Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Մարինա Սոլոյան․ «․․․Որ սիրեմ քաղաքդ»․ էսսե

 

Կանգառը լքել են: Աշնան երեկոները ամեն օր ավելի են նմանվում ձմռան երեկոներին: Փոշոտ մայթերին ուշագնաց լինող տերևներին բանի տեղ դնող չկա: Տերևների կյանքը միապաղաղ է, ներծծված մի քանի գույներով: Ծառն էլ գիտի, որ մերկանալուց խուսափել չի կարող, ներում է տերևներին, մի փոքր դժվարությամբ, բայց քամուն էլ: Կտառապի ողջ ձմռանը, հետո իրեն լիարժեք կզգա ձյունով ծածկված. ինչ-որ բան պետք է տերևներին փոխարիներ, թե ոչ: Քչերի տեղն է բաց մնում կյանքում ու չի լցվում ոչ մի բանով, ու ոչ մեկով չի փոխարինվում, բայց ծառերը հաղթահարում են: Գարնանը կդառնա ծառը ամբողջական, եթե,իհարկե, իրեն հողից չանջատեն: Ծղոտե նստարան եմ գտել մայթի անկյունում՝ անտեր մնացած: Լուռ նստել եմ՝ ծնոտս ափերիս մեջ առած: Դու կաս ու չկաս: Հողը շարժվում է ոտքերիս տակ, ես անդունդն եմ ընկնում, որը վերջ չունի: Փողոցի լապտերները զարթնել են, տերևները զարդարում են անշուք փողոցը, ինչ-որ մեկը ինձ նման կնստի, կմտածի իրենց մասին, հետո կմտածի էն մեկի մասին, որը հեռվում է միշտ ու միաժամանակ սարսափելի մոտիկ: Իրականում էս ծայրահեղության արանքում միայն տարածությունն է իր զզվելի ընկերոջ՝ ժամանակի հետ: Փողոցը լցված է քամու նուրբ սոսափյունով: Պաղ օդ, բայց ես իմ ողջ զգացմունքները փռել եմ աշնանային իրիկվա մեջ, կախել եմ շենքի չորրորդ հարկում ապրող տանտիրուհու լվացքի կողքին, քամուց սպրդում են, քսվում ծառի ճյուղերին ու օրորվում օդում: Չեմ սիրում քո քաղաքը, այն ինձ անընդհատ հիշեցնում է քո մասին:Եվ մենք արդեն ընտելացել ենք իրար սպասելուն, վերջապես եկել եմ, բայց էլի սպասում եմ քեզ, որ գաս, գրկես ինձ, փրկես՝ հատակ չունեցող անդունդը սահուն մխրճվելուց, խորանալուց, ես թռչել չեմ ուզում առանց քեզ: Ավելի եմ սեղմվում վերարկուիս մեջ, ինչ էլ սառը օդ է: Ես գիտեմ սիրել, գիտեմ քեզ սպասել, գիտեմ կարոտից լաց լինել ու կարմրած քթով շարունակել քայլել, բայց չգիտեմ բացակայությունդ ներել, տանել չեմ կարող: Իմ ուղեղը, սիրտը, մաշկը … Ոչ ոք սրանցից չի ըմբոստանում իմ դեմ, մենք քեզ սիրում ենք: Եվ վերջապես դու: Դու՝ կանգնած կիսամթության մեջ: Հոգիս վազում է քեզ մոտ, փարվում է քեզ ու հանգիստ հանգչում, իսկ ես… Ոտքերս դանդաղ, մանր քայլերով մոտենում են դեպի քեզ, ես հիմա ունեմ մի ճանապարհ, որն ամենաշատն եմ սիրում, որը դեպի քեզ մոտ բերողն է… Սիրում եմ քաղաքդ, երբ կողքիս ես:

 

 

 

 

Ընթերցել նաև