Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Էսսե Թարգմանություն

Յան Քոհլ․ «Հեռու և մոտ»․ էսսե

Այս պահին որքա՞ն ես հեռու նրանից, ում ամենաշատն ես սիրում:
Եթե հնարավորություն ունես, գրկի՛ր նրան առանց վարանելու: Ա՛ռ նրան թևերիդ մեջ ու նայի՛ր, հիշի՛ր, թե ինչու ես նրան այդքան շատ սիրում, ու փորձի՛ր քեզ դրոշմել նրա հայացքում, որսա՛ պահը, երբ չի թարթի աչքերը: Փորձի՛ր մտաբերել նրա ուրվագիծը, փակի՛ր աչքերդ ու պատկերացրո՛ւ՝ ինչպիսին է նա:
Հանգիստ փակի՛ր աչքերդ, որքան հաճախակի բացես, այնքան շուտ կավարտվի պահը: Շնչի՛ր բույրը, որ ամենաշատն ես սիրում, և պարտակա՛ն եղիր նրան գիտակցությանդ մեջ բոլոր հիանալի փորձառությունների, հիշողությունների ու պահերի համար, որ միասին վայելել եք: Լսի՛ր նրան, թող խոսի քեզ հետ, նույնիսկ եթե նա միայն քո սրտում է: Զգա՛ նրան քո ձեռքերում և պարզի՛ր՝ ինչու ես դու այդքան տարված նրանով: Քո զգայարանները այլևս ընդարմացած են, թող ետևում մնա այն ամենը, ինչ զգում են զգայարաններդ: Կո՛ւյր դարձիր, շտապի՛ր, քանի որ եթե հիմա բաց թողնես պահը, հնարավոր է՝ աչքդ թարթելուց հետո փոխվի ամեն բան, ինչպես թիթեռի թևերի շարժումը կարող է եղանակը աշխարհի մի այլ ծայրում փոխել: Արա՛ այն, ինչ սովորաբար անում ես քո սերը ցույց տալու համար ու յուրաքանչյուր անգամ մի փոքր ավելի՛ն տուր: Եթե դու մտածում ես, որ բավական է, բա՛ց թող և կտեսնես, որ նա սահում է քո գլխավերևում՝ անվերջանալի հեռուներում երկնքի: Թող հեռանա, որ կրկին վերադառնա դեպի քեզ: Եվ երբ ժամանակը գա, որ դու կարողանաս թողնել նրան, կհասնես ինչ-որ բանի, ինչն ավելի արժեքավոր է, քան պատմության ամենաերկար գրկախառնությունը, ավելի արժեքավոր, քան հազարավոր բառերն ու մի համբույրը, արժեքավոր՝ ամենաբուռն ակնթարթից անգամ:
Դու այն օտարել ես ու այլևս չունես դրա կարիքը քո շուրջը: Միգուցե մարե՞լ ֆիզիկական ցանկությունները, չսիրել նրան, բայց իմանալ, որ, միևնույնն է, սիրված ես: Դու հասկացել ես, որ սրտումդ մի մնայուն տեղ կա, ու նույնիսկ եթե այլևս չլինես այս աշխարհում, նա միշտ այնտեղ կլինի:
Եվ երբ այլևս չես շնչի ու չես սիրի, երբ կլինես մոլորակի մյուս կիսագնդում, այս հասկացողությունը կարող է փրկել կյանքդ: Դու կարծում ես, որ չես կարող առանց մեկ ուրիշի սիրո, դու առաջ չես շարժվում, դոփում ես տեղում, դու հուսահատ ես, ստամոքսդ ուժգին կծկվում է հսկայական ճնշումով, ինչը ստիպում է, որ սիրտդ շարունակի զարկել, դու լալիս ես ու անտարբեր նայում շուրջդ, քիթդ հոսում է, դու սակայն մտքերի մեջ ես ընկնում նորից ու մտածում: Դու հավանաբար ուզում ես հուսալքության գիրկն ընկնել, և ամեն ինչ կարծես թե լավ է մի ակնթարթ, բայց հետո համակվում ես նոր քաջությամբ և հասկանում ՝ կա մեկը, որ մտածում է քո մասին: Գիտես, որ սերդ վերջ չի ունենա երբեք, քանի որ նույնիսկ ամենամեծ գայթակղությունը չի կարող փոխարինել այն սիրուն, որ զգում եք միմյանց հանդեպ: Դու զգում ես նրան շուրջդ, վերհիշում ձեր վերջին հանդիպումը, մտածում վերջին վայրկյանի մասին, որը միայն ձերն էր, ուրիշ ոչ մեկինը, միայն՝ ձեր փոքրիկ աշխարհը: Դու ընդունում ես դիմացինիդ իրական գեղեցկությունը ոչ միայն այն պատճառով, որ այն եզակի է և քո մեջ ինչ-որ աննկարագրելի բան է արթնացնում, այլ նաև այն պատճառով, որ այն քո սիրտը ընդգրկող ու ճնշող գեղեցկություն է, որ փոխարինում է ինքնուրույն ակտիվությանը և սրտամկանին: Դու գիտես, որ առանց այդ սիրո այլևս չես կարող ապրել, և հենց դա էլ ուզում ես, ու այն քեզ ուժեղ է դարձնում, քեզ հնարավորություն է տալիս՝ վերապրելու: Եվ հավանաբար նոր արցունքներ կհոսեն, բայց դա այլ հոգեվիճակ է: Այն ավելի թեթև է և ոսկիանման փայլում է իր արծաթի մեջ, ու դրա պատճառը մելամաղձությունն ու թախիծը չեն, ուրախությունն ու հույսն են: Եվ դու պետք է ճիգ գործադրես՝ բռնելու այդ արցունքները ու տուն ուղարկելու: Այսպիսով, աշխարհի մյուս անկյունում ինչ-որ մեկը ստանում է հաղորդագրությունդ և հասկանում այն, ապա սկսում է գործել նույն կերպ ու դառնում անմահ:
Մեզնից յուրաքանչյուրն անմահ է, քանի որ մենք շարունակում ենք ապրել մեր սերերի ու սիրելիների մտքերում ու սրտում: Ու հանկարծ հեռավորությունը սկսում է դեր չխաղալ այլևս, որովհետև մեր սրտերի զգացմունքային մտերմությունն ու կապը կամրջում են ամեն մի հեռավորություն:
Ես սիրում եմ քեզ:

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գերմանիա

 

 

 

 

Ընթերցել նաև