Արձակ Կարճ պատմվածք Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Նաիրա Աբրահամյան․ «Անբառ պատմվածքներ»

 

 

Մանկությունս խառնել էի աղունին ու փռել արևի տակ չորանալու:

Հանկարծ ինձնից թաքուն վերցրի մի բուռ ցորնահատ ու պահ տվի ամռան տաք սևահողին։

․․․Գարունքվա «կապը կտրած» հավը քուջուջ էր անում։ Մի քանի ծլած ցորեն գտավ։ Կտուցն աջ ու ձախ տանելով՝ սկսեց առանձնացնել ծլերի բարալիկ ու խճճված ոստերը։ Մեկեն հիշեցի իմ թաղած հատիկները։ Վեր թռա։ Հավը կլորիկ աչքերը պտտեցնելով՝ վրաս նայեց։

Մանկությունս հավի կոկորդի բարակ թելով մութ աշխարհ գնաց։

Տատս սեղանին ձվածեղ դրեց, մոտիկ չգնացի։

 

 

*

 

Լճի խորքերում ապրող հղկված ու մամռածածկ քարի տակից սկսեցին հերթով դուրս գալ ձկան՝ արդեն շերեփուկ դարձած ձվաբջիջները։ Նրանք անվարժ, բայց փորձում էին շարժել իրենց փոքրիկ ու լպրծուն լողակները։

Մայր ձուկը երջանիկ էր։ Իր տեսադաշտից ոչ մի վայրկյան բաց չէր թողնում ձագուկներին։ Աչքերը չորս արած հետևում էր, հետևում, բայց այս անգամ ․․․կրակի վրա բլթբլթացող տաք կաթսայի միջից։

Պղպեղի ու դափնու տերևի բույրը տարածվել էր ամենուր։ Կաթսայի կափարիչը  բաց էր մնացել, ձկան աչքերը՝ նույնպես։

Գիշերը սավանը  փռեց լճի մակերևույթին։ Ձագուկները հոգնեցին խաղից։ Անցորդներից հարցում էին անում․ ոչ ոք լուր չուներ։

Տանտերն աղբամանը ձեռքին՝ դուրս եկավ․ ձկան փշերն այնտեղ էին։

 

 

*

 

Մրջյունը քրտինքի մեջ կորել էր՝ կերածս հացի փշրանքն իր որջ տանելով։ Մի կտոր հաց դրեցի բնին մոտիկ․ ուրախությունից լացում էր։

 

 

*

 

— Մա՛մ, աստվածն աստված ունի՞:

— ՈՒնի։

— Իսկ աղոթել գիտի՞։

— Կիմանա, էլի։

— Իսկ իր աստվածը ներել կարո՞ղ է։

— Դե՛, հա։

— Ինչ լավ է, մի օր կների աստծուն։

— Ինչու՞։

— Պապիս նկարի առջև դրված ծաղիկների համար։

— Արի՛ աղոթենք։

— Ամեն։

— Ամեն։

 

 

 

Ընթերցել նաև