Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հուշագրություն

«Հուշեր Կոմիտասի մասին»

Նկարը՝ Միքայել Հարությունյանի

 

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…
Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:
Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:
Անգամ մը ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:
Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսու ցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:
Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:
Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»:
Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա¯ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:
Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:
Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:

*

Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»

Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։
Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։

*

Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…

*

Ավետիք Իսահակյան․ «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը»

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

 

 

 

 

 

Ընթերցել նաև