Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Նարեկ Կոսմոս․ «Լռերեն»․ բանաստեղծական շարք

 

Ինձ սովորեցրու լռերեն,

կամ սովորեցրու լինել սթափությամբ արբած

ինձ սովորեցրու սովորել առանց քեզ…

Քեզնից հետո միակ հարմար լեզուն

լռերենն է.

ափումս նետիր ափիդ բացակայությունը…

Մենակությունս շրջակարիր քեզնով,

ինձ թող

միֆերիս արահետում

ու հուշերս իբրև առնետներ

թող կրծեն լռությունս…

Ինձ լքիր խաչմերուկում,

ուր փողոցները կհամբուրվեն

ու լուսակիրներն ամոթից կկարմրեն,

ինձ թող լուցկու տուփի մեջ,

ու ես կմնամ միակ լուցկին

որ չեմ խոսի կրակերեն.

իմ լռությունը նման է չասվածության,

 

ես խոսում եմ չասվածերեն

ոչ լռերեն…

 

*

 

Իմ մտքերից էությանդ հոտն է գալիս

ես լվանում եմ միտքս

անտարբերությամբ

հետո արդուկում

մոռացմամբ,

բայց և գիշերացած օրվաս

տխուր հայացքում

տեսնում եմ քեզ

ու էությանդ հոտը նորից

մտքիս է կպնում…

Ես քեզ սոսնձել եմ

իմ բոլոր չապրած օրերին

դու արդարացումն ես

իմ ամեն

չգրված բանաստեղծության…

 

*

 

Դու իմ սիրուհին ես

ու կինը ժամի,

դու ժամուհին ես…

Դու քնեցնում ես Ժամին

ու շտապում ինձ մոտ,

իսկ մենք լուսաբաց չդարձող գիշերում

անգիր ենք անում իրար…

Ես մի քիչ վախենում եմ,

թե ժամը կարթնանա

ու քեզ չի տեսնի իր անկողնում.

(դու սիրուհին ես  իմ

ու միակը,

որ կարող ես քնեցնել ժամի…)…

 

 

 

 

Ընթերցել նաև