Արձակ Գրախոսություն Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վերլուծություն

Մերի Մախսուդյան․ Կնոջ հոգու դրաման Մարգարիտ Դերանցի «Սեր և Էմիգրացիա» վիպակում․ գրական ստեղծագործության վերլուծություն

Մի բան պարզ է. կինը երջանիկ է, երբ սիրում է և սիրված է: Լինելով թույլ ու զգայուն էակ՝ վերջինս մշտապես ունի սիրո և պաշտպանվածության կարիք, սակայն նրա ուժը բազմապատկվում է, երբ ճնշման է ենթարկվում, և կարողանում է պայքարել հանուն երջանկության, որին կնախանձի ցանկացած տղամարդ:
Ինչու՞ երջանիկ չէր Թումանյանի Անուշը, Կոստան Զարյանի Սանան, Նար-Դոսի Սառան, Ֆլոբերի էմման, և այլն:
Մի դեպքում ավանդական նախապաշարումներն ու հասարակական կարծիքը, մյուս դեպքում՝ մարդկային չարությունն ու առանց սիրո, հաշվարկային ամուսնությունը:
Ի՞նչ դիտակետում է Դերանցի հերոսուհին՝ Արուսը, ո՞րն է նրա հոգու դրաման, ինչի՞ միջով է անցնում ժամանակակից հայ կինը: Երբ դիտարկում են տարաժամանակյա համատեքստում հայ գրականության մեջ հայ կնոջ դրաման, թվում է, թե Արուսը բոլոր հնարավորություններն ունի երջանիկ լինելու համար: Սակայն երջանկություն չգտավ. հասարակական կարծի՞քն էր, սահմանափակվածությունը, թե՞ անհաջող ընտրությունը․ ո՛չ: Արուսը հայտնվեց մի միջավայրում, որտեղ պետք է լուծեր հացի խնդիր, իսկ դա առավել քան վժվար էր, քանի որ «չնչին գումարներով վճարվող ֆիզիկական ամենածանր, գիշերային աշխատանքները բաժին են ընկնում հենց նրանց՝ էմիգրանտներին»:[2] տղայի ապագայի խնդիրը, հայրենիքից կտրված արմատախիլ եղած մի ծիլ, որը նախ պետք է կարողանար արմատակալվել, միայնակ կինը որքան ուժ ու եռանդ պիտի ներդնի, որ կարողանա, ամուր կանգնել օտար հողի վրա, իհարկե, իր մեջ խլացնի նուրբ ու զգայուն կանացիության ձգտումը. «Հաճախ նա կարծես մոռացել էր՝ ով է ինքը, չէր զգում անգամ իր անունը, կորցրել էր արժանապատվությունը, զգում էր միայն մարմնի ցավ, ուրիշ ոչինչ…»:[3]
Կար մեղավորության ու պարտավորվածության ձգտումը, քանի որ ինքն է որդուն Ամերիկա բերել, ամեն գնով պարտավոր էր նաև ապահովել նրա ապագան:
Սիրեց Գրեգին, միանշանակ, ինչու՞ հրաժարվեց այն ապահով ու երջանիկ սիրուց, քանի որ որդին՝ Արամը հոգեկան այնպիսի հոգեվիճակում էր, որ գուցե որդիական խանդը ճակատագրական լիներ: Հրաժարվեց նաև այն պատճառով, քանի որ Գրեգի կողմից չզգաց ապահովություն որդու հանդեպ: Գրեգը, ինչպես յուրաքանչյուր տղամարդ, պահանջում էր անմնացորդ սեր ու նվիրում իր հանդեպ, նույնիսկ ակնարկում, որ Արամն ու իր խնդիրները երբեք չպետք է իրենց հարաբերություններին խանգարեն:
Նոր ժամանակներում և նոր պայմաններում հայտնված կնոջ հոգու դրաման է: Կինը խիզախ ու արժանապատվորեն կարողացավ անցնել Փայլակի տգետ ու եսասեր դպրոցը, որպեսզի լուծի սոցիալական հարցը, խիզախ ու կամային կինը կարող է մեծահոգաբար ու ըմբռնումով վերաբերվել սեփական անձի հանդեպ տգետ միջավայրի տրորումն ու արժեզրկումը: «Հենց առաջին օրվանից Արուսին չհավանեցին ու չսիրեցին, և մինչև վերջ էլ նա մնաց չընդունված այդ շրջապատում: Արուսն ինքն էլ չէր ընկալում, որ ինքն ուրիշ է, նման չէ նրանց, բայց շրջապատը դա շուտ կռահեց, չներեց ու չսիրեց նրան»:[4] Ավելին, չնմանվել ու կարողանալ ձեռք մեկնել իրենից ավելի նվաստին, դուրս քաշել ճահճից:
Բախտի բերմամբ Արուսը ձեռք բերեց արժանապատիվ և լավ վարձատրվող աշխատանք: Հեղինակն իրատեսորեն աշխատանքի ձեռք բերումը կապում է բախտի, ոչ թե իրական ձեռքբերման հետ, քանի որ իրականում Արուսը, չնայած բարձրագույն կրթություն ունենալուն, իր թերի անգլերենով չէր կարող շահել մրցույթում:Իսկ հրեա Յադիդին՝ լինելով նախապաշարված մարդ, կարծում էր, որ գրասենյակում Արուսի հայտնվելն Աստծո նշան էր իր համար, որպեսզի իրեն շահ ու գումարներ ապահովի:
Չնայած բախտի հարվածներին ու դժվարին կացությանը, Արուսի մեջ եռում էր կյանքը, անմնացորդ ու անշահախնդիր սերն ու նվիրումը շրջապատին, ամենապարզ ու անկեղծ մարդկային էությունն օգնում է Արուսին սիրված լինել բոլորի կողմից: Հեղինակը ներկայացնում է Գրեգի առաջին կնոջ՝ Նենսիի կյանքի ուղին և նպատակակետը, որը ծնվել ու մեծացել էր սոցիալապես անապահովների համար նախատեսված փոքրիկ բնակարանում, մայրը արել էր հնարավոր ու անհնար ամեն բան, որ գեղեցկուհի աղջիկը դառնա բոլորի հիացմունքի առարկան: Ի վերջո դաստիարակեց այնպիսի աղջիկ , որի համար իր ցանկություններն ու զգացումներն ամենակարևորն էին, որը հետագայում խանգարեց նրան իր երազանքին՝ մոդել դառնալուն՝ չնայած ամուսնու՝ Գրեգի միլիոններ ծախսելուն: Եվ հասավ այն բանին , որ ամուսինը կորցրեց հավատը բոլոր կանանց նկատմամբ, բայց այդ դատարկությունը լցրեց Արուսը՝ իր անմեղ, միամիտ ձգողական ժպիտով ու շարուձևով:
Հեղինակն հասնում է սյուժետային հանգույցին՝ Արուսը սիրահարվում է Գրեգին: Հատկանշական է, որ հեղինակն ուրույն, ավելի խորը, հոգեբանական մոտեցում է ցուցաբերում, երբ հիվանդ Արուսին այցելած Գրեգը ճաշ է պատրաստում նրա համար. «Տղամարդու ամբողջ շարժուձևը ցույց էր տալիս անսահման քնքշանք, սեր ու կարեկցանք հիվանդ կնոջ նկատմամբ. Կարծես թե կինը հախճապակե անչափ թանկ մի անոթ լիներ ու կարող էր տեղնուտեղը փշրվել: Այդպես վաղուց, շատ վաղուց կնոջ հետ վարվել էր միայն իր սիրելի մայրը: Նրանք նստած էին դեմ դիմաց և ճաշում էին այնպես, ինչպես մի հարկի տակ երկար ապրած ամուսիններ: Այդ պահին այնպիսի սրտացավ ջերմություն և խաղաղ հարմարավետություն կար այդ փոքրիկ բնակարանում, որ Արուսն ինչ-որ երանելի հանգստություն էր զգում, նրան թվում էր, թե ինչ-որ ծանր բեռ էր ընկնում իր ուսերից»:[5]
Արուսը սիրահարվել էր անմնացորդ, չնայած ամուսնու հանդիմանությանը, որ հասուն է կին է, իրեն սազական չէ, այդ տղամարդը երբեք իրեն չի հասկանա, քանի որ նա նման չէ մեզ, Արուսը կարողացավ հետ վանել ամուսնուն, այսինքն հաղթել իր ներքին ես-ը և անել այն ինչ սիրտն է ասում:
Կինը ուժեղ է, եթե հարկ լինի, ավելին, քան տղամարդը, կինը հարմարվում է կյանքի բոլոր պայմաններին ու հնազանդվում բոլոր օրենքներին, բայց բոլորից շատ ունի սիրո և հոգատարության կարիք, չնայած որ ինքն ամբողջությամբ սեր է ու նվիրում: Եվ ահա Գրեգի ամենապարզ առօրյա հոգատարությունը արթնացնում է Արուսի մեջ այն զգացումը, որ ինքն ունի, բայց երբեք էլ չի զգացել, որ ունի դրա կարիքը: Կարիքն ու ցանկությունը Գրեգի տեսքով նա զգաց:
Աստիճանաբար խորանում է փոխադարձ սերը․ «Գրեգի միակ ցանկությունն էր համբուրել այդ շուրթերը, տիրանալ այդ կնոջը, զգալ, թե ինչպես նրա արյունը բաբախում է սեփական արյան հետ, դառնալ այդ կնոջ հետ մեկ հոգի, շունչ ու մարմին…»[6]
Միևնույն ժամանակ Արուսի մեջ խոսում է ներքին ձայնը, իր երկրորդ եսը, այն Արուսը, որն ամուսնացած է եղել Հայաստանում, պարտքի ու հավատարմության զգացումը ամուսնու հանդեպ, գուցե այլազգի կնոջ համար էական նշանակություն չունենար, սակայն հայ կնոջ՝ Արուսի համար կարևոր էր և նա օրեր շարունակ փորձում էր հաղթել իր մեջ ապրող ամուսնու հիշատակը, որը հեղինակը վարպետորեն է ներկայացնում: «Օտարության դառնություն տեսած անընդհատ նայում են ետ, քանի որ հեռվում նրանք թողել են իրենց խոր զգայական արմատները, որով մարդը կապված է այն հողին, ուր գտնվում են նախնիների գերեզմանները, որոնց հետ կապված են մտքերով, սովորույթներովմ օդի, համի նույն ընկալումով, նաև անբացատրելի ոչ նյութեղեն, գերբնական կապով: Նախնիները միստիկ երազներով հայտնվում են նրանց ու կանչում ետ՝ դեպի լքված, հարազատ վայրերը: Դա կարծես թե կապ է արգանդի մեջ գտնվող սաղմի ու մոր օրգանիզմի միջև՝ միացած պորտալարով, երբ վերջինս կտրվում է, սաղմը դատապարտված է մահվան»:[7]
Եվ ահա ամեն մի դժվարին պահի Արուսին մտովի այցելում է մահացած ամուսինը իրեն հատուկ արժանապատվությամբ ու իմաստուն խորհրդով կանգնում կնոջ կողքին, հատկանշական է, որ հեղինակն այս մեջբերումներն իրականացնում է ժողովրադական առածների միջոցով, մեկ անգամ ևս հատկորոշելով ազգային մտածելակերպի ու խոր զգայականության առկայությունը, հայկական առածով հնարավոր չէր ամերիկական մտածելակերպ արտահայտել. «Երբեք թքածդ մի մի՛ լիզիր: Խոսքիդ տերը եղիր: Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու» և այլն:
Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ Արուսը ուժեղ էր ու կամային, հեղինակը կարողանում է հասցնել նրան պայքարի այն բարձրակետին, Արուսը հաղթահարում է իր մեջ այն թույլ ու ամուսնուն հպատակ Արուսին և կանգնում իր սիրած տղամարդու կողքին:
Վիպական արագ զարգացող գործողություններում սյուժետային հանգույցը հանգուցալուծվում է ընթերցողի համար անակնկալ ավարտով: Այնքան անկեղծ ու ճիշտ է, այնքան բնական ու օրինական է Արուսի ու Գրեգի սերը, որ ընթերցողը մոռանում է մի շատ կարևոր հանգամանք․ Արուսը կին լինելուց բացի մայր էր: Արամը Ամերիկա էր եկել մոր նախաձեռնությամբ, Հայաստանում ապրող սիրած աղջիկը չէր պատրաստվում սպասել նրան և նշանվել էր, գրանցման և ուսման հարցերը չէին լուծվում, հոգեկան ծանր վիճակում էր Արամը և մոր ամուսնությունը Գրեգի հետ, ավելի կսրեր նրանց հարաբերությունները, մի փոքր դրվագով «Արուսը մի պահ քարացավ, տղան կարծես պատրաստ էր ցանկացած ճակատագրական սխալի: Մոր սիրտը վախ մտավ որդու կյանքի համար…»[8] հեղինակն հուշում է, որ Արամն ընդունակ էր հուսհատ քայլերի:
Ընթերցողի համար անակնկալ է, բայց Արուսի համար մայրական սերն ու պարտականությունը այն հզոր խոչընդոտն էին, որն ի զորու չէր հաղթահարել: Առաջին հայացքից թույլ կնոջ տպավորությամբ Արուսն հրաժարվում է իր սիրուց, սակայն ըստ էության Արուսը մեկ անգամ ևս ապացուցեց ընթերցողին, որ ուժեղ է, ուժեղ, որ կարողացավ հաղթել սիրուն, այն համամարդկային ու զորեղ զգացումից, որը կարողացել է կործանել հայ և համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ ուժեղ կերպարների:
Արուսն ուժեղ է, նա հաղթահարեց սիրո զգացումը, նրան օգնեց աստվածային լույսը, որով ապրեց ամբողջ կյանքում, դարձավ «անսեռ», ահա մի ձևակերպում ժամանակակից հայ կնոջ մասին, հայ գրականության մեջ առաջին անգամ է հնչում, սակայն չափազանց արդիական ու տիպիկ բնորոշում: Հազարավոր կանայք էմիգրացիայի և ամուսինների արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով դարձել են անսեռ:
Մարգարիտ Դերանցի ստեղծագործությունները թումանյանական ձևակերպամամբ աչքի պես պարզ են ու բարդ: Ամենապարզ ու անմիջական ձևակերպումների տակ մի ողջ գաղափարախոսություն կա: Յուրաքանչյուր ընթերցող ազատ է տողատակում գտնել իր կարծիքը, իր տեսակետը:
Կարճ, առօրյա պատկերները գեղարվեստական խորություն ունեն:

 

Ծանոթագրություն

 

[1] Նույն տեղում ՝ էջ 7:
[2] Մարգարիտ Դերանց Սեր և էմիգրացիա, Երևան, 2017, էջ 5:
[3] Նույն տեղում, էջ 9:
[4] Նույն տեղում, էջ 12:
[5] Նույն տեղում, էջ 49:
[6] Նույն տեղում, էջ 59:
[7] Նույն տեղում, էջ 6:
[8] Նույն տեղում, էջ 71

 

 

 

 

Ընթերցել նաև