Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Նագիբ Մահֆուզ․ կարճ պատմվածքներ

Մարգարիտը

 

Երազիս մեկը հայտնվեց ու տվեց ինձ փղոսկրից մի տուփ և ասաց․

— Ընդունիր այս նվերը։

Երբ արթնացա, բարձիս կողքին գտա նման մի տուփ, որի ներսում կաղինի մեծության մարգարիտ էր։

Ժամանակ առ ժամանակ ես այդ տուփը ցույց եմ տալիս ընկերներիս և հարցնում․

— Ի՞նչ եք մտածում այս եզակի մարգարտի մասին։

Նրանք նայում են տուփի մեջ և ասում․

— Ի՞նչ մարգարիտ, տուփը դատարկ է։

Ինձ դուր է գալիս հերքել աչքին տեսանելի իրականությունը։ Եվ մինչ օրս ես չեմ գտել մեկին, ով հավատում է ինձ, բայց հուսահատությունը երբեք չի համակել հոգիս։

 

 

 

 

*

 

Ապաշխարություն

 

Այդ գեղեցկուհին իր չքնաղությամբ կտրեց ճանապարհս, անցավ և վերադարձավ կրկին, իսկ ես չշրջվեցի դեպի նա։ Եվ կյանքիս այդ դատարկ ժամանակներում նա օրհնված էր թվում, լցված ասկետիկ հպարտությամբ։ Ես ապացուցեցի, որ կլինեմ նրա հետ բոլոր գիշերներին, երբ լուսինը կերևա։ Ես շատ էի ձգտում գեղեցիկի ու հաճույքի, և այդժամ նա շրջվեց ինձ վերջապես, ժպտալով ասաց․

— Ես ընդունում եմ քո զղջումը, թող դառնամ ճակատագիրդ։

 

*

 

Ծիծաղը

 

Ես կանգնած էի իմ հարազատի դագաղի մոտ, նայում էի նրա անշնչացած մարմնին, որը պատրաստում էին հուղարկավորության։

Նրա դեմքին դրոշմված էր անցյալից մնացած ծիծաղը, որով ինքը հրաժեշտ էր տալիս իր բարեկամներին, իսկ երբ շրջվեցի՝ նայելու սգացողների դեմքերին, տեսա միայն մռայլ հայացքներ։

Ես հեռացա գերեզմանի մոտից և ծանոթներիցս մեկը մոտեցավ ու շշնջաց ականջիս․

— Ի՞նչ կասեք, չսրճե՞նք։

Այդ առաջարկը մի տեսակ թեթևացրեց նյարդային վիճակս, ոտքերս ինձնից անկախ շարժվեցին փայտե տախտակի կողմ, որի վրա սառույցով ջուր և սուրճ էր դրված, ուր սովորաբար գնում են անցյալին հրաժեշտ տալուց հետո։

 

*

 

Կյանքի հնարավորությունը

 

Ես հանդիպեցի նրան պայծառ արևի տակ, ծովի ափին, երբ  նույն ժամանակ նրա թոռնիկը ինչ-որ բան էր պատրաստում սպիտակ ավազից։ Մենք՝ երկու զառամյալ մարդիկս, նստեցինք հովին և նա հանկարծ բարձր ծիծաղեց, ասաց․

— Մեր տարիքում կյանքն արդեն իմաստ չունի, թող քեզ մի պատմություն պատմեմ։

Պատմելու ընթացքում նա հանկարծակի ընդհատեց իր խոսքն ու ասաց, որ ավարտեց։

Ես զարմացա ու տխրեցի․ մի ամբողջ կյանք իմանալու հնարավորությունս փախավ․ ինչպիսի՜ կորուստ։

 

*

 

Հիշողության չար կատակ

 

Ես տեսա հսկայական փորով մի մարդու, ով պատրաստվում էր կուլ տալ մի փղի։ Ես ապշահար հարցրի նրան․

— Դուք ո՞վ եք, պարոն։

Անակնկալի գալով իմ հարցից, նա պատասխանեց․

— Ես մոռացել եմ ինձ, ինչ է, դուք էլ ե՞ք մոռացել․․․

 

*

 

Զրույց Մահվան մասին

 

Ես տեսել եմ Մահին Շեյխի կերպարանքով և նա ասում էր․

— Եթե ես դադարեցնեմ աշխատանքս մեկ տարով, ապա կազատվեմ ձեր անվերջ խոստովանություններից՝ իմ նախապատվությունների մասին։

Այս շեյխի վատը կամեցող մարդիկ սկսեցին ասել, որ նա կործանված է և սա նրա վերջն է․․․

Բայց հաճախ ժամանակն իրավունք ունի ցույց տալու, որ ինքն ամենահզորն է բոլոր ուժերի մեջ և նա հասնում է իր բոլոր նպատակներին, անում է ամեն բան, միայն թե լսելի դառնա, իսկ եթե կասկածի տակ ես դնում ժամանակի հզորությունը, ուղղակի նայիր քեզ հայելու մեջ։ Գոյության մեծագույն խնդիրը ծագել է սիրո և մահվան միջև։  Դրանցից ավելի հզոր է նա, ով կարողանում է ներել, որովհետև իսկական լույսը չի կարող անցնել երկու անարդարությունների միջով։ Իսկ սերը․․․Սիրո համար բավական է մեկ ժամը՝ թեթև սյուքի վերածվելու և մի ողջ կյանքի դժվար քամիները մերժելու համար։ Իսկ սուտը պայթում է ակնթարթորեն։ Իդեալական կյանքը ֆանտազիայի մեջ ապրածն է։  Իհարկե կյանքը բախումների շղթա է՝ ողողված արցունքներով և վախով, բայց այն մոգություն է՝ քեզ ամողջովին պարուրող մոգություն․․․

 

*

 

Երազանքներ   

 180-րդ

 

Երազումս տեսնելով Ալ- Ազհարի շեյխ, իմ ուսուցիչ Մուստաֆա — Աբդուլ Ռազեկին, ես վազեցի դեպի նա ու մեկնեցի ձեռքս, նա բռնեց դաստակիցս ու քաշեց ինձ իր մոտ։ Մենք հայտնվեցինք մի չքնաղ պարտեզում։ Ուսուցիչս ասաց․

— Պարտեզի կեսն իմ թագավորության հողն է, մյուս կեսը՝ նրա։ Մենք հույս ունենք, որ այստեղ բոլորովին նոր վարդեր կաճեն․ չէ՞ որ նոր ծաղկի գույնն անհամեմատ գեղեցիկ կլինի։

 

 192-րդ

 

Ազատության պարտեզում ծաղիկները խոսում են սիրահարների արցունքներով։  Կարելի է թևեր հագնել ու շրջել պարտեզում՝ ականջ դնելով  սիրո շշուկներին, որոնց կողքին պայքարում են սիրահարվածներն իրար դեմ, իսկ ես պարտավոր եմ մոռանալ պայքարի ու հակասության մասին, երբ սիրում եմ։

 

 

Թարգմանությունը՝   Էլիզա Մխիթարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կահիրե/Եգիպտոս

 

 

 

 

 

Ընթերցել նաև