Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Միլա Սուրկովա․ «Ների՛ր ինձ, աղջնա՛կ»․ պատմվածք

 

Մեր ավանում ձյունը եզակի բան է, ողջ ձմռան ընթացքում երկու անգամից ոչ ավել։ Բայց այսօր կարծես կախարդական բյուրեղյա ավետիս է՝ իմ նորածին փոքրիկին։ Անկշիռ շուրջպարով իջնող աստղիկները զրնգում են՝ երգելով փխրուն, դողդոջուն լույսի լարերի հետ, այնպես պայծառ, ասես արևի գավն է շրջվել դեպի մեզ, և ժպտալով հեղել իր հարստությունը՝ ողջունելով նոր մարդու հրաշալի ծնունդը։ Ալիքվող ոսկե շիթերը լցվում են հոգիս՝ կախարդական քնքշությամբ տարածվելով իմ մեջ անմեկնելի հիացումի զգացողության հետ մեկտեղ։ Ծնվել է իմ որդին։ Ո՛չ,այդ ե՛ս եմ ծնվել։ Ես նորացել եմ։ Սա իմ երկրորդ ծնունդն է։ Երեխայի հայտնվելն համատեղ լույս աշխարհ գալու պես եմ ընկալում։ Ու այդպես, ձուլված սրտով ու հոգով, մենք ապրելու ենք։ Չկա ոչինչ առավել զգացմունքային, քան մոր սերն իր նորածին գանձի հանդեպ։ Ես հուզված սպասում եմ, թե երբ եմ առաջին անգամ կերակրելու։ Դա խորհրդավոր հպումն է այն հրաշալիքին, որ քիչ առաջ իմ մեջ էր, իսկ հիմա և այսուհետ կողքիս պիտի լինի միշտ։ Իմ փոքրիկը կձուլվի ինձ ու ողջ աշխարհին։ Ես նրա առջև կբացեմ աշխարհաստեղծման առաջին գաղտնիքները, իսկ նա ինձ՝ այդ ամենի ընկալման զգացողությունները։ Հիվանդասենյակի իմ հարևանուհին ոսկեհեր ղազախուհի աղջիկ է՝ մոտ քսան տարեկան, չնայեց իմ կողմն ու ոչինչ չասաց, երբ բարևեցի։ Նրա աչքերը տեսնելով՝ անսպասելիորեն քարացա։ Այնպիսի լուսավոր(կապույտ կամ մոխրականաչ) աչքերը հիմա հազվադեպ են հանդիպում տափաստանների գեղուհիների մոտ։ Չնայած գրում են, որ հնում հենց այսպիսի տեսք են ունեցել սաքսերի ցեղերի աղջիկները՝ ոսկեհեր ու կապուտաչյա․․․ Ես ասացի անունս, նա կրկին չպատասխանեց։ Ի՞նչ է պատահել։ Սիրտս ցավից ճմլվեց։ Մի՞թե կորցրել է երեխային։ Որոշ ժամանակ անց դուռը բացվեց, ներս բերեցին երկու փոքրիկներին։ Աղջկա երեխան ո՜ղջ է․․․ Սիրտս սլացավ տղայիս մոտ։ Ողջու՜յն, փոքրի՜կս։ Սա մեր ծանոթության պահն է։ Ի՜նչ կախարդական բույր է․ այսպես են բուրում հրեշտակները։Ես սեղմում եմ նրան իմ կրծքին, զգուշորեն համբուրում եմ փոքրիկ քիթը, մետաքսե այտերը, բարուրը բացում ու համբուրում եմ ուսերը։Եվ սլանում եմ, բարձրանում դեպ անսահմանություն․․․ Սակայն լսում եմ․

-Սիրելիս, գոնե գրկիր նրան։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Րոպե անց․

-Նայիր, տես՝ ինչ սիրունիկն է։ Որքա՜ն նման է քեզ․․․

Պատասխանը լռությունն է։ Փոքրիկը բուժքրոջ գրկում կամացուկ ու խեղճ լալիս է։

-Քաղցած է, մի քիչ կաթ տուր նրան,- մեղմորեն խնդրեց կինը։

Ես ապշած նայում ու չէի հասկանում, թե ինչու աղջիկը անգամ չթեքվեց իր երեխայի կողմը։ Կինն էլի ինչ-որ բաներ ասաց, իսկ պատասխանը դառնացած լռությունն էր։ Աղջնակին տարան։ Նույն պահին հառաչանք լսեցի։ Գեղեցկուհին այնպես էր հեկեկում, ասես կորցնում էր կյանքը կամ անդունդի եզրին կանգնած հասկանում էր, որ ընկնելու է և բռնվելու տեղ չկա, և ոչ ոք չի գա օգնության։

Սակայն այնպես ուզում է ապրել, սիրել է ուզում։ Սիրել իր անչափելի երջանկությունը։ Նստեցի կողքին, գրկեցի նրան, և մենք արտասվեցինք միասին։ Ոչինչ չէի հարցնում, և չէի ասում ոչինչ։ Նա դժվարությամբ խաղաղվեց։ Քնեց։ Իսկ ես երկար նայում էի գիշերվա մեծ պատուհանից՝ մտածելով աղջնակի մասին, որ չհպվեց տաքուկ կրծքին, չճաշակեց մայրական նեկտարը։ Հաջորդ օրը երեխային նորից բերեցին։ Մայրն էլի չշրջվեց։ Փոքրիկը հուսահատ ճչում էր։ Իմ որդյակը քնել էր կրծքիս մոտ։ Ես զգուշորեն տեղավորեցի նրան մահճակալիս ՝ շշնջալով․«Դու կհասկանաս ինձ, փոքրի՜կս»։ Հետո թույլտվություն խնդրեցի՝ երեխային կերակրելու։Բուժքույրն ինձ պարզեց այդ մերժված հրաշքին։ Փոքրիկը ագահորեն փարվեց կրծքիս, հետո բացեց աչուկները։ Տե՜ր իմ։ Դստրիկիս աչքերն էին։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Իմ խե՜ղճ աղջնակ։ Ամեն կերակրելուց այսպես էի դիմում նրան՝ իմ աղջնակ․․․ Մայրը չէր էլ նայում երեխայի կողմը, բայց նկատում էի, որ լուռ արտասվում էր, երբ փոքրիկն իմ գրկում էր լինում։ Արդեն հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում։ Բաժանմունքի վարիչն ընդունեց ինձ։Մենք խոսում էինք աղջնակի մասին։ Նա հայտնեց, որ երիտասարդ մոր ծնողները ստիպում են հրաժարվել երեխայից։ Կինն ամուսնացած չէր, երեխայի հայրը չէր կարող ամուսնանալ նրա հետ, իսկ ծնողները ուզում էին ամեն կերպ զերծ մնալ խայտառակվելուց։ Ես ասացի, որ ուզում եմ որդեգերել երեխային։

-Վերա, Դուք արդեն երկուսն ունեք,- նրբանկատորեն ասաց բժիշկը։

-Չեմ կարող նրան լքել,- արտասվեցի ես։

-Անհրաժեշտ է Ձեր ամուսնու համաձայնությունը։

Ամուսինս չուզեց (իսկ եթե գեները վատը լինե՞ն, մեզ մե՛ր երեխաներն են պետք)։

Ինձ մերժեցին։

Մեզ դուրս գրեցին նույն օրը։ Հիվանդանոցի դռան այն կողմում զգացում ունեի, ասես աշխարհը կիսվել է երկու մասի՝ խավար և լուսավոր։ Ինձնից ձախ՝ թխպոտ օր է՝ մռայլ երկնքի ծածկոցի տակ։ Հստակ սահմանագծված երկնակամարը կիսվել է։ Մի մասում գորշ ներկերի հաստ վրձնով գծագրված են խիտ ամպերը, մյուսին՝ մաքուր թափանցիկ երկինքն է՝ ոսկե բրոնզափառով։ Իմ լռակյաց հարևանուհին գնում էր դեպի մեքենան՝ խավար երկնքի տակ։ Այնտեղ նրան սպասում էր տարիքով մի կին։ Ես միայն տեսա, թե ինչպես աղջիկը ձեռքերով փակեց երեսը։ Չէի կարողանում տեղիցս շարժվել, իմ գլխավերևում կուրացնող արևը արցունք էր քամում։ Փոքրիկս կկոցեց աչքերն արևի առաջին հպումից։ Ես լալիս էի, նա էլ ինձ հետ․․․

 

*

 

Երկար տարիներ հիշում եմ այն չքնաղ փոքրիկին, տեսնում եմ նրա զարմանալի աչուկները՝ թախիծով լի՝ ասես իր բաժին բախտի անարդարության գիտակցումից։ Սիրտս կծկվում է մեղքի զգացումով։ Շշնջում եմ․

-Ների՜ր ինձ,աղջնա՜կ․․․

 

 

 

Թարգմանությունը՝  Մարինա Գևորգյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղազախստան

 

 

 

 

 

Ընթերցել նաև