Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Հոգևոր զրույց Պատմվածք

Նագիբ Մահֆուզ. «Երեխայի դրախտը». պատմվածք

 

 

-Հայրի՜կ…

-Ասա, աղջիկս:

-Գիտե՞ս, ես և իմ ընկերուհի Նադյան միշտ միասին ենք։

-Դա հիանալի է:

-Թե՛ դասարանում, թե՛ դասամիջոցին և թե՛ ճաշարանում միասին ենք։

-Շատ լավ է, ընկերուհիդ գեղեցիկ և դաստիարակված աղջիկ է։

-Սակայն «Կրոն և իրավունք» ժամին մենք տարբեր դասարաններ ենք գնում։

Նա հայացքն ուղղեց կնոջը, որն ասեղնագործում էր սփռոցը և միաժամանակ ժպտում։ Տեսնելով՝ ինքն էլ ժպտաց և պատասխանեց․

-Բայց չէ՞ որ դա միայն կրոնի դասին է։

-Այո, հայրիկ, միևնույնն է, ինչո՞ւ։

-Որովհետև դու այլ կրոնի հետևորդ ես, իսկ ընկերուհիդ՝ մեկ այլ։

-Այդ ինչպե՞ս:

-Դու մուսուլման են, իսկ ընկերուհիդ ՝ քրիստոնյա։

-Բայց ինչո՞ւ, հայրիկ։

-Երբ մեծանաս, այն ժամանակ էլ կհասկանաս։

-Ես արդեն մեծ եմ։

-Ոչ, փոքրիկս։

-Իսկ ինչո՞ւ եմ ես հենց մուսուլման։

Այս պահին հարկավոր էր պահպանել հանգստություն և չկոպտել երեխային, որպեսզի դաստիարակության ժամանակակից մեթոդները չխափանվեին։

-Քո հայրը մուսուլման է, մայրը՝ նույնպես, հետևաբար՝ դու էլ ես մուսուլման։

-Իսկ Նադյա՞ն։

-Նադյայի հայրը քրիստոնյա է, մայրը քրիստոնյա է, և ուրեմն՝ Նադյան էլ է քրիստոնյա։     

-Նրա մոտ այդպես է ստացվել, որովհետև նրա հայրը ակնո՞ց է կրում։

-Չէ, ակնոցն ի՞նչ կապ ունի, ուղղակի նրա պապն էլ է քրիստոնյա եղել:

Նա որոշեց նախնիներին թվարկել այնքան, մինչև աղջիկը կհոգներ, և թեման կփոխվեր, սակայն փոքրիկը մտածեց և հարցրեց․

-Իսկ ո՞րն է ավելի լավ՝ լինել քրիստոնյա՞, թե՞ մուսուլման։

Նա մի փոքր մտածեց և պատասխանեց․

-Երկու կրոններն էլ լավն են։

-Չէ, չէ, բայց մեկն ավելի լավն է։

-Երկուսն էլ լավն են։

-Իսկ եթե ես դառնամ քրիստոնյա՞, դե, որպեսզի ես ու Նադյան էլ երբեք չբաժանվենք։

-Ոչ, աղջիկս, յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել մեր նախնիների կրոնը։

-Ախր ինչո՞ւ…

Ժամանակակից դաստիարակության ձևերն, իրոք որ, կատակ բան չեն։

-Դու իրո՞ք չես ուզում սպասել, որ մի քիչ էլ մեծանաս,- ասաց հայրը։

-Ոչ, չեմ ուզում։

-Լավ, իսկ դու գիտե՞ս, թե ինչ ասել է մոդա: Մարդիկ ձգտում են հետևել մոդային։  Մուսուլման լինելը մոդայի վերջին ճիչն է, և ուրեմն, դու պարտավոր ես մնալ մուսուլման։

-Այսինքն, Նադյան հնաո՞ճ է։

Գրողի ծոցը կորի այդ Նադյան։ Փաստորեն, այնուամենայնիվ, դաստիարակչական անզգույշ սխալ թույլ տվեցի, ստիպված եմ դուրս գալ այս խառնաշփոթից։

-Դե, դա ճաշակի խնդիր է, բայց միևնույնն է, ամեն ոք պարտավոր է հետևել իր ծնողի կրոնին։

-Իսկ ես կարո՞ղ եմ Նադյային ասել, որ ինքը հնաոճ է, իսկ ես՝ մոդայիկ։

-Բոլոր կրոններն էլ լավն են, նրանց միջոցով ենք ճանաչում Աստծուն։

-Իսկ ինչո՞ւ ենք տարբեր դասարաններում ճանաչում։

-Որովհետև ձևերը տարբեր են։

-Այդ ինչպե՞ս…

-Վերջ։ Դու դա կիմանաս տարիներ հետո, իսկ այժմ հիշիր, որ մուսուլմաններն էլ, քրիստոնյաներն էլ հավատում են Աստծուն։

-Իսկ Աստված ո՞վ է, հայրիկ։

Նա շփոթվեց։ Երկար մտածեց և փորձեց շեղել խոսակցությունը․

-Այն ի՞նչ էիր ասում ձեր ուսուցչուհու մասին։

-Նա մեզ համար Ղուրանից մեկ սուրա կարդաց, մենք անգիր սովորեցինք աղոթքը, բայց ես, միևնույնն է, ոչինչ չհասկացա։ Ո՞վ է Աստված։

Նա էլի երկար մտածեց ու ժպիտով պատասխանեց․

-Աստված երկրի արարիչն է։

-Ամբո՞ղջ երկրի:

-Ամբողջ երկրի։

-Ի՞նչ է նշանակում արարել։

-Նշանակում է, որ ինքն է ստեղծել։

-Ինչպե՞ս է ստեղծել։

 -Իր ամենակարող կամքով։

-Որտե՞ղ է Աստված ապրում։

-Ամբողջ աշխարհում։

-Իսկ երբ աշխարհը չկա՞ր։

-Հեռո՜ւ վերևում։

-Երկնքո՞ւմ։

-Երկնքո՛ւմ։

-Ես ուզում եմ տեսնել նրան։

-Դա հնարավոր չէ։

-Հեռուստացույցո՞վ էլ հնարավոր չէ։

-Հեռուստացույցո՛վ էլ հնարավոր չէ։

-Այսինքն, ոչ ոք նրան չի՞ տեսել։

-Ոչ ոք։

-Իսկ ի՞նչ գիտես, որ երկնքում է։

-Մարգարեն է ասել։

-Մարգարե՞ն։

-Այո, օրինակ՝ Մուհամմադը։

-Իսկ նա ինչպե՞ս է իմացել։

-Աստվածատուր շնորհի միջոցով։

-Այսինքն, նա շատ ուժեղ տեսողությո՞ւն ուներ։

-Այո։

-Ինչպե՞ս:

-Որովհետև Աստված նրան այդպես էր ստեղծել։

-Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ…

Զայրույթը մի կերպ զսպելով՝ հայրն ասաց․

-Որովհետև ինքն ամեն ինչ կարող է, ինչ կուզի, այն էլ կանի։

-Ինչպիսի՞ն է նա։

-Հզոր, շատ հզոր։

-Բայց դա հնարավո՞ր է…

Ծիծաղը մի կերպ զսպելով՝ հայրը պատասխանեց․

-Նա իրեն հավասարը չունի, աղջիկս։

-Իսկ ինչո՞ւ է նա հենց երկնքում ապրում։

-Որովհետև երկիրը փոքր է իր համար…

Աղջիկը մի քիչ էլ մտածեց ու ասաց․

-Բայց Նադյան ասում էր, որ նա երկրի վրա ապրել է։

-Դա այն պատճառով, որ նա այնքան լավ գիտի, թե ինչ է կատարվում երկրի վրա, որ թվում է, թե ապրում է այստեղ։

-Բայց Նադյան ասում էր, որ մարդիկ սպանել են նրան…

-Նա հավերժ ողջ է և երբեք չի մեռնում։

-Բայց Նադյան ասում էր՝ սպանել են։

-Դե ուրեմն, նրանց թվում էր, թե սպանել են։ Աստված ողջ է։

-Իսկ իմ պապիկը ո՞ղջ է։

-Ոչ, նա մահացել է։

-Նրան սպանե՞լ են։

-Ոչ, նա ինքն է մահացել։

-Ինչի՞ց։

-Հիվանդացել, մահացել է։

-Հիմա քույրիկս հիվանդ է, ինքն է՞լ պիտի մեռնի։

Նա նկատեց կնոջ դժգոհ հայացքը։

-Ոչ, նա կառողջանա։ Աստված տա։

-Իսկ պապիկն ինչո՞ւ մահացավ…

-Որովհետև նա ծեր էր ու հիվանդ։

-Դու էլ ես ծեր ու հիվանդ, ինչո՞ւ չես մահանում։

Մայրը բղավեց աղջկա վրա։ Հայրն ամեն կերպ փորձեց ափերից դուրս չգալ։

-Մենք կմահանանք այն ժամանակ, երբ Աստված կամենա, հասկացա՞ր, երբ ինքը կկամենա։

-Բայց ինչո՞ւ է նա ուզում, որ մենք մեռնենք։

-Դա իր կամքն է։

-Մահը լա՞վ բան է։

-Ոչ, փոքրիկ։

-Այսինքն, Աստված վա՞տ բան է ուզում։

-Դա Աստծո կամքն է, եթե նա այդպես է ուզում, լինում է։

-Բայց դու ինքդ ասացիր, որ մահը վատ բան է։

-Սխալվեցի, աղջիկս։

-Այդ դեպքում ինչո՞ւ մայրիկը բարկացավ, երբ ես հարցրի, թե դու ինչու չես մեռնում։

-Աստված դեռ իմ մահը չի ուզում։

-Իսկ ե՞րբ կուզի։

-Նա է մեզ ուղարկում այս աշխարհ և այստեղից էլ մի օր տանում է։

-Ինչի՞ համար։

-Որպեսզի այս կյանքում լավ բաներ անենք։

-Իսկ ինչո՞ւ չենք կարող մնալ։

-Որովհետև, եթե բոլոր մարդիկ մնան, ուղղակի երկրի վրա տեղ չեն անի։

-Ամենալավ բաներն, ուրեմն, կթողնենք այստեղ…

-Ոչ, մենք ավելի լավ տեղ ենք գնալու։

-Ո՞ւր։

-Երկինք։

-Եվ կտեսնենք Աստծո՞ւն։

-Այո։

-Դա լա՞վ է:

-Իհարկե։

-Պապիկը լավ գործե՞ր է արել։

-Այո։

-Ի՞նչ։

-Մեր տունն է սարքել, այգին է տնկել։

-Հարևանի տղան, հայրիկ, խփում է ինձ, լավ բաներ չի անում։

-Նա դեռ փոքր է։

-Ինքն է՞լ կմեռնի։

-Կմեռնի, երբ Աստված կամենա։

-Բայց եթե այդպես էլ լավ գործեր չանի, կմեռնի՞։

-Բոլորը մեռնում են, ուղղակի ովքեր բարի գործեր են անում, գնում են Աստծո մոտ, իսկ ովքեր՝ չար, վառվում են դժոխքի կրակներում։

Աղջիկը խոր շունչ քաշեց։ Հայրը զգաց, որ ամբողջովին շփոթվել է, մտածում էր՝ ճի՞շտ է պատասխանել արդյոք աղջկա հարցերին։ Մի քիչ լռելուց հետո փոքրիկն ասաց․

-Չէ, միևնույնն է, ես ուզում եմ միշտ Նադյայի հետ լինել, անգամ Կրոնի դասերին։

Հայրը բարձր ծիծաղեց, մայրը՝ նույնպես։

-Երբեք չէի կարծի, որ երեխաների հետ կարելի է նման թեմաներ քննարկել,- ասաց հայրը։

Կինը նայեց նրան և ասաց․

-Իսկ երբ աղջիկդ մեծանա, դու վերջապես կկարողանաս նրան ասել քո բոլոր կասկածների մասին:

Նա արագ շրջվեց կնոջ կողմը՝ հասկանալու, թե նա լո՞ւրջ էր ասում այս բառերը, սակայն գտավ նրան՝ գլուխը սփռոցի վրա կախած ասեղնագործելիս։  

 

Թարգմանությունը՝  Էլիզա Մխիթարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կահիրե/Եգիպտոս

 

 

 

 

Ընթերցել նաև