Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Յասունարի Կավաբատա․ «Սարյակներ»․ կարճ պատմվածք

 

«Սիրելի՛ս։ Ես ստիպված եմ խախտել խոստացածս լռությունն ու քեզ նամակ գրել։ Միայն այս մեկը։

Բանն այն է, որ ես այլևս ի զորու չեմ պահել սարյակներին, որոնց դու նվիրեցիր ինձ անցած տարի։ Այս ողջ ժամանակահատվածում նրանց խնամել է կինս։ Ինձ միայն մնում էր հետևել, թե ինչպես է նա անում դա։ Ես հետևում էի ու հիշում քեզ․․․

Հիշու՞մ ես, ինձ ասում էիր․ « Դու կին ունես, ես՝ ամուսին, այնպես որ՝ արի բաժանվենք։ Բայց եթե դու ամուսնացած չլինեի՜ր․․․»․․․ Ու այսպես շարունակ։ Ապա որպես հուշ նվիրեցիր ինձ երկու սարյակ։ Ասել է թե՝ «այդ թռչուններն ամուսիններ են։ Ահա թռչնորսը բռնել է մեկ էգ և մեկ որձ, նույն վանդակում տեղավորել։ Իսկ թռչուններն այդ երբևէ չէին էլ մտածել, որ մի օր միասին կհայտնվեն այդտեղ։»։

Ասում էիր՝ «Նայիր նրանց ու ինձ հիշիր։ Թեպետ այնքան տարօրինակ է թռչուններ նվիրել, բայց թող նրանց մեջ ապրի հիշողությունը մեր մասին։ Իհարկե, նրանք մի օր կմեռնեն։ Թող նույնկերպ մեռնի մեր հիշողությունը, երբ գա ժամանակը․․․»։ Ճիշտ այսպես էիր ասում․․․

Իսկ հիմա ես տեսնում եմ, որ սարյակները շուտով կմեռնեն, որովհետև մահացել է մարդը, որը խնամում էր նրանց։  Դու գիտես՝ ես թշվառ ու անպատասխանատու նկարիչ եմ։ Ավելի պարզ ասեմ․ կինս մահացավ, ու հիմա սարյակներն էլ են ստիպված մեռնել։ Ստացվում է, որ քո մասին հիշողությունը, սիրելի՛ս, պահել է կինս։

Ես մտածում էի ազատություն նվիրել սարյակներին՝ բաց թողնել նրանց։ Բայց կնոջս մահից հետո նրանք էլ են մի տեսակ թուլացել։ Բացի այդ, նրանք չգիտեն, թե ինչ է երկինքը։ Համ էլ մոտակա անտառում սարյակներ չկան։ Իսկ եթե հանկարծ նրանք բաժանվեն, կմեռնեն իրարից անջատ, մենավորիկ։ Ու բնավ նշանակություն չունի, որ դու ասում էիր, թե թռչնորսը բռնել է մեկ էգ և մեկ որձ, տեղավորել նույն վանդակում․․․

Խանու՞թ հանձնեմ նրանց։ Դա իմ սրտով չէ։ Չէ՞ որ դա քո նվերն է։ Վերդարձնե՞մ քեզ։ Դա էլ լավ միտք չէ։ Նրանց կինս էր կերակրում, իսկ դու գուցե բոլորովին մոռացել ես նրանց մասին։ Բեռ կդառնան քեզ համար։

Եվս մեկ անգամ կկրկնեմ․թռչունները ողջ էին, որովհետև կինս էր ողջ։ Թեպետ՝ սարյակները հիշողությունն են քո մասին։ Այդ պատճառով էլ, սիրելի՛ս, ես ուզում եմ, որ նրանք հետևեն կնոջս։ Չէ՞ որ բանը միայն հիշողության մեջ չէ։ Ինչու՞ մենք իրար սիրելու հնարավորություն ունեինք։ Որովհետև ես կին ունեի։ Որովհետև հենց ինքն էր ազատում ինձ կենացաղախեղդ առօրյայի ծանր բեռից, և ես կարող էի իմ մասին մտածել։ Հակառակ դեպքում, եթե հանդիպեի քեզ, կփախցնեի հայացքս, չէի նկատի նույնիսկ։

Այնպես որ, սիրելի՛ս, դիմում եմ քեզ խնդրանքով։ Կարող եմ արդյո՞ք սպանել այս թռչուններին և թաղել նույն գերեզմանում՝ կնոջս հետ․․․»։

 

1924

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև