Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա Պուլիտցերյան մրցանակակիր

Մերի Օլիվեր․ «Հազար առավոտներ» գրքից․ պոեզիա

 

Պատրաստում եմ տունը՝ հայտնությանն իմ Աստծո

 

Տե՛ր, ես ավլել եմ և սրբել, բայց, մեկ է,

 

 

ոչինչ չի փայլում այնպես, ինչպես պիտի փայլի՝ քո հայտնությանն ընդառաջ։

Լվացարանի տակ, ահա, բազմացել են ամպեր մկների․ սա նրանց զավակների ժամանակն է։

Ասա՝ ի՞նչ անեմ։ Եվ սկյուռները թեքահարթակից տանիքի կրծել են պատը՝

բացելով իրենց համար ելումուտի ծուռ անցքեր․ սա այն ժամանակն է,

երբ նրանց կացարան է պետք։ Ասա՝ ի՞նչ անեմ։

Ահա ջրարջը կաղալով մտնում է խոհանոց, անցնում շան կողքով,

որ խռմփացնում է իր երազը։

Ջրարջը բացում է քաղցրավենիքի դարակը, կատուն՝ գրկում է բարձը․ ի՞նչ անեմ։

Մաղում է թարմ ձյունը՝ այնքա՜ն գեղեցիկ ծածկելով բակը,

և ճամփի վրա՝ բակի մեջտեղում, պահակող աղվես կա՝ գեղեցիկ, դռանը հանդուգն նայող։

Եվ, այդուհանդերձ, ես հավատում եմ, որ դու այսօր կգաս ինձ մոտ, Տե՛ր։ Չէ՞ որ ես գիտեմ՝

դու լսում ես,

երբ ես խոսում եմ աղվեսի, մրսած վայրի սագի, կատվի, ճնճղուկի, մոլորված շան հետ – ես միշտ խոսում եմ Քեզ հետ։

Առավոտից և ողջ օրը կրկնում եմ՝ ներս արի՛, արի՛ դե․․․

 

*

 

Ես անհանգստանում էի

 

Ես անհանգստանում էի։ Շատ։ Կծաղկի արդյո՞ք այգին,

կհոսեն արդյո՞ք գետերը

ճիշտ ուղղությյամբ,

կպտտվի արդյո՞ք Երկիրն այնպես, ինչպես սովորեցրել են,

իսկ եթե ոչ՝

ինչպե՞ս ուղղեմ դա։

 

Ճիշտ էի ես արդյո՞ք, արդյո՞ք սխալ էի, կներե՞ն ինձ,

Կկարողանա՞մ ես հաջորդ անգամ անել ավելին։

 

Կկարողանա՞մ երբևէ երգել, երբ անգամ ճնճուղկն է

կարողանում, իսկ ես, ինչ արած, անհույս եմ։

 

Մի՞թե աստիճանաբար կուրանում եմ։ Թե՞ թվում է ինձ լոկ։

Մի՞թե տառապելու եմ

ռեվմատիզմով,

փայտացումով,

դեմենցիայով։

 

Վերջապես ես տեսա, որ անհանգստությունը չի հանգեցնում

ոչնչի։ Ես այն թարգեցի։ Վերցրի ծեր մարմինս,

առավոտի միջով դուրս եկա տանից,

ու երգեցի։

 

 

*

 

Առավոտները Սև ջրի մոտ

 

Երկար տարիներ առավոտյան ես խմում էի ջուր

Սև լճից։

Ջուր՝ կաղնու տերևների,

ու, անկասկած, բադերի թաթերի համով։

 

Եվ ամեն անգամ այն մխիթարում էր՝

հեռավոր անցյալի

չորացած գավը հիշողիս։

 

Ասածս ինչ է՝

անցյալն անցյալում է,

ներկան՝ հենց կյանքն է,

և դու, հարգելի քաղաքացի,

ունակ ես ընտրել

լինելիության տեսակը դրա։

 

Այնպես որ գնա լճի,

կամ գետի մոտ քո երևակայության,

թեկուզ դեպի կղզին քո կարոտի,

և հպվիր շուրթերով աշխարհին։

Ապրիր

քո կյանքը։

 

 

*

 

Ոչ նրանք, որոնք ասում են

 

Ոչ նրանք, որոնք ասում են՝

«Ես կլինեմ զգույշ և խելացի սիրո մեջ»,

Ոչ նրանք, որոնք ասում են՝

«Ընտրելու եմ անշտապ»,

և միայն այն սիրահարվածները, որ

իրենք չեն ընտրել, բայց զգացել են՝

ընտրված են անտես,

հզոր և անվերահսկելի,

չքնաղ, ու հնարավոր է նույնիսկ

անընդունելի ինչո-որ բանով, —

միայն նրանք գիտեն՝ ինչի մասին եմ խոսում,

երբ խոսում եմ սիրուց։

 

 

*

 

Ես հենց նոր ասացի

 

Ես հենց նոր ասացի

քեզ

ինչ-որ ծիծաղելի բան,

պատասխանը՝

 

սքանչելի ծիծաղն էր քո։

Նման օրերին

արևը հետ է լողում

դեպի արևելք,

 

իսկ լույսը ջրերին

փայլում է,

ինչպես երբևէ։

 

Ես չեմ կարող հիշել

մեր ամեն գարունը,

ես չեմ կարող հիշել

այն, ինչ եղել է, —

 

այս տարիներին

այնքա՜ն է եղել

ո՞րն է ավելի քաղցր –

առավոտյա՞ն համբույրները,

երեկոյա՞ն,

թե՞ ինչ-որ տեղ մեջտեղներում։

Ես միայն գիտեմ

 

որ այստեղ մի տեղ

պիտի լինի

«շնորհակալություն»։

Եվ եթե ես

 

չգտնեմ դրա համար

կատարյալ տեղ,

թող լինի այստեղ։

Շնորհակալություն, շնորհակալությու՜ն։

 

 

*

 

Գեղեցիկ երգ

 

Վերջ չկա այն բանին, թե որքան դժվար է սիրել քեզ,

չկա դրանից վերադարձ։

Չկա պատասխան, ելքի հնարավորություն չկա։

 

Բայց հենց դա է սիրո միակ ճանապարհն, այդպե՞ս չէ։

Սա մանկական խաղահրապարակ չէ, սա

հող է, մեր դրախտը ժամանակավոր։

 

Այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ

բոլոր մութ, մռայլ, հանկարծակի

վայրիվերումներն իմ տրամադրության

 

որ պահում են քեզ

կենտրոնում իմ աշխարհի։

 

Եվ ես ասում եմ մարմնիս՝ էլի նիհարիր։

Մատներիս ասում եմ՝ տպագրեք ինձ համար գեղեցիկ երգ։

Սրտիս ասում եմ՝ այրի՛ր։

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամն

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև