Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Նազիկ Հակոբյան․ «Օրորոցային»․ պատմվածք

 

Սոնյան երեխա էր՝ ութ տարեկան երեխա, բայց արդեն հորաքույր: Ծանր արդուկը մեծավարի իջեցնում էր մանկական շապիկների վրա, երկու ձեռքով հենվում բռնակին, քարշ տալիս նախշուն կտորի վրայով, որն, անմիջապես տաքանալով, նորածնի մարմնի կաթնահոտն էր արձակում: Աղջիկը չաղլիկ ոտքերի վրա ճոճվում էր ու ճռռացնում հատակի հին տախտակները:

Օրն այդպես էր ավարտվում արդեն մի քանի ամիս: Երբ հիշեցին, որ նորածինն արդեն կես տարեկան է, ոչ ոք չուրախացավ դրա համար: Սոնյան թռչկոտեց տեղում, ծղրտաց: Տարեկանն այնքան մեծ հնչեց: Կմեծանա, վերջապես կխոսի ու իրեն հորաքույր կասի, ինքը նրան կբացատրի, թե ինչ չի կարելի անել:

Մայրը քերում էր հին կաթսաները, փայլեցնում տան բոլոր հնոտիները: Արդեն երեք օր նա շնչակտուր մաքրում էր ու փայլեցնում` երբեմն-երբեմն երեսը ծածկելով գոգնոցի թաց կտորի մեջ: Ուսերը ցնցվում էին:

Սոնյան մտքում անգիր արած ոտանավորի նման արտասանում էր.

-Սա չանես, Մանուշակ ջան, սա կանես, բայց լավ կանես… Սա ավելի լավ է՝ հետո անես…

Ինքը մեծ էր, հորաքույր: Անհամբեր սպասում էր Մանուշակի մեծանալուն:

Մի քանի օր էր արդեն, ինչ եղբոր կինը նրան արգելել էր իրենց սենյակը մտնել: Ինչո՞ւ: Հարցերն ու վիրավորանքը խեղդում էին աղջկան: Ինքը մի քանի անգամ անցել էր սենյակի կողքով ու կիսաբաց դռան արանքից տեսել երեխայի փլված մարմինը: Դիրքը հանգիստ էր, չէր լացում, երևի լավ էր, ոչ մի տեղը չէր ցավում: Սոնյան հիշում էր նրա ճերմակ, փամփլիկ ոտքերը, ու հրճվանքից սիրտը պայթում էր: Բա չտեսնի՞, չդիպչի՞: Բայց ականջին հասնող շշուկների մեջ վախեցնող բան կար: Բոլորն ահով արտասանում էին` արյունը… ու վշվշում: Արյունը` ի՞նչ:

Այդ երեկո իրեն արգելեցին սովորականի նման արդուկել շորերը: Ինքը լուռ քաշվեց սենյակի անկյունն ու տիկնիկի մազերը քաշքշելով` ձևացրեց, թե խաղում է, բայց լարեց ականջները: Մայրը գնում-գալիս էր: Եղբայրը բակից տուն չէր մտնում: Հարսը երեխայի սենյակից դուրս չէր գալիս: Լռությունն այնքան ծանր էր, որ Սոնյան սկսեց հողաթափի քթով հարվածել դիմացը կանգնած անշարժ աթոռին: Մայրը ցնցվեց, կանգնեց սենյակի կենտրոնում: Սոնյայի մեջքը սառեց նրա հայացքից: Բիբերը լայնացել էին, սարսափ կար դիմածալքերում: Նա մատը թափ տվեց անկյունում կուչ եկած աղջկա վրա, բայց ամբողջ մարմնով լարված լսողություն էր: Սոնյան ութ տարեկան էր, բայց հասկացավ՝ մայրը ականջները սրել է քնած Մանուշակի կողմը: Սոնյան էլ լարեց լսողությունը: Թույլ շշուկի նման լսվում էր ծանոթ օրորոցայինը, որ Արևը երգում էր աղջկան քնեցնելիս: Սոնյան բառերը լավ չէր հասկանում, բայց մեղեդին սերտել էր: Արևի ձայնն այսօր շատ թույլ էր, հազիվ էր լսվում: Մայրը կտրուկ շրջվեց, քայլեց դեպի կիսաբաց դուռը: Քիչ հետո ներսից լսվեցին նրա փափուկ, համոզող բառերը՝«Ցավդ տանեմ, բալա: Գնա մի ժամ քնի, ես էստեղ կմնամ, Արևս: Մի ժամից կգամ, կհանեմ քեզ, գնա իմ տեղը պառկի, գնա՛…»:

Սոնյան մտածում էր՝ մայրը քնել է: Նա հանեց հողաթափերը, ոտքի ծայրով հրեց պատի տակ, թաթերի վրա քայլեց դեպի ննջարան:

Աղջիկը զգույշ մոտեցավ դռանը, ներս նայեց: Երեխայի շնչառությունը ծանր էր, քթի տակ սվսվում էր ու խեղդվում: Մայրը, երեխայի կողքին նստած, սառել էր: Փոքրիկ ափը ձեռքի մեջ սեղմել ու խեղդված ձայնով երգում էր Արևի օրորոցայինը:

Մոտենա, տեսնի` ի՞նչ է պատահել: Մայրը ներս մտնող աղջկան հանդիմանելու ուժ չգտավ: Սոնյան մի հայացքով տեսավ ու չճանաչեց փոքրիկի երեսը: Կավճից սպիտակ այտերը փոս էին ընկել, բիբերը կորել էին խոնավ թարթիչների տակ, կիսաբաց բերանից կենդանու գռմռոց հիշեցնող աղմուկ էր դուրս գալիս: Մանուշակը չէր: Սոնյան շրջվեց ու դուրս վազեց սենյակից:

Նույն պատի տակ կուչ եկած՝ վախենում էր: Եթե նայեր ժամացույցին, կհասկանար` դեռ երկու ժամ է անցել, ինչ մայրը փոքրիկի կողքին նստած է: Իսկ իր համար այդ ժամերը անվերջանալի ձգվող միայնություն էին: Սոնյան քիթը վեր քաշեց: Եղբայրը նորից քայլում էր պատուհանի տակ` ծանր քայլերով ցնցելով հին տան պատերը: Առավոտից խելագար աղմուկով հալվում էր մարտի վերջին ձյունը ու Սարոյի ոտնաձայների նման համաչափ դոփում աստիճանահարթակը ծածկող թիթեղին:

Մեծ էր տարիքային տարբերությունը, բայց Սոնյան բնազդաբար ու շատ մեծավարի հասկացավ` եղբայրն իրեն գրկած լաց կլիներ, եթե ինքը համարձակվեր նրա մոտ գնալ:

Շատ ուշ ժամ էր, համարյա՝ գիշեր: Հայրը հիմա ֆաբրիկայից տուն կգա ու ներս չի մտնի, կմնա Սարոյի կողքին կանգնած, երևի երկուսով կծխեն ու չեն խոսի:

Նախասենյակից աղմուկ լսվեց: Հին թախտը ճռռաց` ազատվելով Արևի մարմնի ծանրությունից: Նա հողաթափերը փնտրելով երերաց, հետո բոկոտն վազեց դեպի իր ննջարանը: Հալոցքը հատուկ ավելի ուժեղացավ: Սոնյան ձեռքերը սեղմեց ականջներին` Արևի ճիչը չլսելու համար: Հետո հանկարծ հասկացավ՝ նա հարձակվել է մոր վրա, խելագարի նման գոռում է ու բերանն եկած անեծքներով հայհոյում նրան: Արևը հետ քաշեց ափերը: Հայրն ու եղբայրը ներս վազեցին: Երբ Սոնյան բարձրացավ ճոճվող ոտքերի վրա ու համարձակվեց նայել ննջարանի կողմը, Արևը գազանի նման գալարվում էր ամուսնու ամուր թևերի մեջ, անդադար ճչում.

-Ջադուն… վերջին երկու ժամը խլեց ինձնից: Գիտեր, բան չէր ասում, Սարո, ո՞նց չես հասկանում, հատուկ ուղարկեց ինձ ու խլեց…

Սոնյան առաջին անգամ էր այդքան մոտիկից դագաղ տեսնում՝ շատ փոքրիկ ու ընկուզագույն փայտից: Գիշերը քնել չկարողացավ: Հաջորդ օրերին երազի մեջ ճոճվում էր ու ներսուդուրս անողների բերած ձնախառն ցեխն էր լվանում հատակից:

Արևի օրորոցայինը նույնիսկ գերեզմանատանը չէր լռել: Բայց Սոնյան ուզում էր, որ երգի: Հենց լռում էր, խելագարի նման նետվում էր սկեսրոջ կողմն ու հայհոյում նրան` շուտասելուկի նման արագ-արագ նույն բառն ասելով ընդմիջումներին` խլեց, խլեց: Աղջիկը ոչ մի բան չէր հասկանում, սակայն ընկալել էր ամենակարևորը՝ Մանուշակին խլել էին, բայց ոչ` իր մայրը:

Ոչինչ, մի քանի օրից սարերի ձյունն էլ կհալվի, ինքը Վարդենց հետ կգնա ծաղիկ հավաքելու ու Արևի համար մանուշակներ կբերի: Լացը լցվեց բերանը: Ինքը էլ հորաքույր չէ:

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև