Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Հովիկ Աֆյան․ «Իմ անունը հեքիաթ է»․ զրույց

 

Երբ ես փոքր էի, այնքան, որ կարդալ չգիտեի, չէի սիրում նույնիսկ իմ անունը: Նույնիսկ լացում էի ծնողներիս մոտ, որ փոխեն այն: Լինում էին օրեր, երբ ես գիշերները չէի քնում՝ պահանջելով հենց այդ պահից ինձ այլ կերպ անվանել: Հենց այդ ժամանակ էլ հայրս ինձ ծանոթացրեց Հանս Քրիստիան Անդերսենի հետ: Կարող էր, իհարկե, ավելի հեշտ ճանապարհ ընտրել ու Հովհաննես Թումանյանի հեքիաթները կարդալ, բայց ոչ. հայրս ավելի հեռատես էր: Նա ինձ բացատրեց, որ իմ անունը գերմաներեն Հանս է, ու այդ անունը Գերմանիայում կամ գերմանախոս երկրներում շատ տարածված ու սիրելի է: Բայց դա ինձ այլեւս չէր հետաքրքրում, որովհետեւ ես փոխեցի իմ պահանջն ու ամեն գիշեր պահանջում էի, որ նորից ու նորից ինձ համար կարդան Անդերսեն: Այդ ժամանակ ես չգիտեի, որ  «Լուցկիներով աղջիկը» տխուր պատմություն է ու իրականում հեքիաթ չէ, ու ես վստահ էի, որ այն ուրախ պատմություն է, որտեղ աղջիկն սկզբում մրսում էր, իսկ վերջում տաքացավ…Բայց իսկական ջերմությունը գալիս էր «Ձյունե թագուհու» հետ: Պետք է խոստովանեմ, որ ես ամենաշատն այս հեքիաթն եմ սիրում, որովհետև այն մի քանի հեքիաթ է՝ մեկում, քանի որ դա իմ իմացած ամենաերկար հեքիաթն է: Ճիշտ է, ես հիմա, երբ արդեն կարդալ գիտեմ ու մեծացել եմ, նոր եմ հասկանում, որ «Ձյունե թագուհին» ամենաշատն եմ սիրում, քանի որ ուզում եմ հեքիաթի ժամանակը հնարավորինս երկար լինի, իսկ այն ժամանակ ես պարզապես փակում էի աչքերս, որ մի մեծ քաղաքի օդում թռչող հայելու փշուրներն իմ աչքերը չլցվեն, որ Գերդան շուտ գտնի Կային, որ Կայը հիշի իրենց վարդերը ու շուտ հալչի սառույցը…Գուցե իմ մանկության տարիներն էին չափից դուրս ցուրտ, հնարավոր է պարզապես այս հեքիաթն է չափազանց ջերմացնող, չգիտեմ: Գիտեմ միայն, որ Ձյունե թագուհուն ծանոթանալուց հետո ես հասկացա, որ աշխարհում լիքը սրտեր կան, որոնք սառել են ու չկա մի սիրտ, որին պատած սառույցը հնարավոր չէ հալեցնել:

Հետո ես իմացա «Անագե տոկուն զինվորիկ»-ի, «Անճոռնի ճուտիկ»-ի մասին, մի քիչ նեղվեցի, որ փաստորեն կա Հանս, որը դմբո է, ապշեցի՝ կարդալով «Սիսեռահատիկի վրա քնած արքայադստեր պատմությունը», մի խոսքով՝ հագա երջանկություն բերող կոշիկները, որոնք մինչեւ հիմա չեմ հանել: Չեմ էլ պատրաստվում: Չնայած ասում են, որ հիմա հերոսները փոխվել են, եթե առաջ արքայազները ձիերով էին հասնում արքայադուստրերին, ապա հիմա ինչ-որ գերբնական, ավելի ճիշտ բարդ տեխնիկական-համակարգչային հնարավորություններով, եթե առաջ երեխաները փակում էին աչքերը, որ տեսնեին հեքիաթը, ապա հիմա բացում են, որ տեսնեն, թե ինչպես են էկրանավորվել դրանք, եթե առաջ հեքիաթը մտնում էր քո մեջ, ինչը երբ տեղի է ունենում, ապա հավերժ է, ապա հիմա դու ես մտնում նրա մեջ, ինչը երբ տեղի է ունենում, ժամանակավոր է, մինչև մեծանալդ:

Հիմա, երբ արդեն մեծացել եմ, ուզում եմ ասել մի շատ կարևոր բան: Շատ հեշտ է գտնել հեքիաթի ու իրականության տարբերությունը: Իրականությունն այն է, ինչի դիմաց աչքերդ փակում ես, իսկ հեքիաթն այն է, ինչը տեսնում ես աչքերդ փակ: Ու ամենակարևորը, հեքիաթը, ի տարբերություն իրականության, երբեք չի ավարտվում:

Ուրեմն՝ դուք հավատո՞ւմ եք, որ Կայը… այլեւս չի վերադառնալու…Իսկ երբ փակո՞ւմ եք աչքերը…

Հրաշալի է. հեքիաթն ուրեմն ձեր մեջ է: Երբեք չփշրեք այն:

 

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև