Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Հուսիկ Արա․ «Ես հավատում եմ հեքիաթների իրական լինելուն»․ զրույց

 

Երբ փոքր էի և դժվարանում էի կարդալ, Գրիմ եղբայրների հեքիաթների գիրքն ամեն օր տանում է քեռուս աղջկան, որն ինձնից մեծ էր մի քանի տարով, և խնդրում հեքիաթ կարդալ ինձ համար: Հուզվում էի հերոսներին բաժին ընկած ճակատագրի ամեն դիպվածի համար: Քեռուս աղջիկը փարատում էր՝ ասելով, որ հեքիաթ է, իրական չէ: Իսկ ես հավատում էի, որ ամեն պատահար ու վճիռ իրական է:

Հիմա էլ եմ հավատում հեքիաթների իրական լինելուն և առիթի դեպքում կլանված լսում եմ նույն հուզմունքով ու տագնապով, ինչպես այն ժամանակ, երբ փոքր էի և դժվարանում էի կարդալ: Հեքիաթներն իսկապես իրական են, մարդիկ դրանք չեն հորինել, իրենց շուրջ տեսածն ու կյանքում կատարվածն են պատմել՝ բարի ցանկությամբ մատուցելով: Այդ երկուսը՝ իրականը և իրականանալիքը, կյանքը և ցանկալի ապրելու միտումն են ստիպել մարդուն կանգ չառնել, քայլել իր երկրային ուղին, որը հեռու հորիզոնում աղերսվում է երկնքի հետ: Սա է հեքիաթը և նրա անհրաժեշտությունը, որ իրականը դարձնում է հուսալի կայուն իրականություն:

Երբ մեծ էի և այլևս չէի դժվարանում կարդալ, տարտամ ու ծանրընթաց պահերիս մորս էի խնդրում, որ ինձ համար հեքիաթ պատմեր, քանի որ բոլոր հեքիաթներում հաղթում է բարին: Հիմա էլ եմ երբեմն ասում՝ մեկը լիներ հեքիաթ պատմեր ինձ, հատկապես երբ գիտտակցում եմ, որ իրականը իրականանալի չէ:

Միշտ հեքիաթ պատմող ունեցեք ձեր կողքին, եթե ուզում եք կյանքը կատարել, իրականության մեջ լինել:

Ամեն մեկս մի ուղեկից հեքիաթ ունի իր ընթացք ու ճանապարհին, որպեսզի կյանքը կատարվի: Հատկապես, երբ լողում ենք կյանքի մթամած ծովում, այդ հեքիաթը կրակն իրենից վեր պարզած Թամարն է, որպեսզի կարողանանք հասնել ափ և մեր թևերի մեջ զգալ խենթացնող իրականությունը: «Ախթամարը» չէ, իմ այդ հեքիաթը Թումանյանի «Փարվանան» է, երբ ասպետները ասպատակում են աշխարհի տարբեր ծայրեր՝ Սիրո հուրը բերելու չքնաղ արքայադստեր համար:

Մենք բոլորս մեր գիտակցական կյանքում գնում ենք այդ անմահական կրակը, սերը բերելու: Մեր կյանքը, ընթացքն այդ որոնումն է, փնտրտուքը: Եթե հեքիաթում կամ լեգենդում ասպետները չվերադարձան, գուցե դեռ փնտրո՞ւմ են… Եվ մենք աղոտ հույս ունենք, թե ո՞վ գիտի, գուցե մի օր վերադառնան:

Փոխարենը մենք ենք վերադառնում՝ Սիրո հուրը մեր ափերի մեջ: Ամեն լավ գործ մեր կյանքում և մարդու յուրաքանչյուր լուսավոր արարք հենց այդ կրակը, անկեզ սերը բերելն է, որի շնորհիվ կատարվում է կյանքը և իրականը դարձնում իրականություն: Իրենք են մեր և բոլոր ժամանակների հերոսները, որ իսկապես սիրում են մերձավորին և թույլ չեն տալիս իրենց կողքին ապրողն ընկճվի, հուսալքվի և հաճախ իրենց կյանքի գնով լուսավորում են նրանց ներսն ու դուրսը, որոնց սիրում են:

Քանի դեռ երեխա ենք, հավատանք հեքիաթների իրական լինելուն և հասունանալուց հետո էլ կարողանանք պահել մանկության այդ անստվեր հավատը, որ միշտ բարին է հաղթում: Մեկը լիներ ու միշտ հեքիաթ պատմեր ինձ, որպեսզի իրականությունից չկտրվեմ ու հանկարծ հայտնվեմ անիրականության մեջ, որտեղ առանց հեքիաթի երկրագունդը պարզապես կդադարի պտտվել, որովհետև կհաղթի չարը․․․

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

  

Ընթերցել նաև