Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Պոեզիա

Հանս Արնֆրիդ Ասթըլ. «Միայնակ»․ պոեզիա

 

Միայնակ

 

Սեղան գցելիս

ամեն անգամ

երեք ափսե եմ դնում,

իսկ երեկոյան հեռախոսով

ցածրաձայն եմ խոսում,

որ չարթնացնեմ որդուս:

 

*

 

Ո՞վ է սպանել

լույսը:

Երեքգույն մանուշակներ են

ծաղկում շիրմին:

 

 

*

 

Գաբրիել

 

 

Անժամանակ եկավ հրեշտակն իմ հետևից:

Ներս մտավ առանց թակելու,

դուով խոսեց ինձ հետ, կարծես

մենք միասին արածեցնում էինք մերուններին:

Հարցրի,

թե ում հետ պատիվ ունեմ,

բայց նա անբառ գրկեց ինձ

ու լաց եղավ դառնապես:

 

 

*

 

«Մահը դեպի լույս տանող դարպասն է»,-

գրված է դռան վրա

դիակիզարանի:

 

 

*

 

 

Արցունք թափեց

սխալ գերեզմանաթմբի մոտ:

Ամենաճիշտը տվյալ դեպքում

դատարկված աչքերն էին:

 

 

*

 

Ալիք

 

 

Ավելի գեղեցիկ,

քան կանաչը,

ավելի ուրախալի.

ալիքը ինքնին

մի ձեռք է,

որ ձգվում է ամենուր

հազարավոր մատներով:

 

 

*

 

Քամուն հակառակ՝

նավարկում է արևը

ամպերի միջով:

 

 

*

 

Ռապունցել

 

 

Գանգուրները

հրապուրում են ինձ:

Ցորենհասկ են

Դեմետրի հյուսերը

եռաշերտ:

Ջուրը աշտարակից

ցած է հոսում:

Մի հյուս էլ ճառագայթն է:

Այն մեզ դեպի վեր է ձգում:

 

 

*

 

Ռապունցելի մազերը

 

Դեմետրի հյուսերը

եռաշերտ հասկեր են

աշնանացան ցորենի:

 

Բարձր ջրվեժ,

Ռապունցել, փոքրիկ Ռապունցել,

մի հյուս էլ ճառագայթն է:

 

Աննկարագրելիորեն

ձգում են մեզ վեր: Կնոջական հրապույրով:

Ռապունցելի մազերը:

 

 

*

 

Կարմիր ու դեղին

երկու կախիչ,

անվանապես

պատրաստված

աղջիկների գիշերօթիկ դպրոցի համար,

 

դեռ կախված են այնտեղ՝

պահարանում,

բոլորովին անխռով,

միևնույն ժամանակ՝ օգտակար՝

կողք կողքի:

 

 

*

 

Հաշմանդամը գրում է

բանաստեղծություն:

Այն և՛ ձեռք ունի, և՛ ոտք:

 

 

*

 

 

Սիրային բանաստեղծություն՝

նվիրված Հիլդեգարդին

 

 

Ես սիրում եմ

օտար մարմինդ այնպես,

ինչպես իմը:

 

 

 

 

Թարգմանությունը գերմաներենից՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

Ընթերցել նաև