Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Նազիկ Գասպարյան․ «Գյուղում ապրող երեխաները»․ էսսե

 

Գյուղում ապրող երեխաների մաշկը, որքան վառվում ու կոշտանում է արևից, քամուց, հողից, նրանք այնքան քնքշանում, բարակում են ներսից, դառնում են զգայուն, դառնում են անպաշտպան. առանց մաշկի են դառնում:

Նրանք՝ ամաչկոտ, արևի պաչիկները այտերին, մազերը` խառը, հորթը քշում են հանդից, որովհետև անձրև է և արագ են քշում, որ չթրջվի հորթը:

Աշխարհն այլ ընթացք ունի,երբ ոտնաթաթդ անմիջապես գրկում է հողը, հողը, որ և՛ հորդ ափերում է, և՛ բահի շուրթին, հո՛ղը, որ նախքան մարդն էր և հետո է մարդուց:

Հնամաշ հագուստները երեխաների ու աչքերում նոր հագուստի երազանքը, կիսածակ ոտնամաններն ու պլպլան կոշիկի երազանքը պլպլան աչքերում, նրանք քշում են հորթը, որ խրտնած անձրևից վազ է տալիս բանջարանոցով մեկ ու ոտնատակ տալիս նոր տնկած սածիլները: Ու նրանք քշում են հորթը ու գլխի չեն ընկնում, թե ինչից է, որ լացը եկել փաթաթվել է կոկորդներին` որ հորթը թրջվել է, թե տրորել է նոր տնկած սածիլները,  թե որ ջուր են քաշում ոտնամանները…

Նրանք մեծանում են կյանքի ամենաբնական ընթացքով՝ ընկնելով ու ելնելով, լացելով թաքուն ու հրճվելով ամենաչնչին բանից, բառից, մտքից նույնիսկ: Ամաչում են նրանք: Հեշտ չէ նրանց համար, նրանք շռայլությունից քաշվում, կուչ են գալիս, սովոր չեն. երջանիկ են նրանք, երբ իրենց բաժինն է իրենցը՝ ոչինչ ավելի:

Նրանք քաղաք գնալու շոր ունեն, տարին մեկ-երկու անգամ են հասցնում հագնել, դրանով ման չեն գալիս, հացի չեն նստում:

Նրանք անձրևին ու կարկուտին մանկական չարաճճիությամբ ու հրճվանքով չեն վերաբերում. հնձված խոտ կա դաշտում, դրսում փայտ կոտրած, ծառին՝ բերք, ու այս ամենի համար անհանգստացող հայր. դե արի ու թռվռա անձրևի տակ:

Եվ մեծանում են նրանք՝ իրենց սրտի մեջ հավաքելով արևի տապը, բույրը հողի ու ցորենի, փոշին, քրտինքը, հրճվանքը աննշան մի բանից, քաղհան անող մոր մատների մասին հիշողությունները. այսպես մեծանում են նրանք՝ գյուղում ապրող երեխաները, որոնց սրտից նոր թխած լավաշի հոտ է գալիս, կյանքի հոտ… 

 

     

Ընթերցել նաև