Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Նարեկ Կոսմոս․ պոեզիա

 

Վաղը

Երբ կհոգնես

Թմրած ամբոխից,

Արի իմ գիրկը…

Ու մենք
Անվերջ կսիրենք

Ծուլանալ

Ու անվերջ

Կծուլանանք

Սիրել իրար…

Այսօր

Եթե անսանձ

Կարոտով

Մոտ բերես

Ինձ քեզ,

Ես կվախենամ

Մոռանալ քեզ

Ու կմոռանամ

Վախենալ քեզնից…

 

 

Հ․Գ այսքանը քո վայրի երգերի խաղից․․․

 

*

 

Գուցե արդուկեմ

Կարոտս,

Որ

Ճմռթվել է

Քո

Անտարբերությունից,

Կամ գուցե

Խանձած զոլերով

Կարոտս քեզ էլ դուր չգա․․․

Ասա ի՞նչ անեմ․

Մատներս սրբեցի,

Սրբիչը սկսեց

Ստել,

Անընդհատ ստել․․․

Խեղդեցի սրբիչը ջրում,

Ջուրը սկսեց ստել,

Հևալ իմ բանաստեղծությունները․․․

Դու ստիպում ես ինձ

Խոստովանել,

Որ գրել եմ ստերեն,

Բայց մոտ արի,

Ու թող հայացքդ

Դուրս գա 

Իր անտարբերության բանտից,

Ու թող պահի եսությունս ամուր։

Խոստանում եմ,

Որ միշտ քեզ

կերգեմ ստերեն, սիրելի՛ս։

Այն մերկ ստերենով,

Որով պաշտել են աստծուն․․․

 

*

 

Կարոտիս երակում

Քնել էր ներարկիչը,

Որ մոռացում էր մաղում․․․

Գերչափաբաժնից

Մահացել էր կարոտս։

Թիֆլիսի ինչ-որ անկյունում

Փոշոտ գոյությունն էր

Սրբել կյանքից․․․

Փակագծվել էր

Իմ չեղած մաքրության մեջ․․․

Կարոտս բերեցի տուն,

Տանն անտարբերության հոտ ընկավ,

Ընկավ գետնին

Ու կոտրվեց

Ծաղկիս հորանջի մեջ․․․

(Թիֆլիսի էս փնթի շարժման մեջ

երկու տող գրեմ-չգրեմ…)

 

*

 

 (․․․ես դուրս եմ գալիս քեզնից

ու  քայլում դեպի ինձ․․․)

երկինքը կոտրվել էր,

ու անձրևը վազում էր քաղաքում․․․

Ջրափոսերում

անուղի քայլեր էին,

իսկ ծնվող ալիքում

դողացող քաղաքն էր․․․․

Լռությունը դատարկվել էր,

ու աղմուկը

համբուրում էր լուսամուտս,
բայց հիմա

կարծես քաղաքը

հանում է իր թաց վերարկուն,

փռում հոսանքալարերին,

իսկ անձրևը պատահած

առիթն է նստում ու լքում 

իր ավերը․․․

 

*

 

դու

փիքսելե անձրևի

միակ կաթիլն ես,

որ ինձ ստիպում է

չքնել ու

երազել

անձրևանոցից

հեռու մնալ…

Ես քեզ եմ սպասում

գիշերով

հիվանդ ու անսանձ

փիքսելե անձրևիդ

կարոտով…

Բայց հիմա

ծաղր է վիճակվել

էկրանից այս կողմ

քեզ կարոտելու

ու հեռախոսազանգերով

ձայնդ լսելու…

 

 

 

 

 

Ընթերցել նաև