Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Հրայր Խաչատրյան․ «Սև բլյուզ»․ պոեզիա

 

 

 

О, Всевышний, Ты захотел меня сотворить поэтом, и теперь время пришло мне представить отчет. Сердце мое полно благодарности, хоть я познал несчастья этой профессии.

Չեսլավ Միլոշ

 

 

Սալմա

 

 

Եթե լինեիր իսպանուհի,

քո աչքերը այդքան տխուր երևի թե չլինեին,

Որովհետև տաք արյունդ այնտեղ հասկացված կլիներ սիրուն կերպով,

Անխտիր կսիրեին քեզ բոլորը, առանց մեկնաբանության:

Եթե հանդիպեիր մի տղամարդու` թիկնեղ կազմվածքով, կամ

Քեզնով լցված մեկին,

Ով չէր իմանա,

ինչպես ասել ներսում կուտակվածը,

Բայց կկարողանար աչքերով շոշափել քեզ,

Ապա քաղաքը այդժամ ընդմիշտ կկորցներ իր Սալոմեին[1]:

Եթե դու ժպտում ես հիմա` կարդալով

Ականատեսի կամ գուշակողի գրածը,

Համարելով այն զառացանք,

գիշերվա մթին ուղեկցող,

Դա դեռ չի հերքում այն փաստը,

Որ ես չէի նշմարել ցավդ,

Մարդկանց տգիտությունից հեռու

Փակված քո մեջ,

Ինչպես հիվանդը հոգեբուժարանում:

Դու հպարտորեն լռում էիր`

Աշխարհին փորձելով ապացուցել, թե հաղթել ես անկարելին՝

Մենությունդ,

Ով իր փշերով մեկ անգամ չի փորձել ծածկել լուսավոր թևերդ,

Որոնք մի ժամանակ պատրաստ էին թռչել,

տանել իր հետ նրանց,

ովքեր իր նման երազներից կառչող,

հարբող,

խաբվող,,

կռվող,

կոտրվող, ու նորից կանգնող են,

ինչպես ժայռը` ցամաքի դեմքին:

Սակայն զգում եմ,

Որ ամենից զատ կուզեիր լինել պարտված`

Ինչ-որ Մեկի ամուր ձեռքերում հանգչող թիթեռի նման:

 

 

*

 

 

Ես սիրեցի քեզ քնքշորեն,

Բայց սիրտդ մետաղ էր ուզում,

Կոշտ ու արագ զարգացումներ` որովայնիդ երկայնքով,

Որպեսզի կորչեիր  ու տրվեիր լուսամուտից ժայթքող

Քամուն,

Ինչպես հեշտանքին հասած կինը` ամուսնու խաղերից հետո:

 

 

*

 

Միստերիա

 

 

Միզելուց մարդ արտասվում է։

Կանայք կռանում են՝ բացելով իրենց թաքցրածը,

Տղամարդիկ էլ հանում են իրենց գաղտնիքը, և երկուսով սկսում են արտասվել՝

մի հնչյուն բռնած:

 

 

*

 

 

Նայում էի,

թե ինչպես է ճանճը շոյում ապակու գլուխը,

նրա մանր ոտքերը լողում էին օվկիանոսում,

որտեղ ջուրը կաթիլներով է ու ալիքներ չունի:

 

 

*

 

Բլու Կաֆե

 

 

Կապույտ սրճարանում նստած հաճախորդի դեմքը շան մռութից չէր տարբերվում,

խառնված մազերը պատմում էին նրա տրամադրության կամ դրա բացակայության մասին և դատարկությանը կշիռ տալու համար`

սկսեց լցնել փորը էժանագին ելքերով:

 

 

*

 

Մոգական ռեալիզմ

 

 

Քաղաքը կլցնեմ քեզնով,

բոլոր անցուղիներում կպառկի քո հոտը,

գովազդի պաստառներում,

թրջված և չոր շենքերի անհաշտ կռվի մեջ,

բիստրոների տաք ուտեստների կողքով կվազի Օծանելիքը,

որ ցանել եմ իմ վրա:

 

 

*

 

ԻՆ-ՅԱՆ

 

 

Երկինքը, նարնջագույն և կապույտ հագած,

ներկել էր իրեն`

դեմքը կիսելով երկու մասի,

որտեղ խառնվում էր տաք ու սառը գույների պատմությունը։

 

 

*

 

Պատահար

 

 

Նստեցիր ոտքերիս առանց մտատծելու,

իսկ հիմա տաբատս ջրվում է քեզնով:

 

 

*

 

 

Տրակտատ

 

 

իմ խոսքը հասարակության աչքերից դուրս է,

խաբեություն,

նրա խոռոչները այդպիսի բան չեն տեսել և

դրա համար էլ հանգիստ ապրում են,

չեն տեսել իմ նման բվին,

որ գիշերը իր հայացքով լռությանը բարև է տալիս և լսում դատարկությունը,

ինչ գրում եմ հիմա քամի է,

որ ծառերի մազերն է քաշում,

բույսերի սանրվածքն է փոխում,

երկնքում ամպերն են բախվում  ու դառնում երկնային սֆինքս։

Լեզուս գտնվում է  կին կոչվող չարիքի հատակագծում,

բերանով չեմ շորթում նրան

ոչ էլ լիզում նրա ծայրերը,

բայց կախված գրիչս

հնարքներ է կատարում՝

գրելով նոր կամասուտրան,

ես միջակետեր եմ դնում նրա մեջ,

հետո …

հետո ստորակետ,

վերջակետին չեմ ուզում հասնել,

դրա համար դանդաղ են գրում:

 

 

*

 

Լունա

 

 

Դու մեր օրերի Սելենե[2] ,

Քո երկու մեծ աչքերը,

Որոնք ապրում են գլխիցդ ներքև,

Կուզեմ նրանց մեջ տաքացնեմ

Ոտքերիս արանքը պայծառացնող լույսին,

և երբ նա կմտնի ավազակի պես

քո փափուկ լեռների մեջ

կնմանվի վառարանում վառվող փայտի,

որի մեջ բոցերը, իրար ձեռք բռնած, ամուսնանում են:

 

 

*

 

 

Հրավիրեցիր թատրոն,

Ասեցիր երկու տոմս կա ‹‹տրամվայ ցանկությունից››[3]

(Գիտեիր ցանկությունս)

Ես համաձայնվեցի ու ժամադրվելու մասին քննարկում էլ չեղավ,

Ժամ չհարցրի քեզնից։

Իմ մտքով չափեցի քո տրամաբանությունը՝

Լռությանը տալով համաձայնության նշանը,

Եկավ օրը, բարին էլ հետը,

 Սունդուկյանի մոտ էի

Անձրևը, ես, տերևատափ ծառերը,

Դեղին ու կանաչ հագած ասֆալտը,

Սպասում էինք քեզ,

Զանգերս քեզ նմանվում էին դատարկ կաթսայի թխկթխկոցին,

Անպատասխան արձագանքը ավելի էր սևացնում երկինքն ու սիրտս,

Իսկ դեռ ներկայացումը  չսկսած՝

 ես ուրիշ պիեսի հանդիսատես եղա:

 

 

*

 

 

Լողանում էի լվանալով մտքերս օրվա բեռից,

Միգուցե մազերիս հետ էլ նրանք թափվեն,

Գնան իրենց ճամփով,

Ավել զանգված չլինելով գլխիս մեջ

Եկան նորերը,

Ավելի մեծ հողմեր,

Կայծակներ, գլուխս շանթահարող իրենց քմահաճույքի փեշից բռնած

Ես անկարող եմ շպրտել նրանց,

բազուկս չի հերիքում,

Իսկ հաշտություն կնքել

Նրանք համաձայն չեն:

 

 

*

 

Լեռներից նայում էի ջրերին և ինձ զգում որպես միջատ,

Նրա ալիքները, որոնք թևերի են նման,

Չունեն թռչունները

Նրա տրամադրությունը,

Հազար երես ունի,

բայց մենք սիրում ենք նրան։

 Նա առևանգել է  հրապուրելու փիլիսոփայությունը իր խորքերից,

Որոնք մարդկային աչքի պատմությունը չի կարող նշմարել,

լսում էի նրան, ինչպես որդին իր մորը,

ենթարկվում նրա խաղերին․

բոլորս ենք անում դա՝

միշտ ժպիտ հագած,

ուրախ ու տխուր:

 

 

*

 

Սև բլույզ

 

 

Բառերը խեղդում են կոկորդս, և ցավը սեղմում է պատերը նրա,

Բայց ես փսխում եմ իմ անցյալը տողերի մեջ, և նա դառնում է

Երաժշտություն,

բլյուզի հետքեր են դրանք,

Երգում են անկումները անցած.

Որոնք ինձ ակամայից դարձրին քար, և հիմա ջրի նման

Կաթկթում եմ՝ նախադասությունների դեմքին փռված:

 

 

 

 

Ծանոթագրություն

 

 

[1] Քրիստոնեական ավանդության համաձայն Սալոմեն Հերովդես թագավորի աղջիկն էր և խորհրդանշում է գայթակղող կնոջ պատկերը: Այս ավանդույթը հետագայում վերամշակելով Օսկար ՈՒայլդը գրեց համանուն պիեսը:

[2] Սելենե-ըստ հունական դիցաբանության լուսնի աստվածուհի, ով սիրահարվել էր հավերժական քնի մեջ ընկղմված Էնդիմիոնին:

[3] Խոսքը գնում է ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի ստեղծագործության մասին։

 

 

 

Ընթերցել նաև