Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Նատալյա Գինզբուրգ․ «Ամառ»․ պատմվածք

 

Որոշ ժամանակով հեռու մնացի երեխաներիցս: Ծովում էին  քրոջս և մորս հետ, իսկ ես քաղաքում էի: Մայրս բարկացել էր վրաս, որ չէի երևում և գրում էի հազվադեպ: Պատճառաբանում էի աշխատանքի զբաղվածությամբ, որն իրականում  չկար: Ապրում էի պանսիոնատում, որի դռնապանուհին տհաճ  հոտ էր արձակում. մարմնի  ու հագուստի հոտ, որն ավելի ուժգին էր տարածվում շոգ օրերին: Ամեն օր գնում էի գրասենյակ, բայց քիչ էի աշխատում, ավելին` գնում էի գրասենյակ տղամարդ ձևանալու համար` հոգնել էի կին լինելուց:  Յուրաքանչյուր ոք զվարճանում է որոշ ժամանակով ոչ իր դերը տանելուց, ես էլ խաղում էի տղամարդու դեր. նստում էի գրասենյակի կեղտոտ սեղանի մոտ, սնվում էի պանդոկում, պարապ շրջում էի փողոցներում և սրճարաններում` ընկեր-ընկերուհիներիս հետ, տուն էի վերադառնում ուշ երեկոյան: Ապշում էի մտածելով, թե որքան  տարբեր էր կյանքս, երբ օրորում էի երեխաներիս, կերակուր պատրաստում, լվացք անում, մտածում էի, թե ինչքան շատ ձևեր կան ապրելու, և ամեն ոք կարող է միշտ նորովի ներկայացնել իրեն, նույնիսկ մեկը մեկին հակադիր կերպարներով: Սակայն  այդ դերը ևս, որ տանում էի, որոշ ժամանակ  անց ձանձրացրեց ինձ, շարունակում էի վարել միևնույն կյանքը` առանց այլևս  հաճույք զգալու: Բայց մորս  մոտ, ծովափ, չէի ցանկանում գնալ. ուզում էի հեռու լինել երեխաներից և մենակ մնալ: Ինձ թվում էր, թե չէի կարող երևալ երեխաներիս այնպիսին, ինչպիսին էի այդ ժամանակ` հակակրանքը սրտումս; թվում էր, թե հակակրանք կունենայի  նաև նրանց հանդեպ, եթե տեսնեի նրանց: Բազմիցս մտածել եմ, թե նման եմ փղերին, որոնք թաքնվում են  մեռնելու համար: Թաքնվում  են, որպեսզի մեռնեն, բայց դրա համար երկա՜ր որոնում են ջունգլիներում մեկուսի մի վայր, խիտ անտառների մեջ` այնտեղ թաքցնելու  իրենց ամոթը` խոշոր ու հոգնած մարմնի համար, որը մեռնում է: Ամառ էր, շոգ ամառ այրվող խոշոր քաղաքում, և երբ  զնգացնելով հեծանիվի զանգը կտրում — անցնում էի ասֆալտապատ ծառուղին, զզվանքի և միաժամանակ սիրո զգացումը կծկում էր սիրտս  ամեն մի փողոցի, քաղաքի ամեն մի տան համար, և ծնվում էին զանազան հուշեր` նույնքան կիզիչ, որ քան արևը: Ջովաննան ինձ սպասում էր սրճարանում երեկոյան, երբ դուրս  էի գալիս գրասենյակից: Նստում էի սեղանի շուրջը, նրա կողքին, ցույց էի տալիս մորս նամակները: Նա տեղյակ էր, որ ցանկանում  էի մեռնել, ուստի շատ բան չունեինք այլևս իրար ասելու, բայց նստում էինք իրար դիմաց և ծխում` փչելով ծուխը փակ շուրթերի միջից: Սկզբում  ուզում էի մեռնել մի տղամարդու, այնուհետև շատ այլ բաների  համար ևս. որովհետև դրամ էի պարտք մորս, որովհետև պանսիոնատի դռնապանուհին գարշահոտ էր արձակում, և որովհետև ամառը շոգ էր, բոցավառվող, քաղաքում լի էին հիշողություններն ու փողոցները, որովհետև մտածում էի. «Ինչպիսին որ կայի, չէի կարող օգտակար լինել որևէ մեկին»:

Այսպիսով երեխաներս, ինչպես մի օր կորցրել էին հորը, այնպես էլ կկորցնեին մորը, բայց դա մեծ կարևորություն չէր ունենա, որովհետև գարշանքն ու ամոթը հարձակվում են մեզ վրա կյանքի մի որոշակի պահի և, ոչ-ոք ի զորու չէ այդ ժամանակ մեզ օգնել: Կիրակի օրվա ցերեկն էր, քնաբեր գնեցի մի դեղատնից: Ողջ օրը քայլեցի դատարկ քաղաքում, խորհելով իմ և երեխաներիս մասին: Աստիճանաբար կորցնում էի խղճմտանքս նրանց մանուկ  հասակի հանդեպ. նրանց մանկական ձայների հնչերանգը հանգել էր ներսումս: Ասացի նրանց ամեն բան` քնաբերի, փղերի, պանսիոնատի դռնապան կնոջ և այն մասին, թե ինչ պետք է անեին որպես տղամարդ,  ինչպես պետք է պաշտպանվեին ապագայում: Բայց հանկարծ աչքիս հայտնվեցին նրանք, ինչպիսին տեսել էի վերջին անգամ` նստած հատակին` փայտե խաղալիքներով խաղալիս:  Եվ մտքերի ու խոսքերի արձագանքը կրկին հնչեց լռության մեջ. մնացի քարացած նայելով, թե որքան միայնակ էի, միայնակ ու ազատ` դատարկ  քաղաքում, հնարավորություն ունենալով ինքս ինձ պատճառելու ամեն տեսակի չարիք` ինչպիսին կուզենայի: Վերադարձա, վերցրեցի քնաբերը, լուծեցի տուփի բոլոր հաբերը մի բաժակ ջրի մեջ. լավ չէի հասկանում, թե ուզում էի արդյոք երկար քնել, թե մեռնել: Առավոտյան եկավ պանսիոնատի դռնապանուհին, ինձ քնած գտավ և քիչ անց գնաց բժիշկ կանչելու: Մեկ շաբաթ մնացի անկողնում. Ջովաննան գալիս էր ամեն օր և բերում էր նարինջ ու սառույց: Ես նրան ասում էի, որ չպետք է ապրի նա , ով ապրում է  սրտում ցանկություն չունենալով: Նա լուռ ծխում էր և ինձ նայում, փչելով ծուխը փակ շրթունքների արանքից: Գալիս էին մյուս ընկերներս նույնպես, և յուրաքանչյուրն ասում էր իր մտքինը, յուրաքանչյուրն ինձ ցանկանում էր սովորեցնել, թե ինչ պետք է անեի հիմա: Բայց ես պատասխանում էի միայն մեկ բան` չպետք է ապրի նա, ով ծնվել է հակակրանքը սրտում: Ջովաննան ինձ ասաց, որ հեռանամ այդ պանսիոնատից և գնամ ապրելու իր մոտ: Նա ապրում էր դանիացի մի աղջկա հետ, որը ոտաբոբիկ  շրջում էր սենյակներով: Այժմ արդեն ցանկություն չունեի մահանալու, բայց ոչ էլ` ապրելու: Պարապ շրջում էի գրասենյակում, փողոցներում, ընկեր-ընկերուհիների հետ. մարդիկ, որոնք կամենում էին սովորեցնել, թե ինչ կերպ պետք է փրկվեի: Ջովաննան առավոտյան հագնում էր սալորագույն խավավոր խալաթը, հեռացնում էր մազերը ճակատից և արհամարհական բարև նետում վրաս: Առավոտյան դանիացի աղջիկը ոտաբոբիկ մտնում էր սենյակ և սկսում տպել գրամեքենայի վրա բոլոր երազները, որ տեսել էր: Մի գիշեր երազում տեսել էր, որ վերցրել է կացինը և սպանում է հորն ու մորը, չնայած նրանց շատ էր սիրում: Իրեն սպասում էին Կոպենհագենում, մինչդեռ աղջիկը չէր ցանկանում վերադառնալ, որովհետև կարծում էր, որ պետք է արմատներից հեռու ապրել: Մեզ բարձրաձայն կարդում էր մոր նամակները: Ջովաննայի մայրը մահացել էր. նա ուշացումով  էր հասել  հոգեվարքին, մինչդեռ երբ կենդանի էր, զուր փորձեր էին արել իրար հասկանալու: Ես էլ ասում էի, որ մայրը երեխաներին պետք է միայն, երբ նրանք փոքր են` կերակրելու, օրորելու նրանց, իսկ հետո այլևս ոչնչի պետք չի, և անօգուտ է այդ մասին խոսելն անգամ: Իրար չեն կարողանում ամենապարզ բաներն իսկ ասել, դե ուրեմն ինչպե՞ս կարելի է օգնության հասնել: Ավելին` լռությունը, որ ծնվում է միմյանց հետ զրուցելու պահին, բեռ է դառնում:  Ասում էի, որ ես այլևս պետք չեմ իմ որդիներին, քանի որ այլևս կաթով չեն սնվում և օրորվում, պատանիներ են` ծնկները կեղտոտ, տաբատները` կարկատանով, բայց և բավարար մեծ էլ չեն միասին զրուցելու համար: Իսկ Ջովաննան  պնդում էր, թե կա ապրելու միայն մեկ գեղեցիկ ձև՝ նստել գնացք և հեռանալ որևէ հեռու երկիր, հավանաբար գիշերը: Տանն ուներ այն ամենն, ինչ անհրաժեշտ  է ճամփորդության գնալու համար. բազմաթիվ թերմոսներ, տարբեր տեսակի ճամպրուկներ, նույնիսկ թղթե  տոպրակ` ինքնաթիռով թռչելիս փսխելու համար: Դանիացի աղջիկն ինձ ասում էր, որ գրի առնեի երազներս, որովհետև դրանք  հուշում են մեր հետագա անելիքները: Ինձ ասում էր, որ մտածեմ և խոսեմ իմ մանկության մասին, որովհետև մանուկ հասակում է թաքնված մեր էության գաղտնիքը: Սակայն իմ մանկությունն ինձ այնքան հեռավոր ու վաղեմի էր թվում. անցյալում  էր մնացել մորս դեմքը, շատ էի հոգնել իմ մասին մտածելուց, ցանկանում էի նայել ուրիշներին և հասկանալ, թե ինչպիսին էի ես: Այսպիսով վերսկսեցի նայել այլ մարդկանց, մինչ անգործ զբոսնում  էի սրճարաններում, փողոցներում, տղամարդկանց ու կանանց` իրենց երեխաների հետ. գուցե որևէ մեկն ունեցե՞լ է գեթ մեկ անգամ այդ հակակրանքը  սրտում, հետո անցել է ժամանակ և այն մոռացության է տվել: Գուցե ինչ-որ մեկը զուր տեղը սպասել է փողոցի անկյունում կամ ողջ օրը քայլել է փոշոտ քաղաքի լռության մեջ, և կամ մեկը նայել է ննջեցյալի դեմքին ու նրանից ներողություն խնդրել:                                                                                    

Մի օր նամակ ստացա մորիցս, որում ասվում էր, թե երեխաները քութեշով էին հիվանդացել: Այդ պահին մայրական նախկին տագնապը սողոսկեց սիրտս: Նստեցի գնացք և մեկնեցի: Ջովաննին եկավ հետս կայարան:  Անհասկանալի  ժպիտը դեմքին՝ շնչում  էր գնացքների հոտը և ետ տանում ճակատի մազերը: Ճակատս հենած ապակուն նայում էի հեռացող քաղաքին, այժմ արդեն զերծ որևէ ազդեցությունից, սառն ու խաղաղ, ինչպես  հանգած ածուխը: Մայրական բնածին տագնապը ալեկոծում էր ներսս գնացքի աղմուկի հետ` պտտահողմի նման քշելով դանիացի աղջկան, Ջովաննային, պանսիոնատի դռնապանուհուն, քնաբերն ու փղերին, մինչդեռ ինքս ինձ զարմանքով հարցնում էի. ինչպե՞ս կարող էի հետաքրքրվել այդքան փուչ բաներով ողջ ամռան ընթացքում:

 

 

Թարգմանությունը՝  Անժելա Խաչատրյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իտալիա

 

 

 

 

Ընթերցել նաև