Հարցազրույց Հոգևոր զրույց Մշակույթ

Հերիքնազ Խաչիկյան․ «Հայաստանում ծնվող կուռմադդումների հեքիաթը»․ հարցազրույց

 

Եթե սիրում ես քո մոլորակը ու ներդաշնակ ես բնության հետ, ուրեմն մարդ ես` ԱՐարող մարդ, որը տեսնում և զգում է բնության բոլոր գույներն ու վերարտադրում իր ստեղծագործություններում:

Մի անգամ որոշեցի հեքիաթ գրել, չստացվեց, բայց հաջողվեց ստեղծել իմ իրական հեքիաթը, որը շատ վաղուց է ծնվել: Դա Հայաստանում ծնվող կուռմադդումների հեքիաթն է, որոնցից էլ ծնվեցին իմ դդմատիկնիկները և հեքիաթիս գլխավոր հերոսուհին՝ ՆազԷն:

Լռությունը ամենակարևոր ու նպաստավոր պայմանն է, որի դեպքում ես գտնում եմ իմ խաղաղությունն ու ստեղծագործում: Լռությունը սկիզբն է ԱՐարման:

Իմ աշխատանքները ոչ միայն բնությունից են ծնվում, այլև առօրյա երևույթներից, օրինակ ` ԱՐևի շողերից, անձրևից, անցյալից, ներկայից, ապագայից, գրքերից ու ֆիլմերից, և այստեղ գույնն ու բառը հյուսվելով ստեղծում են լույսը:

 

Իմ ամենասիրելի աշխատանքը իմ առաջին գրչատուփն է՝ պատրաստված կուռմադդմից, մոտավորապես 2011թ.-ին եմ ստեղծել:

Ես անչափ սիրում եմ իմ ծննդավայրը՝ Երվանդաշատ գյուղը՝ հայոց հնագույն մայրաքաղաքը, և անչափ տխրում ու լռում եմ երևանյան աղմուկներում, որտեղ փնտրում ու չեմ գտնում իմ գյուղի խաղաղությունը:

ԱՐվեստի աշխարհում դու հանդիպում ես Աստծուն, որը ստեղծել է երկիրը: Սովորելով մեծ ուսուցչից՝ ստեղծում ես քո մոլորակը՝ սնուցելով Աստծո սերը:

Իմ ամենասիրելի գիրքը «Փոքրիկ իշխանն» է, իսկ կարդացածս վերջին գիրքը՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»:

Յուրաքանչյուրս այս մոլորակ ենք եկել՝ ինչ-որ առաջադրանք կատարելու, ինչ-որ հետք թողնելու: Ամենակարևորը՝ պետք է աշխատենք, որ այդ հետքը լուսավոր լինի և օգտակար հաջորդ սերունդների համար: Ես սիրում եմ իմ մոլորակը…

 

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի 

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև