համար:
Ամեն պարսավանք, բոլոր արձակված գնդակները,
Որոնք չկարողացան հասնել նշանակետին,
Ամեն պարսավանք, բոլոր արձակված գնդակները
Կդիպչեն ինձ` վրիպելով նշանակետից:
Ժամանակն ու տարածությունը չեն կիսում իրերն ու փոշին:
Հավերժական է ձգտումը փոշու` գերիրեղենին վերադառնալու:
Որպես և դին` ես պահում եմ նուրբ սաղմը ու թեթև փխրուն սերմը`
Խոնավ մռայլության մեջ:
Ես ամենի վերջաբանն եմ, սակայն ազատ`
Աղմկոտ բառերի պատյանից դատարկ: Թող ինձնից խուսափեն
Բոլոր գումարելիները` ես հայտարար եմ:
Թռչուններն իզուր են դատապարտում ինձ մահապատժի:
Մարդիկ էլ ինձ հետ են միայն զարմանում հրաշքով.
Հավերժ հիշատակն ապրում է իմ մեջ`
Թե նույնիսկ հարգել են այն մեկ րոպեով:
Լուսնոտ գիշերը կարող է լինել ավելի շքեղ` կուրացնող լույսից արևագալի:
Մարմինս գտել եմ` երաժշտության ստեղծվելուց առաջ:
Եվ թեկուզ պահում է ինձ անցած տարվա ճանճը`
Երաժշտությունը` հենց միայն այն է լռությունը` սկզբից մինչև վերջ,
Ուր չի արձագանքվի ոչ մի ձայն անգամ:
Թերևս, ինչի՞ համար եմ, ինչու՞ եմ ամեն տեղ և ամենուր.
Յուրաքանչյուր բառ իմ մեջ կորչում է անհետ,
Լոկ ձայնն աղոթքի ես չեմ լռեցնի,
Նույնիսկ երբ հնչում է աննկատ այնքան:
Օ՜, ամբողջացում, որ շուրթերին ես իմ և աղոթքի` աղերսով առ Տեր,
Ես արտասվում եմ երջանկությունից`
Տեսնելով, որ մարդը` լցված լռությամբ,
Փառաբանելով Աստծուն` ինչ-որ չափով էլ ինձ է գովերգում.
Լոկ ձայնն աղոթքի ինձ չի մեղսոտում,
Զուր է տագնապած զանգն համազգային:
Ես Լռություն եմ: Ձեր իսկ գիշերվա լռությունն եմ ես,
Իսկ դուք ձեզ կոչեք ոնց կկամենաք:

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Թբիլիսի/Վրաստան

 

 

 

 

Ընթերցել նաև