Թարգմանչի դիտանկյուն

Յուվալ Նոյ Հարարի․ «Մարդկության համառոտ պատմություն. Sapiens». թարգմանչի դիտանկյուն

 

 

 

Յուվալ Նոյ Հարարի․

«Մարդկության համառոտ պատմությունը․ Sapiens»

«Newmag» հրատարակչություն

 

Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության համառոտ պատմությունը․ Sapiens» գիրքն այն մասին է, թե ինչպես ժամանակն ու պատահականությունը ծնեցին բարդագույն օրգանիզմ՝ մարդուն, պատում է մարդկանց՝ միմյանց ու աշխարհի հետ հարաբերվելու կերպերի ու ցանցերի մասին, նաև՝ սթափեցնող, թափանցուն հայացք ապագային: Հարարին փորձում է «փիղ ուտել».  պատմությունը՝ որպես հսկայական մի պատառ, որը միանգամից կուլ տալ հնարավոր չէ, մանրատել է ու գլուխ առ գլուխ մեր կոկորդից ներս է հրում: Ու, չնայած դրան, էդ կտորները տեղ-տեղ լպրծուն են, տեղ-տեղ՝ սուր ցցվածքներով, երբեմն էլ կոկորդովդ անցնում են՝ լորձաթաղանթը քերելով: Սա Հարարիի և՛ գլխավոր արժանիքն է, և՛ գլխավոր թերությունը․ նա համոզում է՝ սադրելով:  Ինտերակտիվ, հույզերդ ներգրավող գիրք է, հարգելի ընթերցող, որտեղ Հարարին չի խնայում զգացմունքներդ, ու ուզած-չուզած  հայտնվում ես երևակայական մրցասպարեզում՝ արժեքներիդ ու համոզմունքներիդ համար Հարարիի հետ մտովի բախվելիս:

Հարարին ասում է, որ դու կենդանի ես, որը մյուս կենդանիներից ոչնչով լավը չէ, սակայն պատահաբար ձեռք է բերել լեզուն՝ մարդկային գործակցության ցանցեր կազմելու գործիքը, որն էլ հենց սափիենսին առավելություն է ընձեռել մյուս բոլոր կենդանատեսակների նկատմամբ: Ակրոբատիկ պատմական ցատկերն իր առաջին բառն արտասանող սափիենսից 13-րդ դարի Ֆրանսիա՝ կառագործ Ժանի պատրաստած կառքի անվին, ապա ապագա՝ բիոնային ռոբոտի մեջքին, Հարարին կատարում է փորձառու ճանճի թեթևությամբ՝ տարբեր դարաշրջանների մարդու կենցաղի հետաքրքիր դետալներից քաղելով պատմության մեխանիզմի շարժման սկզբունքները ու դրանք դնելով ժամանակակից մարդու տրամադրության տակ՝ իբրև մարդկության ապագայի մտովի արարում:

Հարարին հունից հանում է՝ պնդելով, որ կրոն, հայրենասիրություն, ժողովրդի իշխանություն՝ մարդկանց միավորող բոլոր այս գաղափարներն ու գաղափարական  համակարգերը երևակայության արդյունք են՝ միաժամանակ խարխլելով ու ամրապնդելով հասարակության այս սյուները՝ հորինվածք են, բայց առանց դրանց հասարակությունը գոյատևել չի կարող: Անհրաժեշտ հորինվածք: Իմացական աններդաշնությունը, որը Հարարին սրանով առաջ է բերում կամ մատնանշում է, խիստ ցավոտ է՝ այլևս ստիպված ենք հավատալ մի բանի, որը գոյություն չունի:

Ու, ի վերջո, Հարարին հող է նախապատրաստում ապագայի համար՝ բացահայտելով մանվածապատ մեխանիզմը, որով պատմությունը կերտել է ինքն իրեն, այն տարածում է ապագայի վրա: Հարարին կանխատեսում է պատմության ընթացքը՝ մարդ-աստծո ծնունդը. մենք կանգնած ենք նոր ցեղատեսակով փոխարինվելու նախաշեմին: Ինչպես Հոմո սափիենսը ժամանակին «մաքրեց» պատմության թատերաբեմը նեանդերթալցուց, հիմա էլ Հոմո դեուսը «կմաքրի» այն Հոմո սափիենսից, ու մենք այդ փոխարինմանը պիտի պատրաստ լինենք: «Ի՞նչը կարող է ավելի վտանգավոր լինել, քան դժգոհ ու անպատասխանատու աստվածները, որոնք չգիտեն, թե ինչ են ուզում»,- իր ընդգրկուն, հավակնոտ պատումը սպառնալից եզրափակում է Հարարին:

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Աստղիկ Սարգսյան

թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև