Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Միքայել Ժամհարյան․ «Լքված տան առավոտը» գրքից․ պոեզիա

 

ԳՆՉՈՒԱԿԱՆ ԵՐԳ

 

Երբ գալիս եմ ինձ խաբելու,
վրանները հավաքում են առավոտ շուտ,
և ձայների պտույտը միապաղաղ
քո թևերով բարձրանում է գուշակության:
Մի ասա,Սաթենիկ,դու հիշիր,Սաթենիկ,
իմ բախտի վրա հեծկլտացող կիթառներին,
երբ մեռած կակաչների քամին
իմ տաք ափերի հուշն էր տանում
հեռավոր ու անծանոթ մի աղջկա:
Մի աղջիկ երազում է գեղեցիկ գլխաշոր
և պտտվում է,
և պտտվում է
Վրանների շուրջ մի անհույս մարդասպան,
ուրիշ ելք,Սաթենիկ,ուրիշ տխրություն,Սաթենիկ,
Ի՞նչ է անելու սերը անպաշտպան,
Ճիչը,որ չի դառնում մատանի
և գայթակղում է սանձարձակ մի շուրջպար:
Այդ ես եմ միայնակ հենվել սառն օդին
և տանում է,տանում իր վրանը գնչուն:
Ին՞չ երգ է հորինել,աստված իմ,ին՞չ երգ է…
Իմ կյանքի օրերն են համրանում ամայի դաշտերում:
Մեռած կակաչների նշանի մատանին
թաքուն պահում է մի աղջիկ:
մի աղջիկ ծփում է գեղեցիկ գլխաշորով,
իսկ վրանների շուրջ
պատահական շրջմոլիկի թողած հետքեր:
Իմ սիրտը խփում է խոտերին
և գոռում եմ.
հնչեցեք,կիթառներ,
ես նրան տանում եմ միայնակ՝
թիկունքիս հարվածից չոքելով:
Ու նորից խաբում է իմ ափի նշանը,
շուրջպարը դառնում է կանացի ծեքծեքում,
Կարապներ,ձեր անմեղությունը պաշտում եմ ավելի
և չեմ հավատում,որ մահը լինում է գեղեցիկ:
Կարապներ,անցնում եք լճերով,
երբ ես սիրում եմ ստվերները ձեր թևերի-
ձեր թևերի ալը տանում եք ինձանից,
որ լինի երգը,
որ լինի երգը ամենուր:
Ու տանում է,տանում իր վրանը գնչուն,
սիրում եմ,Սաթենիկ,արդեն վերջ,Սաթենիկ,
մի աղջիկ ծփում է գեղեցիկ գլխաշորով,
և հեռանում է անտունը քանդվող վրաններից,
որ գիտեր-
եկել էր խաբվելու:
Իմ սիրտը խփում է խոտերին,
և շները չեն հեռանում հանգչող խարույկներից-
մնում են վերքը լիզելու:
Առավոտ շուտ ամայի դաշտերում
կիթառները լռում են ընդմիշտ,-
երգի հետ,
երգի հետ ամենուր:

 

*

 

Փոքր Մհերի մենախոսությունը           

               

Ես անեծքով փակված շիրիմների համար
և տառապանքի համար
ու երկար դարերի փորձով գալիս եմ աշխարհ։
Ողբացեք ինձ, սարեր,
ձեր դեմ ավերածության երաշտը զավակներիս,
նրանք ինձ տեսնում են

անեծքից ծանրացած հողի ուժով,

նրանք ինձ սիրում են

արևածագի բացվող քարերի մեջ.

որովհետև ես միակը եղա,

որ երբեք չերդվեցի շիրիմների անունով,

երբեք չասացի այն.

ինչ լեզվիս վրա թույն էր ու թշնամանք։

Հեռու երկրի արևածագը հիմա ողջունում եմ

եղբայրներիս համար։

Մ՛ի ուժ էր պետք —

մի վերջին անգամ փակվելու քարերի մեջ,

մի ուժ էր պետք —

մի վերջին անգամ լինելու կասկածը գուշակների։

Ես նրանց ձայնը անհիշաչար ու տխուր

պահպանում եմ թանկ շիրմի պես։

Ողբացեք ինձ. ձիեր.

Ձեր անտերության համար,

որովհետև հողի ծանրությունը ձերն էր ավելի.

որ ես ունեի,

ձերն էր մայրամուտը,

երբ ձեռքերս տարածեցի քույրերիս.

և երկար օրերի անքնությունից

ծաղիկը թառամեց սրտիս մեջ։

Ժամանակի շունչն էր դիպել դրոշներով ու զենքերով,

ձիերին մի թողեք վարգելու անտեր —

ինձ որտեղից տապալվածի թողած արև։

Ովքեր դեռ գիտեն քո գաղտնիքը

և թողնում են տաք բաբախումը սրտի,

արդեն մոտեցել են,

արդեն չեն հեռանում

այս ցավից, այս ցավից, այս ցավից։

Արդեն չեն կարող ձիերից բաժանվել

հանուն մեծ սիրո ու բախտի,

մոռացում լինի.

մոռացում լինի մայրերին այս դժբախտ։

Ողբացեք ինձ.

Ողբացեք ինձ. մայրեր,

ես եղա մինուճար։

Քար հավաքեցի սիրելուց այսքան շատ,

Իսկ խավարը տարավ նահապետ լինելու

ձեր որդոց անաստղ երկնքին։

Այսքան շատ համազարկ հանուն ընկածների…

այսքան շատ չեմ կարող ձեր կյանքի գնով

տեսնել դարերի քարկոծումը՝ ինձ։

Ողբացեք ինձ, սիրահարներ,

առասպելով հյուսված իմ կյանքի օրերից

ամենալավը երբեք չի եղել։

Մեկն ընկել է ջրերի հետ ու բախտի

և աշխարհին պարգևում է հերոսներ։

Մի թողեք, որ նրանք բաժանվեն

հանուն դափնիների.

ձեր սրտերը դեռ երկար կմնան

լափող ալիքների վշտոտ ափեր։

Ով պիտի կրակը պահպանի վերևում

առասպելական լողորդի համար,

երբ արդեն ուշ է —

իմ սիրտը վաղուց ուրիշն է տիրում

տեսքով ջրերի։

Ես հավատում եմ իմ ուշացած խոստովանությանը

ու չեմ կարող օրհնել ձեր սերը միակ։

Ողբացեք ինձ լուսնի անտարբեր լույսով,

որ գիշերները ձեզ համար դառնան գաղտնի հանդիպում,

ու լինի արցունք,

ու լինի ծիծաղ

անեծքից փակված այս քարերի մեջ։

Իմ միշտ երազող աչքերի համար

ողբացեք ինձ. ճամփորդներ,

եթե ձեր ծարավ շուրթերի համար

աղբյուր է բացվում ձիու հարվածից։

Ես երազել եմ ձեզանից երկար գնալ այս ճամփան

դրա համար ինձ երբեք մահ չկա։

Մի պահ նստեցեք ջրերի կողքին,

որտեղ մի տխուր երգ են խմբերգում

այրերը հոգնած,

ու պերճ կանայք արտասվում են

անառիթ ու լուռ։

Ափսոս ճանապարհը ես չանցա

մի կտոր հացով

ու ջրով մի կում

և եղա այն վայրում լացակումած՝

հանուն գեղեցկության։

Ողբացեք ինձ,

ողբացեք…

Ո՞վ պիտի ողբա անմահությունս,

ո՞ւմ անեծքն է. որ պիտի ավերի այս քարերը փակ.

ու եթե հողը չի կարող տեսնել ապրելու համար,

թող որ տեր լինի

թաղելու համար։

Եվ վերջին ողբով

ողբամ իմ կյանքը,

որ անիծված է հայրական կամքով —

այս ցավից,

այս ցավից,

այս ցավից։

 

*

 

ՏԵՂ ԱՐԵՎԻ ՏԱԿ՜ԱՆԱՀԻՏԻ ՀԱՄԱՐ

 

Գնալդ կատարյալ ձև է բոլոր ժամանակների համար…
Ես այսպես եմ մտածում,
որովհետև այս պատմության մեջ հետաքրքիր ոչինչ չկա:
…Եվ ի՞նչ կապ ունեն հարազատներս,
որ գլխիկոր քայլելու են դեպի տուն:
Շարունակ:
Տուն:
Քայլելու են դեպի…
Նրանք չեն տեսել երկինքը,
երբ ես երեխա էի,
չեն տեսնի,որ հայրս արդեն օրհնել է իմ սեղանը,
չեն տեսնի իմ մահը միլիոնավորների մեջ:
Որ երկրի քամին է,ախ,
հարազատներիս թողել մնալու:
Ես ի՞նչ իմանայի,որ երկինքը ընկերոջ համար էր:
(Լացի մեջ հետաքրքիր ոչինչ չկար,որ կանգնեցին կողքիս):

 

*

 

ՉԵՆ ՏԵՍՆԻ ԻՄ ՄԱՀԸ ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՋ

 

Ես խոսելու եմ այս տարվա մասին,որպես ճանաչված տղա,
Ինձ գիտեն իմ քաղաքի բոլոր խենթերն անանուն,գիտեն,
Առավոտ շուտ նրանք միշտ արթնացրել են ինձ,որ լեռը մխա,
Հետո արևի տակ տեղ եմ ունեցել կանգնելու մահի դեմ:
Արևը ծագում է բոլորի վրա,հրաշք է,թող մնա,
Այս տների սևության մեջ ալ կա,որ ասեն-եղել է կույս,
Ով հորինեց, աստված իմ,ողբերգությունը սրա ու նրա,
Եվ արթնացրեց հոգիս,որպես լքված շիրիմներին իջնող լույս:

 

*

 

ԵՐԳ ԳԼԽԱՇՈՐԻ ՄԱՍԻՆ

 

Ես ասում եմ՝ինչ հայտնություն է սա.
մարդկանցից ամենաերջանիկն է այսօր սպասողը:
Իջիր,ճերմակ իմ,
Ես սիրահարված եմ,
Երբ բոլոր ճանապարհները փակվել են
մուրացիկների,թափառաշրջիկների,անառակների համար:
Իմ վերջին փողերը չտանես,քամի,
մայրս հավատում է իմ ամեն խոսքին,
որովհետև գլխաշոր է ծածանում իմ ետևից,
երբ ես հոգնած տրորում եմ
մարդկանց այս տարվա ձյունը:
Իսկ այսօր ձյունը իջնում է էլի,
ես արդեն պարում եմ,
ես արդեն աղոթքի եմ ուղեկցում պաղող աչքերին,
որ ընդմիշտ մեղքի տակ մնացին
հեռու ափերում անվերջ խաբողի,
և իմ տաք արյունն է
ալիք-ալիք ողողում ափերը նրա:
«Էլի բոլորն են խենթացել,
բոլորն են սիրահարված»-
Դուք՝թափառաշրջիկներ,անառակներ,մուրացիկներ,
որ երգեր եք հորինում ամեն ինչի մասին,
գլխաշորի երգը թողեք ինձ:

 

 

 

 

 

Ընթերցել նաև