Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Նամակ

Հեղին Խաչատրյան․ «Բարև, հայրիկ»․ նամակ

 

Բարև հայրիկ, սուրճս էլի սառեց՝ մտքերով ընկա։ Վաղուց չենք զրուցել, խուսափում էի, գիտե՛մ։ Մի հանգցրու ծխախոտը, միևնույն է խեղդվելու ենք, չէ՛, ոչ ծխից՝ ներսում ճնշված հարցերից։ Այս րոպեների դատարկությունը արձագանքում է իմ գլխում շատ և շատ պատասխաններով, որոնցից ոչ մեկն իմը չեն, բայցև իմն են։

Ինչու՞ են մարդիկ աշխարհը բաժանում լավի ու վատի, ճշտի ու սխալի, այդ ի՞նչ հակամարտություն է, որ միշտ պետք է ապրի։ Երջանկությունը պետք է անպայման տրտնջալո՞վ վաստակես, ինչու՞… Ինչու՞։

Հիշու՞մ ես, հայրի՛կ, ասում էիր, որ ոչինչ չի կարելի կիսատ թողնել, բայց ախր դու որտեղի՞ց գիտեիր, որ կիսատն եմ սիրելու, անավարտը, հավերժը։ Հա՛ պապ, կիսատ կյանքն էլ է գեղեցիկ, կիսատ աղոթքը, միայն ցավն է, որ կիսատ չի լինում ու կիսել չի լինում։ Մենք բոլորս էլ մեր թուլությունների գերին ենք հայրիկ, ինքնակամ գերիների ամբոխ, ովքեր օրեցօր սպանում են իրենց հոգիները կարծրատիպերի ծանր բեռի տակ։

Հիշու՞մ ես, հայրիկ, ասում էիր, որ երբեք չայրվեմ սեփական կրակիս մեջ՝ մեկ ուրիշին ջերմացնելու համար։ Հողին կպած մարդիկ թույլ չեն տա ուրիշերին թռչել, որ այլոց ամուր թևերով հեքիաթներ հյուսեն՝ նրանց կյանքում մղձավանջ դառնալով։

Ասում էիր՝«Դավաճաններին թևեր չեն տրվում բալե՛ս: Մոխրանաս, անէանաս, այրվես, տրտնջաս, բայց չդավաճանես՝ կյանքդ, արժեքներդ, մարդկանց, սիրուդ,որովհետև ավելի լավ է մոխիրդ թռչի քամուն, քան մեռած դավաճան հոգիդ ուրիշի երկնքում»։ Ասում էիր՝ կան մարդիկ, որ հորդառատ անձրևի պես թափվում են գլխիդ ու հետո մի ամբողջ կյանք պետք կգա, որ չորանաս։ Չորանում եմ, հայրիկ․․․

Ասում էիր՝ սեր չկա… Բոլորս սեր ենք, պա՛պ:

Ասացիր՝ «անհեր էրեխեք»-ն անտեր են լինում, ու դու դա գիտես, որովհետև ինքդ «անհեր» ես մեծացել, բայց չասացիր, թե դա ինչ է հայրիկ: Հիմա կարոտս շիրիմիդ հասնող կիլոմետրերով եմ չափում, որոնք այնքան շատ են, որ տարին մեկ անգամ հազիվ եմ հասնում գերեզմանիդ: Հիմա անտեր չենք, հայրիկ, «անհեր» ենք…

Այդքան բան ասացիր պապ, բա ինչու՞ չասացիր, որ քեզ հետ շատ մարդիկ են գնալու մեր կյանքից՝ հենց այնպես, անպատճառ, որ ընկերդ, ում ծնկներին մանուկ ժամանակ բանաստեղծություն էի արտասանում, ինձ փողոցում կտեսնի ու  «չի ճանաչի», որ մի օր կմեղադրեմ ինձ այդ քաղաք վերադառնալ չցանկանալուս համար, որովհետև քեզնով է բուրում, որ մեջքս հավերժ բաց է մնալու ու մրսելու է քամիներից: Չասացիր, որ հեռախոսահամարներիս մեջ անունդ երբեք չեմ կարողանա փոխել, որ ամեն անգամ քո համարից զանգ եմ ստանալու, անունդ կարդալու ու սիրտս վառելու կորստի հրդեհներով: Չասացիր, որ շատ սերեր եմ ունենալու, բայց դրանցից ոչ մեկը սեր չի լինելու, որ վախերը պետք չէ խեղդել, այլ պետք է հաղթահարել, չասացիր, որ «անհեր էրեխեք»-ի աշխարհում ջուրն անգամ դառն է, իսկ միայնությունը՝ հպարտ: Չասացիր, թե ուժեղ քամիների ժամանակ ձեռքս ո՞վ պետք է բռնի: Բոլոր նրանք ում ձեռքերը դու էիր բռնել, բռունցք արեցին , երբ ինձ փոթորիկներ պատեցին, ու ես ձեռքերս պարզեցի երկինք: Այդ օրվանից հայացքս երկնքինն է, հոգիս՝ քամունը, սիրտս՝ աշխարհինը…

Այնքան բան չհասցրիր ասել հայրիկ, իսկ հիմա լռում ես… Գիտե՞ս, հայրիկ, իմ ամեն անքուն գիշերն արդարացված է: Ես այսօր չեմ քնում, որ վաղը վայելեմ երազս՝ հանուն արթնության, որ այդքան լավն է: Ես այսօր ներում եմ, որ վաղը ինքս ներվեմ: Ես այսօր ձեռք եմ մեկնում՝ հանուն դա անելու հավերժության, որովհետև այն օրը, երբ քո զարկերակը լռեց, ես կյանքի զարկերակը զգացի:

Ընթերցել նաև