Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Միրոսլավ Անտիչ․«Վերջին հեքիաթը»․ շարք

Չգնաս երբեք, նարնջագույն աղջի՛կ,
Իմ երկնամերձ ասուպ, իմ առավոտ լուսո,
Չգնաս անգամ, երբ այս երկինքը,
Որ կախարդական գորգն է հեքիաթի`
Վիժի լուսիններ, լացի արյունով,
Երբ այս աշխարհը, որտեղ ապրում են
Ալ երազանքները` սև վանդակներով,
Մշուշի սիրտդ, որ իմ կեցության
Ծառն է դարավոր,
Չգնաս նույնիսկ, երբ հիվանդանան
Կապույտ հեքիաթի թռչունները կույր
Եվ ինչ-որ մեկը ողջ ագահությամբ
Մի գիշեր խմի արևի ոսկին,
Երբ աստղաթափվի մոլորակը կոր`
Չգնաս, հոգի՛ս.
Ես գողացել եմ քո նարնջագույն
Տաք երջանկության սերմը ծլարձակ
Հենց այն նույն հողից,
Ուր Փոքրիկ Իշխանը սիրեց վարդը իր,
Ուր հեքիաթների կախարդանքներով
Չմեռավ Սերը աշխարհի վրա…

*

Վերջին հեքիաթը

Քեզ մի հեքիաթ պատմեմ,
Դու` ննջիր ուսիս:
Աշխարհն այլևս առաջվանը չէ, փոքրի’կս,
Աշխարհն այս` լի բերնեբերան
Լուսաբացներով աներազ ու ցուրտ,
Աշխարհը, որ չունի այլևս աչքերը քո մոր:
Ամեն բան մի օր ավարտվում է, փոքրի’կս,
Վիշապները հոգնում են կրակներից,
Արևը հավիտյան մնում է
Ամենից շատ երկրպագվածը,
Հավատարմությունը շների առաջ նետված
Մի կտոր չոր հաց է, որ հոտոտում են,
Բայց մոտ չեն գալիս,
Եվ հորինված են բոլոր իմաստները,
Երբ սևասքեմ է ՍԵՐԸ:
Ամեն ինչ մի օր անցնում է ջրի հատակ,
Ամեն ինչ ջրիմուռ է, փոքրի’կս,
Որովհետև աշխարհն այլևս չունի
Քո մոր աչքերը,
Եվ դու վերջին հեքիաթն ես,
Որ պատմեց ինձ մայրդ`
Ամենաերկար գիշերը, երբ ննջել էր ուսիս…

*

Փշրվեց սափորը:
Դուռը ծանրորեն փակվեց:
Դու մոռացար ճչալ, որ տականք եմ,
Ես` դրանից առավել էի:
Դու նվիրեցիր ինձ դուստր,
Ես` խոշտանգեցի սիրտդ
աշխարհի բոլոր շեղբերով,
Ձկան պես լուռ էր ցավդ,
Հեռացումդ` մի օր և ընդմիշտ.
Ոչ մի տղամարդ դեռ չի սովորել
Վերադառնալ հանցանքի վայր`
Վերացնելու անշնչացած սրտից
կենդանի թախիծների մատնահետքը,
Ամեն կին ճանաչում է իր դահճի ձեռքը…

 

Թարգմանությունը`  Մարգարետ Ասլանյանի

Սերբիա

 

 

 

 

 

Ընթերցել նաև