Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Նելլի Ռումել․ «Պարականոն»․ բանաստեղծական շարք

 

Երբ ագռավները մի օր պատմեցին՝
որքա՜ն է տերը սիրում արարել,
քանի անգամ է
լույսը խավարից,
ջուրը ցամաքից
զատել,
շունչ տվել,
ու էլի-էլի՝
նոյերը վկա,
հենց աղավնին է
կիսախեղդ ծառից
կյանքի ճյուղ պոկել
ու հույս ետ բերել.
իմ արմատակտուր ալբիցիան ծաղկեց՝
ծիածանների վարդագույն հագած։

 

*

 

Աղավնիներն ինձ մի օր պատմեցին,
որքան է տերը սիրում արարել,
երբ ցուրտ տիեզերքում
մի նոր մոլորակ
պտույտի ելավ,
լույս եղավ արդար։

Մի ուրիշ խնձոր, դեռ հողին չընկած,
երկու կես եղավ երկուսի համար,
և երկունք եղավ դեռ չերազված,
և արյուն խմեց հողը կուսական,
իսկ երբ երկիրը ջուրը կուլ տվեց,
ագռավը խաբեց
ու
հույս չբերեց…
բայց և կյանք եղավ,
գինի խմորվեց,
յոթնագույն ուխտով աշխարհը կապվեց,
օրեր թանձրացան.
անծինը ծնվեց,
անմեռը մեռավ,
քարերը վկա,
նույն ուրացողն իրեն չգտավ,
երբ Գողգոթայի լացող փոշու մեջ
աքաղաղ կանչեց հենց երեք անգամ…
նորից խավարում,
լռություն եղավ,
դժողքի դռներ բացվեցին անգամ։

Եվ աղավնիներն ինձ վկայեցին,
թե ինչպես է տերն
ամեն-ամեն անգամ
մխիթարվում,
երբ էլ սեր չկա,
կամ մոլորակ է պտույտի ելնում,
և բարի լինում,
և կյանք կշռվում։

 

*

 

…աղոթք էինք

Հեռու էինք…
Երկուս էինք,
մայրի, խուլ կածան,
զբոսանքներ ցեխոտ,
դողեր աշունքամ,
ուշաթափ ծառեր
ու ծիածաններ՝
չվող,
կիսաչոր,
պաղ կրակ հագած։

Մեզնոտ էր,
ապրում էր,
միշտ մենք էր երեկոն.
շունչ պահած ժամեր,
անչու րոպեներ,
անձրև այնքա՜ն մեղմ,
թև-թև,
ասեղգործ.
թաց-թաց պատմում էր՝
ի՜նչ լուսնոտ ենք մենք։

Հեռվում էինք…
Մենք մենք էինք՝
մեզ չէին էլ կորցրել,
հետքերից ներս էինք
ու տա՜ք պտուտահողմ։
Ինքնազոհ խաշամ,
ու մոմե՜ր,
մոմե՜ր
քամվող ամպերին,
մեր վարսերի մեջ։

Երկրպագություն ամենն ամենին։
Երկրպագություն հրայրքներից դեն։
Երկրպագություն միաբանասեր։
Երկուս էինք…
Աղոթք էինք
թավ մայրիների հետ։

 

 

*

 

Դուք մեր լեռներն արթնացրիք քնից,
նորից մայրերը երգեցին երկիր,
գոտի կապեցին ժայռերն արևից,
մեր զինվորները՝ եռագույն պատվից:

Ու դղրդաց խաղաղությունը մեր,
ինչպե՞ս այն տևեց.
դուք չհասկացաք,
մենք ձեզ մաս արինք մեր խղճի խունկից.
մե՛կ է,
դուք էլի սրբություն չառաք։

Ու շունչը պահեց աշխարհը բեզար,
ու հողը մաղվեց Եռաբլուրի,
անգամ արևը երկնից իջավ ցած,
որ թարմ շիրիմներն այգով մկրտի։

Ու դուք մեր ձորերն արթնացրիք քնից,
մայրամուտ չեկած նոր քառյակ ընկավ.
ոչի՛նչ,
ձագերը հայ արծիվների
վաղ են թև առնում,
մեր հողն է վկա։

 

 

Ընթերցել նաև