Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Մարտինա Գյուլնազարյան․ «Մեր մաշկն արդեն ճաքապատ է»․ պոեզիա

 

Գրաֆիկներս հապճեպ են գծված,
Երազանքներս՝ ինչպես պատահի,
Օրվա մեջ ժամեր ավելացնելու,
Եղածից գլուխ չհանելու լաբիրինթոս…

Իմ երազները տարբեր են քոնից,
Երազումս վագրը լուսին է ուտում,
Իսկ լուսնի ճիչը հասնում է Մարսին…

Զամբյուղը սահում է տատի ձեռքից,
Անուշ խնձորներ են հոլաձև պտտվում…
Ոզնին անտարբեր անցնում է մոտից,
Երազիս ոզնին մրգեր չի ուտում։

Ծաղրածուի քթին մեղու է նստած.
Խայթել է ուզում, պահ է որսում,
Նույն պահին զատիկն է վերուվար անում,
Նրա ուզածը ուրախացնելն է,
Բայց ինչո՞ ւ նրան ոչ ոք չի տեսնում։

Մի ձեռք գույներով դույլը պատին է շփում,
«Նկարը գնահատվեց տասը հազար եվրո…»։
Շնիկն աղջկան տանում է ետևից,
Եվ հպարտ է, որ սիրված է ու կուշտ։

Գիրուկ տիկինը հյուր գնաց մտքով,
Միտքը հյուրասեր, ետ չի թողնում գալ.
Աղջիկը կավճով գիծ գծեց գետնին,
Բոլորը շրջանցեցին,
Կատվիկը հատեց միայն։

Ձյունոտ մեքենան հեռվից էր գալիս,
ԵՐԱԶ քաղաքի բնակիչները ձյուն չէին տեսել…
Ուրախ ճիչերով հպվեցին նրան։
Սեղանը հոգնել էր ուսանողական բեռից,
Ոտքերը տնկեց ու խոր քուն մտավ,
Քամին սիրահարվեց սիրուն պատանուն,
Նրա պատուհանին երգում էր կիսաձայն…
Թեյնիկը զայրացավ , թեյը թափեց ցած,
Պատանուն նա էլ էր սիրում խենթացած…

Եվ, իսկապես՝ իմ երազները տարբեր են քոնից…

 

*

Հոգիս է սառել՝ քո սառցակալած հեռուներից…
Իմ ափերը միշտ հարավում էին,
որտեղ կարիք չկար որջում պատսպարվելու։
Ավազահատիկի շիկացման հետևանքով, ոտքի այրվածքների հավանականություն…
Մայրամուտի բոսորը հրաժեշտ ու ավարտ չէր նշանակում։
Իսկ մահը վախից կուչ էր եկել հեռվում։
Մենք հագուստ չէինք կրում, մենք հավասար էինք բոլոր գազաններին։
Փորփրում էինք ծառի փչակը՝ ինչ֊որ հրաշքի ակնկալիքով ու վարձատրվում էինք։
Այլևս ձևանալու
անհրաժեշտություն չկար. ձևը հալվել էր հորիզոնում…
Մինչ ամպերը կուլ կտային արևը, փայտի մի կապուկ ձեռքիդ կգայիր։
Երեսիդ ճանկռվածքը լուռ կհամբուրեի. լեզուս կզգար արյանդ համը…
Փայտի ճարճատյունները թմրեցնում էին, միմյանց գրկած, միմյանց մեջ անէանում էինք։
Ինչ֊որ գազանիկի հեռու ձայնից արթնանում էիր դու,
ծածկում էիր մարմինս մեն մի կտորով, որն ամենատաքն էր.
Ես չէի տեսնում, զգում էի փշաքաղված մարմնիս քո հպումի ու ծածկոցի մազիկների ջերմությունը։
Մենք հարբում էինք ջրով,
սնվում իրարով։
Ամենաշքեղ կերակուրն էինք իրար համար։
Մենք երազ չէինք տեսնում, որովհետև կյանքն էր երազ֊հեքիաթ…

Հիմա սառել ես, հիմա չկաս։
Ես էլ հարավում չեմ։
Սառույցների մեջ փչում֊բորբոքում եմ լուցկու հզորությամբ կրակը,
որ վերաճի ինչ֊որ բանի անցած գնացած։
Հագել եմ մորթե վերարկու, բայց դողում եմ հիվանդ գազանիկի նման։
Ցուրտը ներսիցս է տարածվում դուրս, որովհետև տեղը նույնն է, նույն հարավը…

 

*

 

Մեր մաշկն արդեն ճաքապատ է,
Ինչպես հողը, որին չեն ջրել բնավ,
Իսկ հոգիներս կտավի պես մնաց,
Ծիածան֊գույներ ու թռիչք…

Մանկական երազներն հառնեցին կես ժամ,
Ու բեմը կանչեց, անզուսպ, անգութ…

Շատ ենք մաշվել այս արևի տակ,
Մենք պետք չենք ոչ մեկին, գեղեցիկ չենք։
Մեր աչքերը նախնական մնացին,
Որ ցավեցնեն հայելուն մանկության….

Մենք հազար կապով կապված ենք գետնին,
Ու մեծ մուրճով տափակեցնում են մեզ վերից,
Որ երազած թռիչքի չհասնենք հանկարծ։

Հոգիները ծերանալ չգիտեն,
Հոգիները կնճիռներ չունեն,
Հոգին ընդդեմ մարմնի,
Մարմինն ընդդեմ հոգու։
Հաղթում են խորշերը հին,
Երեսուն տարիներ,
Քանի մաշված կոշիկ ունես,
Քանի անգամ ես սիրել,
Իսկ լացե՞լ…
Հին ենք։

 

Ընթերցել նաև