Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Մայրանուշ Գրիգորյան․ «Հեքիաթն այն ամենն է, ինչ ունեմ այսօր»․ զրույց

 

Իմ երազանքների հեքիաթը, որոշ ժամանակ առաջ ձեռքս ընկավ․ «Աշխարհի իմաստուն հեքիաթները» գիրքը մի շնչով կարդացի, բայց ինձ համար Ղազարոս Աղայանի «Անահիտը» էլի մնաց ամենասիրելին, այն ամեն ինչի մասին է՝ սեր դեպի հայրենիքը, ընկերը, ծնողները, սիրած աղջիկը, գովք ընտրած մասնագիտությանը, փեշակին, որը փրկեց հերոսի կյանքը։ Ներկա է անդավաճան հավատարմությունը։ Առիթի դեպքում պատմում եմ, մեկ էլ հանկարծ մեծերից ինչ-որ մեկն արձագանքում է՝ «վա՜յ ես էս հեքիաթը չէի լսել, հրաշա՜լի է»։

Մեծագույն հեքիաթը իրականացավ երբ ուսանող էի Գեղարվեստաթատերականում․ 1-ին կուրս, հոկտեմբեր, Հայաստանի ազգային գրադարան, «Իլիականը» կարդալու հույսով (այդպես էլ կիսատ թողեցի այդ գիրքը), սիրահարվեցի Դավթիս՝ ապագա ամուսնուս (ժպտում է)։ Հեքիաթի շարունակությունը կյանքն էր՝ 3 քույրերս և 2 եղբայրներս բարձրագույն կրթություն ստացան, ծնվեցին երկու դուստրերը, տասներկու տարի հետո ստացա բնակարան, նկարահանվեցի «Ձորի Միրո», «Աշնան արև» ֆիլմերում։ 

Հեքիաթն այն ամենն է, ինչ ունեմ այսօր՝ աշխատում եմ Հանրային ռադիոյում, ռադիոբեմադրությունների եթերով եմ զբաղվում, հավատարիմ ընկերներ ունեմ, երեք չքնաղ թոռնիկներս՝ Մերին, Դավիթը, Նատալին հեքիաթների հեքիաթն են։ Թվում է, թե այս ամենը կենցաղ է, բայց սա կյանքի խտացումն է, ամբողջությունը՝ իր օրերի ու հիշողությունների գունապնակով։

Այժմ Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի նկարահանումների ավարտին եմ սպասում սրտատրոփ։

Թող երկնքից անպայման երեք խնձոր ընկնի, երեքն էլ մեր ազգին, որ շուտ հաղթահարենք ամեն դժվարություն, որ բաժին է հանում մեզ ճակատագիրը․․․

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև