Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Նատալյա Գինզբուրգ․ «Ճանապարհ, որ տանում է քաղաք»․ թարգմանչի դիտանկյուն

 

Նատալյա Գինզբուրգ․ «Ճանապարհ, որ տանում է քաղաք»

«Երևանյան Էսքիզ» հրատարակչություն

 

Նատալյա Գինզբուրգի «Հինգ վիպակ»  ժողովածուն կարևոր տեղ ունի իտալական արձակում: Այն շահել է «STREGA» մրցանակը՝ 1963 թվականին: Ժողովածուն սկսվում է  «Ճանապարհ, որ տանում է քաղաք»  ինքնատիպ վիպակով:  Գրքի շուկա նետելով նման վիպակ, Գինզբուրգը և հրատարակչությունը հայտնվեցին ընթերցողի կողմից  չընդունվելու  վտանգի առջև: Սակայն վախն անհիմն էր. Գինզբուրգը  կոչվեց արձակագիր – ակնարկագիր, որի վիպակներն ու պատմվածքներն արժանի են վերընթերցման: Վիպակը վերընթերցելիս նորանոր իմաստներ ենք հայտնաբերում, գործողություններ, որոնք տեղի են ունենում կիսաստվերում, գաղտնի, բայց հանկարծ հայտնի են դառնում արևի վառ լույսի  ներքո: Վիպակում արձակագիրն առաջին պլան է նետում իր հերոսների գրեթե վայրի, աննրբանկատ, հաճախ անկիրթ ու գեղջկական կերպարները, նրանց էմոցիաները՝ տագնապը, հոգեկան խռովքը, նվիրական  ցանկությունը՝ հասուն դառնալու և հնարավորինս արագ դեպի քաղաք փախչելու:  Սա մի պատմություն է  տասնյոթամյա գեղջկուհի Դելիայի հղիության մասին, առաջին իսկ պահից, քայլ առ քայլ՝ նախադեպերից մինչ հանգուցալուծում:

Հետաքրքիրն այն է, որ քաղաքի ճանապարհը հերոսներից յուրաքանչյուրը յուրովի է հաղթահարում.  մեկը կործանվում է, մյուսը՝ երկդիմի կյանքով է ապրում, մեկ ուրիշը, վիպակի գլխավոր հերոսուհու՝ Դալիայի նման, ատելով ու արհամարհելով իր ընտանիքը, ծնողներին, հեռանում է անվերադարձ՝ զզվանքն ու հակակրանքը սրտում, գյուղը թողնելով գյուղացիներին:

Այդ ճանապարհին ընթերցողը տեսնում է վեհերոտ սեր, որը կարող է բռնկվել ու մարել, ծածուկ հույզեր, մուտք իրական կյանք, կոշտ օրենքներ ու բարքեր, հերոսների վարքագիծ՝ արդարացված, կամ ոչ, այր ու կնոջ համակեցություն:

Գինզբուրգը միշտ գրում է առաջին դեմքով. այս վիպակի հերոսուհին իր դպրոցական ընկերուհին է, մայրը՝ նրա մայրը, տունն էլ՝ նրա տունը: Այս վիպակը գրելով, հեղինակը ցանկանում էր դուր գալ իր  մորը, որին իրականում շատ էր կարոտել և, որը հեռվում էր ապրում: Հերոսները հեղինակի գյուղի մարդիկ էին, որոնց հաճախ էր տեսել պատուհանից  կամ  արծաթե ժապավենի նման դեպի  Աքուիլա  քաղաք գալարվող ճանապարհին, որը կտրում-անցնում էր գյուղը՝ ոլոր-մոլոր դաշտերի ու բլուրների միջով: Հերոսները տասներկուսն են, որոնց  մասին Նատալյա Գինզբուրգը գրել է սիրով, հուզմունքով և ոչ թե պատահմամբ: Գինզբուրգն իր այս վիպակը ոչ միայն շատ էր սիրում, այլ նաև համարում էր իր լավագույն գիրքը:

Թարգմանչաց աշխարհը բազմաշերտ է և լի անակնկալներով: Ահա այդ աշխարհում էլ ես հայտնաբերեցի Նատալյա Գինզբուրգ արձակագրին՝ շատ սիրված իտալացի ընթերցողի կողմից, և սկսեցի նրա վիպակների և պատմվածքների թարգմանությունը: Աշխատել եմ դա անել բոլոր նրբերանգներով հանդերձ, հարազատի նման, քանզի նրան ծանոթացնում եմ իմ սիրելի ընթերցողի հետ: Դա նույնն է, թե ներկայացնում եմ գրողի հուզական ներաշխարհը ընթերցասեր հասարակությանը և դա անում եմ մեծագույն գոհունակությամբ, վստահ, որ յուրաքանչյուր նոր թարգմանություն իր հետ բերում է նոր զգացումներ և հետաքրքիր պահեր: Հաճելի ընթերցում եմ մաղթում գրքասերներին:

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

Անժելա Խաչատրյան

թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև