Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Մարինա Գևորգյան․ «Տատիս հեքիաթներով օրորվող մեր երազները հավատի ու լուսավոր օրերի մասին էին»․ զրույց

 

Ժամանակը պտտում եմ մի քանի տասնամյակ հետ ու մեր տան պատուհանից ներս եմ նայում․ ձմռան երեկո է, Գյումրվա ցրտին տան անկյունում ճարճատում է փայտե վառարանը, լամպի լույսը հազիվ լուսավորել է հյուրասենյակը։ Բազմոցին՝ վառարանի մոտ, նստած է ալեհեր տատս, գորգի վրա քույրս ենք ու ես։ Տատս մերթընդմերթ շուռումուռ է տալիս վառարանին շարած կարտոֆիլի շերտերը և սև հացի կտորները։ Մենք այնպես էինք սիրում այդ ամենը, հիմա կարոտով եմ հիշում այդ հացի ու կարտոֆիլի համը։ Հիմա տանը փայտի վառարան չունենք, այնպես եմ ափսոսում, որ իմ տղուկների համար չեմ կարող նույնը պատրաստել՝ վառարանի ծխահամով, տատիս ձեռքերի անուշ քնքշությամբ․․․
Ձեռքով մաքրում եմ հուզված շնչառությանս գոլորշին, որ ապակուց այն կողմ լավ տեսնեմ տատիս տխուր աչքերը․․․ Քույրս ուղղում է տիկնիկի մահճակալի դոշակն ու բարձը, խնամքով ծածկում տիկնիկին վերմակով, որ կարկատաններից կարել է տատս, ու խնդրում է, որ հեքիաթը շարունակի։ Ականջիս հասնում է տատիս բարակ ձայնը․ «Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա, — պատասխանում է տան տերը, — ամենաչնչին ապրուստն էլ մարդ կարող է ուրախ վայելել»։ Ժպտում եմ․․․ ամենալավ հեքիաթասաց տատս այնպես պատկերավոր էր պատմում, որ մենք տեսնում էինք և դերվիշին ու ծառաներին, և Քեֆչի Հասանին, անգամ լսում էինք նրա տանը հնչեղ դհոլ-զուռնայի ուրախ մեղեդիները։
Հետո տատս շարունակում է․ «Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է։ Բանը մարդու սիրտն է»։ Փոքրիկ աղջնակներ էինք, ուշադիր լսում էինք, հուզվում, զարմանում, հարցեր տալիս, շատ բանից անտեղյակ, անհոգ ապրում էինք մեր մոլորակում՝ տատիս տաք հայացքով պաշտպանված, նրա հեքիաթներով օրորվող մեր երազները հավատի, բարու հաղթանակի ու  լուսավոր օրերի մասին էին․․․
Մի սառը քամի պատուհանից ներս է լցվում ու հետ է բերում ինձ հեռուներից։ Նայում եմ պատուհանից, պարզ ամառային երկնքում լիալուսին է, մի փոքրիկ ամպի քուլա լողում է ու լողում, երկար հետևում եմ լուսնի և ամպի խաղին, ու խոստովանում եմ ինքս ինձ, որ սրտով ես միշտ այնտեղ եմ՝ մի քանի տասնամյակ հետ, Գյումրվա մեր տան աղոտ լուսավորված սենյակում, ուր անկյունում վառարանն է, բազմոցին նստած տատս վառարանին շարում է կարտոֆիլի ու հացի բարալիկ շերտեր, ու  փայտի ճարճատող տաքից հալվում է ցուրտը, օդը լցվում է տատիս իմաստուն խոսքերով՝ բանը մարդուս սիրտն է, բալա՜, ու քուլա-քուլա բարձրանում, առաստաղից  կախվում են հեքիաթների ու հացի անուշ բույրերը․․․

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև