Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Նարե Վիրաբյան․ «Հեքիաթը մարդուն տալիս է սեփական ճակատագիրը փոխել կարողանալու ներքին հավատ»․ զրույց

 

Հեքիաթը, թերեւս, ամենաիմաստուն, ամենախորը գրական ստեղծագործության տեսակներից է, որտեղ կարող է ամփոփվել մարդու ապրած ողջ ժամանակը՝ անցյալը, ներկան, ապագան։ Հեքիաթը բարոյական, գրված ու չգրված օրենքների համակարգն է, որը մենք սկսում ենք յուրացնել փոքր հասակից։ Բարին չարից, լավը վատից զանազանելու մեր հիմնական ցուցիչն է, որի հիմքով են կառուցվել նաև մուլտֆիլմերն ու միստիկ ֆիլմերը։ Ես որպես մայր շատ եմ կարևորում երեխայի համար շատ վաղ հասակից հեքիաթ կարդալը։ Շատ բաներ կան, որոնք կարելի է երեխային փոխանցել նրա սիրելի հերոսների միջոցով, դա հաստատ ավելի ընդունելի կլինի նրա կողմից։

Աշխարհում որքան մարդ կա՝ այդքան էլ հեքիաթ։ Մարդկանց կորուստների հետ, բնականաբար, անհետանում են նրանց հեքիաթները, սակայն նույն ընթացքում ծնվում են նաև այլ հեքիաթներ։ Հեքիաթը երազանք է, ապագայի նկատմամբ ունեցած երևակայելի պատկերների ամբողջություն։ Քանի դեռ մարդիկ ծնվում են երկիր մոլորակի վրա, ուրեմն հեքիաթը ապրում է նրանց հետ՝ անընդհատ նոր ձևեր ընդունելով։

Հեքիաթը բալանսավորում է մարդու հոգևոր համակարգը։ Այն օգնում է տեսնել իրականության մեջ ավելի քիչ երևացող, գաղտնի բաները, իսկ դրանք տալիս են վստահություն ապագայի հանդեպ։ Ամենաանսպասելին կարելի է սպասել հեքիաթում, ամենաանհնարը հնարավոր դարձնել, այսինքն՝ սա մարդուն տալիս է նաև սեփական ճակատագիրը փոխել կարողանալու ներքին հավատ։

Իմ մանկությունն իմ կյանքի ամենապայծառ, ամենագեղեցիկ, ամենալուսավոր փուլերից է, որ անմիջականորեն կապված է իմ լուսե տատի՝ Արուսյակի հետ։ Նա է իմ ամենասիրելի հեքիաթը՝ իր առօրյայով, խրատներով, պատմություններով, նիստ ու կացով։

 

Ռուզաննա Նիկոլի ծնունդը, իսկապես, մի նոր հեքիաթի շրջան բերեց մեր կյանք։ Մեծ ու ֆանտաստիկ զգացողություն է գիտակցելը, որ դու ծնունդ ես տվել նոր կյանքի, նոր մարդու, նոր ճակատագրի, նոր հեքիաթի։ Նա շատ զգոն, դյուրազգաց, տրամաբանող, մարդասեր, կենդանասեր, ազատություն սիրող ձագուկ է։ Երբեք ոչինչ աչքից չի վրիպում, բառեր հորինելու վարպետ է, ինչպես ամեն երեխա։ Երևի շատ կզարմանաք, բայց մեզ հետ հավասար ԱԺ նիստերն է նայում, ես մտածում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ դեռ չծնված քաղաքական ակտիվիստ էր արդեն։ Շատ է սիրում երաժշտություն, ամեն ժանրի համար ունի հատուկ մշակված պարի շարժում, նա գիտի ռոքի դեպքում ոնց շարժվի, ժողովրդական երգի դեպքում՝ ոնց։ Իմ փոքրիկ ու մեծ ուսուցիչն է. նրա հետ համբերել, ներել եմ սովորում։ Ռուզաննա Նիկոլն ավելի շատ սիրում է տեղում հորինված հեքիաթները, որոնց հերոսներից մեկը, բնականաբար, ինքն է։ Այդ փաստը նրան շատ է ուրախացնում։ Քնելուց առաջ հեքիաթից բացի պարտադիր է Կոմիտասը, մինչև չմիացնեմ, չի քնի։ Ի՜նչ նվիրական երազանք ունի… Դեռ փոքր է, չենք խոսել այդ մասին, բայց տարբեր ցանկություններ ունի, մենք ամեն հնարավորն անում ենք, որ դրանցից հնարավորներն (որովհետև երբեմն տարօրինակ ու անհնար բաներ է ուզում) իրականություն դառնան։ 

Ես և Նիկոլը մաղթում ենք, որ մոլորակի վրա այլևս չլինեն լքված ու տխուր մանուկներ, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, լինեն առողջ, երջանիկ ու հավատով լցված իրենց ապագայի նկատմամբ։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև