Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վեպ

Մհեր Իսրայելյան․ հատված «Ես եմ աշխարհի թագավորը» գրքից․ գլուխ Դ. «Թռչող հեծանիվը»․ վեպ

 

Կրիայի դեմ փորձարկած առաջին անհաջող մրցավազքից հետո հասկացա, որ հենց այնպես մի քանի քայլ գցելով երբեք տեղ չես հասնի։ Որպեսզի քայլդ հաղթական ավարտ ունենա՝ այն պետք է սրտիցդ գնա, ու մի հրեշտակ էլ զորավիգ լինի քեզ։ Ամաչում եմ խոստովանել, բայց կրիային հաջողվեց հասնել և անցնել երկրորդ փորձից, այն էլ միայն հրեշտակի օգնությամբ. պարզապես  ձե՞ռքը մեկնեց, թե՞ կրիային կախարդեց: Զենոնը ճիշտ էր, բայց հաշվի չէր առել մեկ կարևոր հանգամանք՝ միշտ էլ աշխարհի ինչ-որ մի  անկյունից անսպասելի կհայտնվի մի հրեշտակ ու գրողի ծոցը կուղարկի երկճյուղման բանաձևը: Ինչպես Լյուիսն ու Փաուելը հինգ րոպեում գրողի ծոցն ուղարկեցին Բիմոնի ցատկը դեպի քսանմեկերորդ դար կամ Մարադոնան իր հրաշագործ ոտնաթաթը թողած ապավինեց Աստծո ձեռքին ու իր անունը փորագրեց պատմության գանձարանում։    

Իրականում եթե կրիայի երկճյուղման տխրահռչակ բանաձևը ճիշտ լիներ, ես չէի էլ շարունալի այս երկը, ու Մարիկոն էլ մի օր կրկին չէր հայտնվի ու ավետի.

— Ուրախալի լուր ունեմ, հայտնաբերվել է մի արժեքավոր աղբյուր մեր ուսումնասիրության համար։

— Սա գիտական աշխատություն չէ, այլ սրտի կանչով հղացած մի ճամփորդություն,- ուղղեցի ես,- գուցե ուխտագնացություն։ 

— Ես հանդիպել եմ բժիշկ Լա Ռոսային ու նա հավաստիացրել է, որ քո կորսված հիշողության մի մասը պետք է որ փոխանցված լինի քո երկվորյակ եղբորը: Ինձ չհաջողվեց գտնել նրան, բայց ես ձեր տան գաղտնարաններից պեղել եմ այս ուղեցույցը:  

Ուղեցույցը մի դեղնած տետր էր, որտեղ կար մի կիսատ շարադրություն կամ պատմվածք՝ ենթադրաբար գրված եղբորս կողմից։ Ստորև ներկայացնում եմ շարադրությունը առանց խմբագրման՝ հույս փայփայելով թե այն լույս կսփռի մեր ուխտագնացության որոշ հանգամանքների վրա:

«Շարադրություն ազատ թեմայով․Մեր դեղձանիկը․

Երբ մի հեռավոր, երանելի ու անմոռանալի օր մայրս պատահմամբ, թե միտումնավոր  վանդակի դռնակը բաց թողեց, ու մեր դեղձանիկը թպրտալով դուրս փախավ, եղբայրս արցունքը աչքին խզված ձայնով հարցրեց․

— Ինչ ես կարծում ժամանակի մեքենա գոյություն ունի՞։  

— Բա ոնց, — գլխով արեցի ես,- գրքեր կան, կինոնկարներ։

— Տեսնում ես այս հեծանիվի անիվը, սա կլինի մեր մեքենայի առաջին մասնիկը,- ցույց տվեց եղբայրս։ 

— Շտապելու կարիք չկա, — հանգստացրեցի ես,- մեկ է՝ երբ մեքենան պատրաստ լինի, կարող ենք սրտներիս ուզածի չափ հետ պտտել ժամանակը ու կողպել վանդակը։ 

— Հետո ավելի պտտել ու հետ բերել մեր կորցրած հողերը,- աչքերը փայլեցրեց եղբայրս։ 

— Իսկ չի՞ լինի, որ ոչ թե հետ, այլ առաջ պտտենք ու հետ բերենք մեր հողերը,- ասացի ես։ 

— Ամեն դեպքում, պետք է զգույշ լինել, եթե շատ պտտենք, հետ, թե առաջ՝ երևի կգոլորշիանանք,- զգուշացրեցի ես։

— Գնացինք,- ասաց եղբայրս։ 

Մենք վազեցինք փնտրելու ժամանակի մեքենայի մնացած մասնիկները։ Ափսոս, մի քանի օրից դեղձանիկը վերադարձավ ու հետո որքան էլ մայրս վանդակի դռնակը պատահմամբ թե միտումնավոր բաց թողներ, դեղձանիկի թռիչքը կիսատ էր մնալու ու նա մոլորության մեջ կարծելու էր թե այդ անիծյալ վանդակը հենց իր հայրենիքն է որ կա ու ճաղերով լինի, թե առանց ճաղերի՝ պիտի հետ դառնա, մանավանդ, որ դռնակը կրնկի վրա բաց է մնացել։         Երևի գլխի ընկաք, որ ժամանակի մեքենա կառուցելու խանդավառությունը թեև ժամանակը հետ տալու և մեր դեղձանիկի վանդակը կողպելու մտահոգությունից էր ծնվել, իրականում այլ նպատակ ուներ՝ հետ բերել մեր հողերը: Պապս ասում էր, թե էրգրում այնքան մեղր ու մեղու է եղել, որ երբ լեռնային հողմերը խենթացել են, գլորել ու քարուքանդ արել փեթակները՝ սարն ի վար  մեղր է հոսել ու առաջացած գետի անունը դրել են Մեղրագետ։ Ես ուզում էի հետ բերել Մեղրագետը ու դառնալ գյուղապետ, քանի որ պապիս պապը՝ Արմենակը, ինչպես ասում էր պապս, ձիով խեղդվել է Մեղրագետում ու մեռնելուց առաջ հավանաբար մտածել կամ աղոտ հույս փայփայել, թե թոռները կամ ծոռները տեր կկանգնեն կիսատ թողած գործին։ Կամ էլ մեռնելուց առաջ այնքան մեղր է կուլ տվել, որ երազները նեկտարի ծանրությունից ճկվել են ու մի անտեսանելի թելով եկել բույն դրել թոռներ-ծոռների հոգու ամենախորը ծեգերում: Ինչևէ, անիվն արդեն գտել էինք, հեծանիվը գրեթե պատրաստ էր ու մնացել էր մի քանի չնչին մասնիկ, երբ մի օր եղբայրս քարացավ։ Երբ մայրս ասաց, թե երկարատև քուն է մտել, հավատացի, միայն թե չէի կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ հավաքվել շուրջը ու կիտել հոնքերը, ինչու են շրթունքներն այդքան կապույտ ու ինչու են ընդհանրապես ճղճղում մեր սասունցիների ցեղի սևազգեստ պառավները։ Չէի կարողանում հասկանալ, թե այդ ինչ դիվային զուգադիպությամբ դեղձանիկը նորից դուրս փախավ պատահմամբ թե միտումնավոր բաց թողած վանդակի դռնակից ու այլևս չվերադարձավ:   

Բայց քանի որ ես, ինչպես եղբայրս, ութ տարեկան էի, դեռ կասկածում էի՝ արդյոք սա է մահը, եթե մեռներ կգոլորշիանար, գուցե պարզապես երկարատև քուն է մտել, ինչպես հավաստիացնում էին ծնողներս, ու մի պատեհ առիթով անպայման բացելու է աչքերը։ Բացելու է աչքերը ու մենք վազելու ենք փնտրելու ժամանակի մեքենայի վերջին՝ գուցեթե ամենակարևոր մասնիկը, ու նորից պտտելու ենք անիվը: Այնքան ենք պտտելու մինչև հասնենք մեր դեղձանիկին կամ թե ինքն է աշխարհի հեռուներից բեզարած հետ դառնալու իր դատարկ մնացած վանդակը: Արմենակ անունով մեր նախապապին թողնելու ենք մեղրի մեջ խրված սմբակներով ձիու հետ, թող սրտի ուզածի չափ վայելի նեկտարի քաղցրությունը: Հետ չենք նայելու, միայն առաջ․․․»։ 

Ես սրբեցի աչքերիս արցունքները, ինձ թվաց, թե նույնիսկ Մարիկոն լաց եղավ, եթե ընդհանրապես հրեշտակները կարող են լաց լինել։ Ես վերցրեցի գրիչը ու ինչ-որ մի գերբնական ուժի թելադրանքով շարունակեցի շարադրությունը.

 «Այդպես ժամանակի մեքենա կառուցելու երազը մեր մանկական հոգիները մի փոքր պիտի շոյեր ու լքելով մանկության կապույտ երկնակամարը անհետանար՝ հետագայում, ամբողջ կյանքում մեզ հետապնդելու, ժամանակ առ ժամանակ էլ մեր կոկորդը բռնելու համար։ Ինչ-որ բան այսօր փոխվել է։ Գուցե երեխաներն են փոխվել, գուցե ժամանակները։ Գուցե դյուրահավատ երեխաների, ճղճղան պառավների բարի ժամանակների ժամանակը անդառնալիորեն անցել է։ Համենայնդեպս, երբ պապս մահացավ, ու ես ութամյա որդուս ասացի, թե երկարատև քուն է մտել, քիչ էր մնում ծիծաղից մեռներ»։ 

Ինչպես և կանխատեսվում էր, ազատ թեմայով գրված կիսատ շարադրությունն ու գերբնական ուժով իմ ձեռամբ ավելացված շարունակությունը լույս սփռեցին մեր պատմության որոշ հանգամանքների վրա: Մասնավորապես, պարզ դարձավ, որ մենք ունեցել ենք դեղձանիկ, որ պատահմամբ թե միտումնավոր բաց թողնված դռնակից դուրս է թռել ու հետո վերադարձել տուն: Թռել է, վերադարձել է: Հետո նորից է թռել ու վերադարձել: Վերջում էլ թռել է անվերադարձ: Հաստատվեց կասկածներս, որ մենք սերում ենք սասունցիների տոհմից, որ եղել է մի Էրգիր կոչվող երկիր ու մի քաղցրահամ գետ, որ չգիտես ինչու կորցրել ենք, գուցե մի անհեթեթ պատահականության պատճառով, ու մեր ցեղի սևազգեստ պառավները ճղճղացել են: Ինձ թվաց նաև, որ ես կամ իմ եղբայրը երեխա ժամանակ մահացել ենք: Եղբորս գրած շարադրությունում նրան թվացել էր, թե ես եմ մահացել, սակայն պիտի ասեմ որ այնքան էլ հակված չեմ կուլ տալու այդ դառը ճշմարտությունը: Գուցե ինքն է լքել այս աշխարհը ու հիմա էլ այնտեղից ինչ-որ խաղեր է խաղում: Եթե բժիշկ Լա Ռոսան ճիշտ էր ու իմ կորցրած հիշողությունը փոխանցվել է նրան, ապա նա էլ ինձ էր փոխանցել իր չապրած տարիները։ Մեր մոր տաքուկ արգանդում անցկացրած ինը ամիսների ընթացքում մեռնելու հարցը երբևէ չի էլ չարչրկվել, միայն առաջինը ծնվելու մրցակցությունն  է խմորվել՝ տասը րոպե այսկողմ, տասը րոպե այնկողմ։ Այնքան ենք իրար քաշքշել, որ թարս ենք ծնվել՝ ոտքերով դեպի լույս աշխարհը: Եվ ընդհանրապես՝ եթե մահվանից հետո կյանք կա, իսկ դա անվիճարկելի ճշմարտություն է, ապա ինչ տարբերություն, թե ով է մահացել: Ավելի լավ չի՝ ձեռք ձեռքի տված, ես այստեղից նա այնտեղից, կամ ես այնտեղից նա այստեղից գնանք մեր նախապապի հետքերով ու փորձենք դուրս բերել նրան ու խեղճ ձիուկին Մեղրագետի ճիրաններից։ Եթե մեր ուժը չհերիքի, Մարիկոյին օգնության կկանչենք։ Ուս-ուսի կտանք ու կքաշենք նրանց այդ անիծյալ մեղրի միջից, թող ոսկեզօծվի Օձաղբյուրի հրաշագործ ջրերում ու գնա տեր կանգնի իր անտեր-անտիրական մնացած գյուղին: 

Ի վերջո, ավելի լավ չի լինի փնտրել այն ժանգոտած հեծանիվը, որ գուցե ինչ-որ հրաշքով պահպանվել  ու մեր տան ձեղնահարկի մի մոռացված, կորած-մոլորած անկյունում սպասում է իր աստեղային ժամին։ Ասում են չէ՝ նույնիսկ պատից կախված հրացանը մի օր կրակում է: Գուցե եկել է ձգանը քաշելու ժամանակը:  Չէ որ մենք հրաշքներին հավատում ենք: Գուցե ինչ-որ մի տեղից, մեր նախատատի գոգնոցի տակից  գտնենք այն ու երանությամբ, ամբողջ ուժ ու եռանդով պտտենք ոտնակները: Պտտենք պտտենք ու գնանք հասնենք հեռու-հեռավոր մի լեռնային երկիր, որտեղ քամիների ուժգնությունից փեթակները գլորվում են լյառն ի վար ու որտեղ փեթակներից դուրս հորդած մեղրը դառնում է գետ ու ջրվեժ ու ալպիական ծաղիկների նեկտարով պարուրում մեր դժգույն երազները։

 

Ընթերցել նաև