Հարցազրույց Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Հայաստանում կամավորների կողմից ստեղծվել է «Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցը»․ զրույց հիմնադիր Անահիտ Քեճեճյանի հետ

 

Հայաստանում կամավորների կողմից ստեղծվել է «Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցը։ «Երևանյան Էսքիզ»-ը զրուցել է նախագծի հիմնադրի՝ Անահիտ Քեճեճյանի հետ, որն ապրում է Չեխիայում։ Սահմանված սիմվոլիկ վարձավճարից գոյացած հասույթը կտրամադրվի վիրավոր զինվորների բուժմանը։

 

 

«Մհերի դուռ» սփյուռքի առցանց դպրոցի ստեղծման գաղափարը, նպատակը, տեսլականը, սիմվոլիկ վարձավճարը՝ վիրավոր զինվորների ընտանիքներին ուղղվող հասույթով․․․

 

— Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում միշտ նշվում է, որ Հայաստանն ունի սփյուռքի օգնության կարիքը, սակայն հազվադեպ է նշվում, որ սփյուռքն էլ ունի Հայաստանի կարիքը։ Հարցի այս կողմը շատ ավելի կարևոր է։

Աշխարհի հայերի մոտ 70 տոկոսն ապրում է Հայաստանից դուրս։ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի քիչ է իրեն հայ համարում, քան նախորդները, գնալով  փոքրանում են կապերը Հայաստանի հետ, քան ծնողներինն ու պապերինն էր։ Սփյուռքում ապրող շատ հայեր ասում են. «Այստեղ ապրելու միակ վատ կողմն  այն է, որ ես հայ եմ, երեխաս հայ է, բայց թոռս հայ չի լինելու»։

Այս հարցի միակ լուծումը լիարժեք հայկական կրթությունն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր երեխա, ոչ միայն իմանա գրել-կարդալ և խոսել հայերեն, այլև ծանոթ լինի Հայաստանին, նրա մշակույթին, պատմությանը, արժեքներին, հայ մեծերին, կրթվի ու մեծանա հայեցի ոգով։ Միայն այդ դեպքում հայրենիքը կկանչի նրան: Սփյուռքի հայ երեխան, հաճախելով օտարալեզու դպրոց և ուսումնասիրելով տվյալ երկրի պատմությունն ու մշակույթը, հասցնում է միայն շաբաթ օրերին հայոց լեզու սովորել և հայ երեխաների հետ շփվել, ինչը շատ քիչ է։

Ներկա ժամանակներում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դրությունն էլ ցույց տվեց, որ անցում ենք կատարում մի նոր համակարգի, որտեղ ամեն ինչ օնլայն է, նույնիսկ կրթությունը։

Սեպտեմբերին սկսված արցախյան պատերազմն էլ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունենք հայերի միավորման անհրաժեշտությունը, իսկ պարտությունը փաստեց այն, որ մեր միակ զենքը կրթությունն է։

Եվ այսպես առաջացավ սփյուռքի համար առցանց հայկական դպրոց ստեղծելու գաղափարը։ Մի խումբ կամավորներով հավաքվեցինք, սկսեցինք աշխատանքներն ու որոշեցինք, որ դպրոցը պետք է ունենա սիմվոլիկ վարձավճար, որ հասանելի լինի բոլոր երեխաներին, իսկ գոյացած հասույթը պետք է տրամադրվի պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։

 

Դասավանդվող առարկաները, աշակերտների տարիքային խմբերը․․․

 

Դպրոցը ստեղծված է երեք տարիքային խմբերի համար՝ 6-9, 10-14, 15+։ Դպրոցում տեսադասերի միջոցով դասավանդվում են տասը առարկաներ՝ տառուսուցում, հայոց լեզու և գրականություն, հայ արվեստի, եկեղեցու և ժողովրդի պատմություն, «Ճանաչիր Հայաստանը» դասընթաց, ինչպես նաև ազգային երգ, պար և նկարչություն։ Դասընթացները դուրս են դասական ակադեմիական ֆորմատից և հարմարեցված են ժամանակակից երեխաների պահանջներին։ Դասընթացների մեկամյա կուրսից հետո երեխաները ծանոթ կլինեն Հայաստանի պատմությանը, մշակութային արժեքներին, հայտնի հայերին, նրանց ստեղծագործություններին, հայկական երգ ու պարին։

Իսկ այդ ընթացքում մեր հարյուրավոր վիրավոր զինվորներ կկարողանան լիարժեք բուժում ստանալ։

 

Հետագա ծրագրերը․․․

 

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել դպրոցի գործունեության շրջանակը՝  նոր առարկաներ ավելացնել, ինչպես նաև ստեղծարար տեխնոլոգիական և ճանաչողական-ստեղծագործական ամառային դպրոցներ կազմակերպել Հայաստանում:

 

 

 

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև